Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆԻ ԴԱՍԱԽՈՍԸ ԾԵԾԵԼ Է ՈՒՍԱՆՈՂԻՆ

Նոյեմբեր 11,2010 00:00

\"\"Ծածկագրից օգտվելը երբեմն մարմնական վնասվածքների է հասցնում

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) նոյեմբերի 9-ին տհաճ միջադեպ է տեղի ունեցել՝ մաթեմատիկայի քննության ժամանակ արժեթղթերի շուկայի ամբիոնի դասախոս Սերգեյ Հովասափյանը ծեծել է միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Հայկ Ավետիսյանին: «Առավոտի» տեղեկություններով, պատճառն այն է եղել, որ քննության ժամանակ ուսանողը փորձել է օգտվել ծածկագրից, դասախոսն էլ նկատելով՝ դուրս է հրավիրել տղային: Ասում են՝ Հայկի դուրս գնալու պահին երիտասարդ դասախոսը հետեւից քացով խփել է ուսանողին, վերջինս էլ համապատասխան վարք է դրսեւորել: Արդյունքում՝ Հ. Ավետիսյանը, ըստ «Առավոտի» աղբյուրի, բռունցքի հարվածներ է ստացել դեմքին, այտուցվել է ճակատը, կապտուկներ են առաջացել աչքի տակ: Ըստ նույն աղբյուրի, երբ մյուս ուսանողները աղմուկ են բարձրացրել, ՀՊՏՀ շենք են եկել կարմիրբերետավորները: Բուհի ռեկտոր Յուրի Սուվարյանը այս միջադեպից անմիջապես հետո ռեկտորատի նիստ է հրավիրել, որտեղ որոշվել է Սերգեյ Հովասափյանին զրկել դասախոսական գործունեությունից: Ներկայումս ՀՊՏՀ արդեն նախկին դոցենտը միայն բուհի Կարիերայի կենտրոնի տնօրենն է:
«Առավոտը» այցելեց ՀՊՏՀ: Որոշ ուսանողների հետ զրույցներից պարզեցինք, որ միջադեպից բորբոքված են ու մեղադրում են դասախոսին՝ նման պահվածք ցուցաբերելու համար: Կատարվածի առիթով մեկնաբանություն խնդրեցինք նաեւ ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդան Սարգսյանից: «Ոչ հաճելի միջադեպ է մեր բուհի համար, բոլորս մտահոգ ենք»,- ասաց նա ու հավելեց, որ նոր քննական համակարգի են անցել, քննությունների ժամանակ մարդկային գործոնը նվազագույնի է հասցված՝ համակարգիչն է ստուգում, իսկ հերթապահ դասախոսները ընդամենը հսկում են, որպեսզի ուսանողները միմյանց չօգնեն: Պարոն Սարգսյանն ասում է, որ մինչեւ այժմ նման միջադեպեր չեն եղել իրենց բուհում, թեեւ մենք նրան հիշեցրինք մեկ-երկուսը, օրինակ՝ այն, որ 3 տարի առաջ Տնտեսագիտական համալսարանում դասավանդող Կառավարման ակադեմիայի ռեկտոր Հովհաննես Հարությունյանը մայր էր հայհոյել եւ ծեծել ազգությամբ հույն ուսանող Զելիկովին («Ռեկտորը հայհոյել ու ծեծել է ուսանողին», «Առավոտ», 05.07.07թ.):
Պրոռեկտորը պարզաբանեց, որ, ըստ կանոնակարգի, ուսանողին արգելվում է օգտվել ծածկագրերից, ինչի համար դասախոսն իրավունք ունի նրան դուրս հրավիրել եւ զրո նշանակել: «Սակայն այդպես չենք անում, առաջին կուրսեցիներին պետք է մեղմ վերաբերվել»,- ասում է նա: Վ. Սարգսյանի ասելով, Ս. Հովասափյանը մի քանի անգամ զգուշացրել է Հ. Ավետիսյանին չարտագրել, վերջին անգամ առաջարկել է ընդհատել քննությունն ու դուրս գալ լսարանից, պայմանով, որ նա կստանա այնքան միավոր, որքանի գրել է: Դրանից հետո, ըստ նրա, ուսանողն ու դասախոսը վեճի են բռնվել: Պրոռեկտորն ասում է՝ ինքն անձամբ վեճին ներկա չի եղել, չգիտի՝ ով է առաջինը սկսել, իսկ երբ հարցը քննարկվել է ռեկտորատի նիստում, լսել են ե՛ւ ուսանողի ու նրա ընկերների, ե՛ւ միջադեպին ականատես դասախոսների կարծիքները. «Ուսանողը մի բան է ասում՝ խփելու հետ կապված, Հովասափյանը՝ մեկ այլ: Հովասափյանի պատմելով, ինքը երբ ուսանողին առաջարկել է դուրս գալ, ուսանողը հարվածել է իր ոտքին, որից հետո է սկսվել այդ ամենը: Մյուս կողմից էլ վճարովի համակարգում սովորող Հայկի մասին դասավանդող դասախոսները հատուկ վատ կարծիք չեն հայտնել»: Վ. Սարգսյանի ասելով, Ս. Հովասափյանին էլ ուսանողները լավ են վերաբերվում, նա իրեն լավ է դրսեւորել կարիերայի տոնավաճառներ կազմակերպելիս. «Եթե դասախոսը ադմինիստրատիվ պաշտոն է վարում, նաեւ դասախոսում է, ինչպես, օրինակ, պրոեկտորները, դեկանները, դասախոսի հիմնական գործը բուհում դասախոս լինելն է, իսկ Հովասափյանն այլեւս չի դասախոսելու, ռեկտորի որոշմամբ նոր մասնագետ է հրավիրվելու»:
Մեր զրուցակիցը այն կարծիքին չէ, թե իրենց բուհում հաճախակի են նման միջադեպերը, ասում է՝ որտեղ երիտասարդների կուտակումներ կան, պետք է շատ զգույշ լինել, այդ է պատճառը, որ ինքն ու գործընկերները երբեք կաբինետներում նստած չեն մնում՝ անընդհատ շրջում են բուհի տարածքով, լինում քննասենյակներում: Անկախ ամեն ինչից, նա դասախոսի պահվածքը միանշանակ չի արդարացնում. «Դրա համար էլ պարոն Հովասափյանը իր պատիժը ստացել է»: Իսկ ո՞րն է պատճառը, որ դպրոցական նստարանից նոր վեր կացած, որոշակի «բագաժով» բուհ մտած եւ միասնական քննություն հանձնած ուսանողը հենց առաջին կուրսում արտագրում է: «Հետաքրքիր հարց եք տալիս, դա հուզում է ամբողջ կրթական համակարգին… Այդ երեխաների ծնողները ուսման վարձ են վճարում, ոչ քիչ գումար, իրենք պարտավոր են սովորել, մինչդեռ արտագրում են: Երեւի կգա մի պահ՝ կգիտակցեն, որ արտագրել չի կարելի…»,- հույս ունի պրոռեկտորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել