Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԿԱՏԱՐԵ՞Ն ՏՎԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

Դեկտեմբեր 01,2010 00:00

Մեկ տարի առաջ ՀՌԱՀ անդամ ընտրվելիս նրանք խոստանում էին, թե նպաստելու են բազմակարծությանը եւ առաջնորդվելու միայն օրենքով:

 \"\"
Կորյուն Առաքելյանը, Արամ Մելքոնյանը եւ Հայկ Քոթանյանը մեկ տարի առաջ՝ ԱԺ քննարկումների ընթացքում:

Դեկտեմբերի 16-ին ՀՌԱՀ անդամները բաց վարկանիշային քվեարկությամբ ընտրելու են թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնող արտոնագրատերերին: Այդ օրը պարզ կդառնա՝ «Ա1+»-ը կվերադառնա՞ հեռուստաեթեր, թե՞ եթերում կշարունակի մնալ մեծ-մեծ խոստումներ տվող, սակայն դրանք այդպես էլ չկատարող «Արմնյուզը»: Նաեւ պարզ կդառնա՝ հեռարձակման հնարավորություն կունենա ԱԼՄ-ն, թե՞ «Երեւանը»: Մնացած հեռուստաալիքների դեպքում չեն լինի անակնկալներ:

Մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ «Մինչեւ վարկանիշային քվեարկությունը հանձնաժողովի անդամները մրցութային հայտերի եւ կից փաստաթղթերի քննարկում չեն իրականացնում եւ չեն հրապարակում իրենց դիրքորոշումները դրանց վերաբերյալ»: Սակայն ՀՌԱՀ 8 անդամներից առնվազն կեսի դիրքորոշումը «Ա1+»-ի եւ եթերի բազմակարծության խնդիրների վերաբերյալ հայտնի է: Նրանք այն հրապարակել են անցած տարվա դեկտեմբերի 8-ին, երբ ԱԺ-ում անցկացվում էր ՀՌԱՀ անդամների ընտրությունը: Հիշեցնենք նրանց հնչեցրած որոշ խոստումներ:

Կորյուն Առաքելյանը հայտարարել էր. «Հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառի զարգացման լուրջ խոչընդոտ է այսօր հանձնաժողովին ներկայացվող լիցենզավորման փաթեթի անիրատեսությունն ու անկատարությունը ինչպես նախատեսվող ներդրումների մասով, այնպես էլ համապատասխան ծրագրերի իրականացման առումով»: Հավելել էր, թե ՀՌԱՀ-ը պետք է հետեւի, որ «հանձնաժողովին ներկայացվող փաթեթում ներդրումների իրատեսական ծավալը համապատասխանի տվյալ հեռուստաընկերության զարգացման ծրագրերին, եւ խիստ արժանահավատ լինեն ֆինանսական ներդումների նշված աղբյուրները, որոնք շատ դեպքերում մտացածին են եւ անիրատեսական»: Կորյուն Առաքելյանը նաեւ խոստացել էր. «Եթե դուք ինձ երաշխավորեք եւ վստահեք, որպեսզի ես աշխատեմ այդ հանձնաժողովում՝ իմ գործառույթներից մեկը եւ գլխավորներից մեկը պետք է լինի, որ հեռուստատեսությունը պահպանի բազմակարծությունը»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հարցին՝ եթե «ձեր օրակարգում հայտնվի «Ա1+» հեռուստատեսության հարցը, դուք ինչպե՞ս եք դիրքորոշվելու»՝ նա մասնավորապես պատասխանել էր. «Ես ընդհանրապես կողմ եմ հեռուստատեսության ազատությանը»: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը հիշեցրել էր, որ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշում, որը «Հայաստանի իմիջի համար կործանարար ձեւով չի կատարվում», եւ պրն Առաքելյանը խոստացել էր. «Դուք մի կասկածեք, որ ես անաչառ ձեւով անպայմանորեն կհետեւեմ, որպեսզի Եվրախորհրդի այդ հանձնարարությունը կատարվի»: Նշել էր, որ «Ա1+»-ի գործունեությունը միշտ եղել է իր տեսադաշտում. «Աշխատելու ենք ձեր ներկայությամբ, ձեր աչքի առջեւ եւ իրարից անկախ չենք աշխատելու։ Այն ժամանակ ձեզ տեսանելի կլինի իմ դիրքորոշումը, որը ես չեմ փոխել։ Եվ ես ազատ մամուլի, ազատ հեռուստատեսության, ազատ ռադիոյի, անկաշկանդ ռադիոյի կողմնակից եմ ընդհանրապես»:

Արամ Մելքոնյանը, որը հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնականն է եղել, դեռ նոյեմբերի 27-ին պատասխանելով ԱԺ կողմից առաջադրվող անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողովի նախագահի հարցին՝ «Ա1+»-ի վերաբերյալ, ասել էր. «Երեւի այնուամենայնիվ ճիշտ կլիներ՝ միգուցե մի քիչ սուբյեկտիվ գործոնների ազդեցության տակ, որպեսզի ակնհայտ օպոզիցիոն հեռուստաալիքը շարունակեր որոշ ժամանակ գործել»: Իսկ ԱԺ լիագումար նիստում խոսել էր հաղթող ճանաչելու որոշումը հիմնավորելու վերաբերյալ օրենքի պահանջի մասին. «ՄԻԵԴ-ի հետ մեր խնդիրները հենց այդ հարցով էին ծագել, որ հիմնավորում չէր տրվել։ Կարծում եմ, տնտեսագետից լավ (պրն Մելքոնյանը տնտեսագետ է.- Ա. Ի.) ոչ ոք չի կարող հանձնաժողովի անդամներին խորհուրդ տալ, կամ ինքը թեկուզ վերցնի իր վրա եւ այդ բլոկը ձեւակերպի, որ, գիտե՞ք ինչ, հաղթել է սա, սա, սա, որովհետեւ այս, այս, այս կետերն այսպես են կատարված, կամ մերժվել է, որովհետեւ ըստ օրենքի 50 հոդվածի, ֆինանսական հայտը կա՛մ կեղծ է, կա՛մ հիմնավորված չէ»:

Արմեն Մկրտչյանը պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հարցին, թե ինչ է պատրաստվում անել «Ա1+»-ի գործով որոշումը կյանքի կոչելու համար՝ ասել էր. «Դուք՝ օրենսդիրներդ, մեկ սխալն արդեն իսկ ուղղել եք, որպեսզի ինչպես պետք է պատասխանվի եւ այլն, եւ այլն։ Երկրորդն արդեն դուք անում եք՝ լիարժեք կյանք տալով հանձնաժողովին, հնարավորություն տալով, որ նա լիարժեք աշխատի եւ կարողանա նորմալ մրցույթներ անցկացնել, նորմալ չափորոշիչներով։ Իսկ կմասնակցի ա1-ը, բ1-ը, ով ուզում է լինի՝ որոշումները պետք է ընդունվեն միայն օրենքով։ Դա իմ անձնական կարծիքն է»:

ԱԺ կողմից ՀՌԱՀ անդամ ընտրված 4-րդ ներկայացուցիչը՝ Հայկ Քոթանյանը, խորհրդարանական քննարկման ժամանակ ասել էր. «Ինձ թվում է՝ հանձնաժողովը պետք է այնպես կազմակերպի իր աշխատանքները, որպեսզի կարողանա հեռուստառադիոընկերությունների հետ միասին նրանց աջակցի, օգնի՝ այն թերությունները, չեմ ուզում նշեմ, դուք բոլորդ… եթե ասեմ՝ թերություններ չկան, դա սուտ կլինի, այն բոլոր թերությունները, որոնք առկա են այսօր եթերում, որպեսզի կարողանա աշխատանք տանի վերացնելու համար»։

Հիշեցնենք՝ այս քննարկման ընթացքում արծարծվել էր այն հարցը, որ եթե ԱԺ կողմից ընտրված ՀՌԱՀ անդամները չկատարեն իրենց պարտավորությունները՝ կարող է առաջադրվել նրանց հետ կանչելու խնդիրը:

 

Հ. Գ. Վերջում եւս մի հիշեցում մեկ տարի առաջ տեղի ունեցած այդ քննարկումից: «Ժառանգություն» խմբակցության անունից ելույթում Ստյոպա Սաֆարյանը նշել էր, թե չի կարող մեծ ոգեւորություն արտահայտել ստացած պատասխանների կապակցությամբ. «Այո՛, թվայնացումը խնդիր է, այո՛, մաքուր հայերենը խնդիր է, այո՛, հասարակության կրթական ճաշակը եւ այլ կարեւոր բնութագրիչները բարձրացնող հաղորդումների անհրաժեշտությունն առկա է, բայց այսօր ՀՀ-ն ունի մեկ խոշորագույն չլուծված խնդիր։ Դա բազմակարծության խնդիրն է էլեկտրոնային լրատվամիջոցներում եւ տվյալ պարագայում՝ հեռուստատեսության ոլորտում։ Հետեւաբար, թիվ մեկ խնդիրը, եթե գտնում եք, որ որեւէ բան ցանկանում եք անել ՀՀ իմիջի, նաեւ ներքին ժողովրդավարացման առումով, ապա առաջին խնդիրը, որ պետք է դնի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի որեւէ անդամ՝ Հայաստանին դուրս բերելն է այդ ոչ ցանկալի գնահատականների եւ քննադատությունների տակից, որոնք բազմիցս արտահայտվել են միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպությունների ու կառույցների հրապարակած զեկույցներում եւ բանաձեւերում»։ Եվս մեկ անգամ ընդգծել էր. «Բոլորը հրաշալի գիտեն, որ Հայաստանը խոսքի ազատության առումով համարվում է մասամբ ազատ երկիր։ Եվ եթե դուք գտնում եք, որ մասամբ ազատ վիճակը միանգամայն նորմալ է ՀՀ-ի ապագայի համար, ապա խնդիր չկա։ Բայց տվյալ պարագայում ես կարծում եմ՝ ԱԺ-ի եւ նրա կողմից ընտրված 4 ներկայացուցիչների հիմնական առաքելությունը պետք է լինի երկիրը դուրս բերել այս իրավիճակից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031