Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ՝ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ

Հունվար 20,2011 00:00

\"\"Մինչդեռ կոալիցիայի ներկայացուցիչները ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ իրավական են համարել մարտի 1-ից հետո ձերբակալությունները:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ հանդիպել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանին, որը նախկինում գլխավորում էր «Մարտի 1»-ի իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը: Նա «Առավոտին» պատմեց պրն Համմարբերգի մի հարցադրման մասին. «Եթե հնարավոր չէր ձեր ձեռքի տակ եղած փաստաթղթերով եզրահանգումներ անել զոհերի մահվան հանգամանքների կապակցությամբ՝ հանձնաժողովը փորձե՞ց գտնել վկաներ, քանի որ ամեն դեպքում՝ այդ ամենը եղել է ոչ թե չգիտես որտեղ, այլ Երեւանի կենտրոնում, բազմահազար մարդկանց ներկայությամբ: Պատասխանեցի, թե ըստ էության՝ համաձայն եմ դրան, եւ հանձնաժողովն իր գործունեության ժամկետը երկարաձգեց հենց այդ ակնկալիքով եւ հենց այդ հիմնավորմամբ: Հրավիրեցինք, որ եթե կա որեւէ ականատես՝ կարող է գալ ու ներկայացնել իր տեսակետները, թեկուզ ոչ հանձնաժողովի նիստում կամ հանձնաժողովի անդամների հետ առանձնազրույցում, այլ իր վստահելի մարդկանց միջոցով կամ գաղտնի գրությամբ: Ցավոք, ոչ ոք չարձագանքեց: Եվ ոչ միայն մեր ձեռքի տակ եղած փաստերով, այլ նաեւ փաստահավաք խմբի զեկույցներից հետո, իմ կարծիքով, հստակ հնարավոր չէր անել որոշակի, հստակ եզրակացություններ»:
Մարտի 1-2-ի դեպքերին հետեւած զարգացումներին անդրադարձ է եղել նաեւ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Եվ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, ըստ ԱԺ հաղորդագրության՝ իրավական ու օրենքներից բխող է գնահատել թե մարտյան իրադարձություններին հետեւած ձերբակալությունները եւ թե ձերբակալվածների զգալի մասին ազատ արձակելը՝ համաներման եւ օրենսդրական այլ գործիքների միջոցով: Մեր զրույցի ընթացքում պրն Զաքարյանը սա այսպես մանրամասնեց. «Մարտի 1-ի իրադարձությունները որոշ մարդկանց համար առաջացրին օրենքից բխող քրեական պատասխանատվություն՝ եւ մասնակիցների, եւ բոլոր այն մարդկանց համար, որոնք կազմակերպել էին: Այստեղ քաղաքական որեւէ բան չկար, այլ օրենքի առջեւ պատասխանատվության արդյունք էին եւ ձերբակալությունները, եւ քրեական պատասխանատվության ենթարկելը, եւ նաեւ հետագայում համաներման՝ օրենքի կիրառման միջոցով, որոշ մասին ազատ արձակելը: Այսինքն՝ դա ոչ թե ընդդիմության ճնշման արդյունքում էր, այլ օրենքով: Ամեն ինչ օրենքով, իրավական հարթության մեջ է արվել՝ այս է եղել իմ ասածը»:
Մինչդեռ ԱԺ ընդդիմադիրները պրն Համմարբերգի հետ հանդիպումների ընթացքում կարեւորել են այս կապակցությամբ հենց քաղաքական որոշումը:
Բայց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իրենց հանդիպման մասին նախ պատմեց, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին հիշեցրել են, թե «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ իրենց խմբակցությունն ունեցել է հատուկ կարծիք՝ այդ թվում, զոհված անձանց մահվան հանգամանքների բացահայտման մասին. «Նա ողջունեց մեր մոտեցումները: Թոմաս Համմարբերգը նաեւ ողջունեց մեր մոտեցումն այն հարցում, որ թեեւ «Քրեական օրենսգիրքը» որոշակիորեն ապաքաղաքականացրեց, սակայն քաղաքական լուծում էր պետք տալ՝ մարտի 1-2-ի դեպքերից հետո առաջացած լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, եւ որ մենք պնդում էինք, թե պետք է իրականացվեր ամբողջական համաներում, այլ ոչ թե մասնակի: Այդ մասնակի համաներման հետեւանքով տեղի չունեցավ լարվածության որեւէ էական թուլացում: Մինչդեռ եթե քաղաքական լուծում էր պետք, ապա այն ամբողջական համաներում կիրառելն էր»: Ճշտեցինք՝ այս բոլոր գնահատականներն ասվել են միայն անցյա՞լ ժամանակով, թե՞ ՀՅԴ-ն այժմ էլ է կարեւորում ամբողջական համաներումը: «Նաեւ հիմա կարող է կիրառվել՝ լրացում կատարելով նույն որոշման մեջ»,- կարծիք հայտնեց Արծվիկ Մինասյանը: Հարցին էլ, թե ինչպես արձագանքեց համաներման առաջարկին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ պատասխանեց. «Որեւէ հաստատում, համաձայնություն կամ ժխտում չի եղել իր կողմից: Ուղղակի ցանկություն հայտնեց, որ մեր առաջարկությունները՝ կապված «Ընտրական օրենսգրքի» եւ հավաքների մասին օրենքի, նաեւ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ, ՀՅԴ հատուկ կարծիքը փոխանցենք իր գրասենյակին, ինչը եւ արեցինք»:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իրենց հանդիպման մասին պատմեց. «Թոմաս Համմարբերգին ասացի, որ մարտի 1-ից հետո բանտախցում մնացածների վիճակը շատ վատ է՝ այս կապակցությամբ խոսեցի մասնավորապես Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի իրավունքների ոտնահարման, նրա նկատմամբ հարձակման եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկին առնչվող փաստերի մասին»: Քաղաքական դրդապատճառներով դեռեւս բանտում գտնվող անձանց մասին, ըստ տիկին Փոստանջյանի՝ պրն Համմարբերգն ասել է. «Նրանք պետք է ներման դիմում գրեն, եւ դա կարող է հիմք հանդիսանալ նրանց ազատ արձակելու: Սակայն քանի որ այդ մարդիկ ներման դիմում չեն պատրաստվում գրել, հարցը, փաստորեն, մտել է փակուղի: Իսկ ես եւ Արմեն Մարտիրոսյանն ասացինք, որ հարցը բնավ փակուղային չէ՝ լուծումը կարելի է իրականացնել մեկ ժամվա ընթացքում, եթե ՀՀ նախագահը հանդես գա համաներման առաջարկով եւ ներկայացնի ԱԺ-ին: Նշեցինք, որ այս միջոցով ազատ կարձակվեն այդ բոլոր մարդիկ եւ շատ ուրիշները, քանի որ պայմանական վաղաժամկետ ազատումը դժվարությամբ է իրականացվում, ու ՔԿՀ-ները լեցուն են բանտարկյալներով: Թոմաս Համմարբերգի արձագանքը դրական էր. հարցրեց, թե հնարավո՞ր է, որ ԱԺ-ն ընդունի նման որոշում, եթե ՀՀ նախագահը հանդես գա նման առաջարկով: Պատասխանեցինք, թե՝ իհարկե հնարավոր է, քանի որ քաղաքական մեծամասնությունը ՀՀ նախագահի կուսակցությունից է»:
Զարուհի Փոստանջյանը պատմեց, թե հանդիպման ժամանակ արծարծել են նաեւ հետեւյալ հարցը. «Մենք խոսել ենք, որ Եվրոպայի խորհրդի մարմիններից ակնկալում ենք համարժեք արձագանք բոլոր այն իրողություններին, որոնք տեղի են ունեցել Հայաստանում: Մենք գնահատում ենք, որ ԵԽ մարմինները ՀՀ իշխանությունների նկատմամբ մինչ այսօր կիրառել են երկակի չափանիշներ»:

Հ. Գ. Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հանդիպման ընթացքում, ըստ ԱՆ հաղորդագրության, տեղեկացրել է Թոմաս Համմարբերգին, որ մարտիմեկյան իրադարձությունները եւ դրանց հաջորդած գործընթացները պարզորոշ ցուցադրեցին այն բոլոր խութերը, որոնք կան դատական, ոստիկանական համակարգում, ուստի «Հենց նախարարի խնդիրն է՝ գտնել եւ վերացնել դրանք ծնող օրենսդրական պատճառները»: Իսկ Զարուհի Փոստանջյանը պրն Համմարբերգին ասել է. «Եթե հեռուստաընկերություններով ապահովված չլինի բազմակարծություն, ապա հաջորդ ընտրությունները «Մարտի 1»-ից ավելի ծանր հետեւանքների կարող են հանգեցնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել