Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՕՐԵՆՆԵՐՆ ԻՐԱՐ ԵՆ ԽԱՌՆՎԵԼ

Հունվար 28,2011 00:00

Կամ՝ ինչպես դիմակայել «դխկոցին»

Փետրվարի 15-16-ից կմեկնարկեն դպրոցների տնօրենների քննությունները:

ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 5-ն է, որից հետո կհստակեցվի քննությունների ժամանակացույցը: Քննությունները անց են կացվելու 25 հոգանոց խմբերով եւ տեւելու են մի քանի օր: ԿԳՆ անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանն էլ հայտնեց, որ երեկ, ժամը 14-ի դրությամբ, 460 վերապատրաստված քաղաքացիներից դիմել է ընդամենը 200-ը: Նրա խոսքով, չի բացառվում, որ վերջին օրերին հոսքն ավելի մեծանա. «Գոնե 450-ը հաստատ կուզենա մասնակցել քննություններին, ուղղակի հայկական բնավորությամբ երեւի շատերը վերջին պահին կդիմեն»:

Մեր տեղեկություններով, արդեն աժիոտաժ է սկսվել, որոշ տնօրեններ՝ հատկապես խախուտ «աթոռներով», ծանոթներ են փնտրում քաղաքապետարանում եւ ԿԳ նախարարությունում՝ քննություններում չտապալվելու համար, մանավանդ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «դխկոց» էր խոստացել իրենց չարդարացրած եւ խախտումներ թույլ տվող տնօրենների համար:

Վերջին ասուլիսում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ հայտարարել էր՝ անկախ նրանից, թե տվյալ դպրոցը ում ենթակայության տակ կլինի, քաղաքապետի հետ պայմանավորվել են՝ իմ ու քո չանել. «Մեկ անգամ հանդիպել եմ քաղաքապետի հետ, մի քանի անգամ էլ քննարկել ենք հանրակրթության ոլորտի խնդիրները: Իմ եւ քաղաքապետի մոտեցումները նույնական են: Դեռ անցյալ տարի ես նաեւ քաղաքապետարանում դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ մենք կանգ չենք առնելու կադրային փոփոխությունների առջեւ… Նախարարությունը՝ քաղաքապետի, մարզպետարանների հետ միասին եւ ձեր օգնությամբ, կապահովի տնօրենների օբյեկտիվ քննություն, եթե այնքան շատ կլինեն տնօրենները, որ «դխկոց» կլինի, ուրեմն թող լինի «դխկոց»: Նշենք, որ տնօրենները ստիպված են սերտել 800 հարցից բաղկացած հարցաշարը: Քննությունները կլինեն թեստային եւ բանավոր եղանակով: Նախորդ ասուլիսում նախարարը նաեւ ժպիտով պատմում էր, որ զանազան միջոցառումների ժամանակ իրեն են մոտենում տնօրեններ ու դժգոհում, թե քննական հարցերը դժվար են ու մեծաթիվ, ինքն էլ նրանց պատասխանում է. «Բա մեր երեխեքի ջանը քա՞ր է, տարիներ շարունակ մենք իրենց դեմ ենք տալիս հարցաշարեր, պարապելու նորանոր նյութեր, պատասխանները երբեմն չենք տալիս… իսկ էստեղ ընդամենը 800 հարց է»:

Ա. Աշոտյանը քանիցս ասել է, որ իր մոտ ոչ մի միջնորդություն չի անցնելու, եւ համապատասխան մասնագիտական կարողություններ չդրսեւորելու դեպքում՝ անգամ «անուն հանած» տնօրենները «կկտրվեն» քննություններից: Թե ինչքանով դրանք կլինեն իսկապես օբյեկտիվ, կերեւա առաջիկայում, որովհետեւ մի փոքրիկ «տեխնիկական» խնդիր է ծագում՝ իսկ ինչպե՞ս են «կտրելու» այն ծառայամիտ տնօրեններին, որոնք ընտրությունների ժամանակ «օգտագործվում» են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել