Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը ձիու միս չեն ուտում

Հունվար 28,2011 00:00

Բայց հնարավոր է, որ վաճառած լինեն

Հունվարի 21-ին ոստիկանության Վանաձորի բաժինը հաղորդագրություն է տարածել, որ «38-ամյա Արմեն Ն.-ն Լոռու մարզի տարբեր գյուղերից 2010թ. նոյեմբերի վերջին, մինչեւ դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում գնել է 15 ձի, մորթել ու տավարի մսի փոխարեն Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ փողոցում 1կգ-ն 1500-2000 դրամով վաճառել է տարբեր անձանց: Պարզվել է, որ Արմեն Ն.-ն, մի քանի անգամ 1 կգ-ն 1500 դրամով ձիու միսը վաճառել է Վանաձորի կենտրոնական շուկայի մսավաճառներից մեկին, որն էլ իր հերթին 1 կգ-ն 1500-2500 դրամով վաճառել է քաղաքացիներին: Կատարվում է հետաքննություն»:

Որ շուկայի տարածքում ձիու միս է վաճառվել եւ ոստիկանության ծառայողներն այն հայտնաբերել եւ հաղորդագրություն են տարածել՝ «Վանաձորի շուկա» ՍՊԸ տնօրինությունը տեղեկացել է ԶԼՄ-ներից: Երեկ նույն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շուկայի տնօրինությունը հերքեց տեղեկությունը, որ շուկայի պարիսպներից ներս նախատոնական օրերին ընդհանրապես ձիու միս վաճառված լինի. «Բացառվում է, որ շուկայի տարածքում առանց փորձաքննության միս վաճառվի: Միս վաճառելու համար «Սեկարդ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված համապատասխան կտրոն պետք է լինի, որ կարող եք պահանջել վաճառողից»,- ասում է «Վանաձորի շուկա» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Շահինյանը եւ հավելում, որ շուկայում ձիու միս վաճառելը թույլատրելի է եւ քրեորեն պատժելի չէ, այս դեպքում կարող է վարչական պատասխանատվություն առաջացնել: Նույնն է ասում նաեւ Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Համլետ Վիրաբյանը. «Ինչքան էլ փորձառու լինի մասնագետը, նույնիսկ նա անզեն աչքով չի կարող տարբերել, դա կախված է կենդանու տարիքից, կերից, տեսակից՝ անպայման ստուգում է անհրաժեշտ, որ պարզվի»: Համլետ Վիրաբյանը չի հերքում, որ քաղաքում ձիու միս վաճառած լինեն, սակայն Հայաստանում ձիու միս ուտելն ընդունված չէ:

Շուկայի տնօրինությունը սպասում է հետաքննության արդյունքներին, թեեւ վստահ է, որ վաճառված ձիու միսը շուկայի սահմաններից դուրս է եղել: Բայց հայտնի է, որ նախատոնական օրերին շուկան դուրս էր եկել իր սահմաններից: Տնօրինությունը հավաստիացնում է, որ իրենց պարիսպներից դուրս պատասխանատու չեն: «Տարբերություն չկա, թե ինչ միս է, ձիու միս լիներ՝ դրան համապատասխան կտրոն կտրամադրեինք»,- ասում է «Սեկարդ» ՍՊԸ-ի անասնաբուժական փորձագետ Քնարիկ Ալեքսանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել