Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզում երկգլխանի հորթուկ է ծնվել

Հունվար 28,2011 00:00

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչներ Հակոբ եւ Ալինա Ավետիսյանների անասնագոմում երկգլխանի հորթուկ է ծնվել: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 25-ին: Ըստ ամուսինների, հորթուկը ծնվել է դժվարությամբ, նրանք անձամբ են «ազատել» կովին: Երկգլխանի հորթուկը կերակրվում է օրը 3 անգամ, սակայն կերակրողը մայրը չէ, այլ ամուսինները: Տեղի անասնաբույժներն ասում են, որ եթե հորթուկը մի քանի օր ապրի, ապա հետագայում նրա համար ավելի հեշտ կլինի: Գյուղի անասնաբույժը ուշագրավ է համարել հորթուկի էգ լինելը՝ այն իմաստով, որ հորթուկը ցուցաբերում է արուին բնորոշ հատկություններ: Գյուղացիներն ապշած են՝ նրանք առաջին անգամ են այսպիսի բան տեսնում: «Նման բան տեսել ենք միայն ֆիլմերում»,- ասում են գյուղացիները: Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Յավրույանը երեւույթը համարում է անոմալ եւ բացատրում ոչ միայն էկոլոգիական մթնոլորտի աղտոտվածությամբ, այլեւ սթրեսներով: «Երեւույթն արտառոց է, բայց այնպիսին չէ, որ համարվի սենսացիոն»,- ասել է կենսաբանը: Նա նշել է, որ կենդանաբանական նման անոմալիաներ գրանցվել են Հայաստանի տարբեր հատվածներում, մասնավորապես այն վայրերում, որտեղ ինչ-որ ստորգետնյա կամ մթնոլորտային երեւույթներ են տեղի ունեցել: Երկգլխանի հորթուկի ծննդյան փաստը նա էկոլոգիական աղտոտումների հետ չի կապում, այլ ավելի շուտ՝ կովի ապրած սթրեսի: «Ես համոզված եմ, որ այդ կովը, որ երկգլխանի հորթ է ծնել, առաջնածին է: Փորձառու կովիկների մոտ այդպիսի ծնունդ չի լինում: Կարող է նրան հղիության շրջանում քիմիկատներով սնունդ են տվել, կամ այդ շրջանում ինչ-որ մեկը ուժեղ հարվածել է կենդանուն, հնարավոր է՝ կովը սթրես է ապրել»,- կատարվածի հնարավոր պատճառը պարզաբանեց Յուրի Յավրույանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Սոթքում են գտնվում Հայաստանի ոսկու հանքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել