Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻԱՆԱՆ՝ ՀԱՅՈՒՀԻ՞

Մարտ 03,2011 00:00

Հայկական խառնվածքը սպանել է

Անցնում են տարիները, սակայն արքայադուստր Դիանայի մահվան պատճառների մասին նորանոր վարկածներ են ծնվում: Հիշեցնենք, որ առաջիններից մեկը այն «Մերսեդեսի» վարորդի հարբածությունն էր, որով արքայադուստրը իր սիրեկանի՝ եգիպտացի միլիարդատեր Դոդի Ալ Ֆեյեդի հետ փորձում էր փախուստ տալ անամոթ հետապնդումներից: Հաջորդ վարկածը վերաբերում էր Անգլիայի թագավորական պալատին, որտեղ կնքվել էր գաղտնի համաձայնագիր՝ կյանքից հեռացնելու աշխարհի ամենահին թագավորական ընտանիքը վարկաբեկողին: Սակայն գործնականում նրա մահվան մասին խոսողներից եւ գրողներից ոչ ոք չի ասել գլխավոր մի պատճառի մասին. միայն հայկական խառնվածքն է սպանել Լեդի Դիին: Այսպիսի եզրակացության կարելի է գալ՝ ծանոթանալով ամերիկահայ պրոֆեսոր Լեւոն Թոփազյանի ուսումնասիրություններին, որով նա հայտնաբերել է արքայադուստր Դիանայի՝ մոր կողմից հայուհի լինելը: Կազմելով Դիանա Սպենսերի տոհմածառը, պրոֆեսոր Թոփազյանը պարզել է, որ արքայադստեր մայրական կողմի նախապապը՝ Թեոդոր Ֆորբսը, ամուսնացած է եղել Հնդկաստանից մի հայուհու հետ, որին կոչում էին Էլիզա (Եղիսաբեթ) Ֆորբեզյան: Ունենալով 1/64 մասով հայկական արյուն, ըստ պրոֆեսորի, Դիանան իր խառնվածքով եւ բնավորությամբ տիպիկ հայուհի էր: Ազգագրագետ գիտնականներն ուսումնասիրելով մարդկանց հոգեբանական տեսակների կախվածությունը նրանց ազգային ծագումնաբանությունից, շատ վաղուց եկել են այն եզրակացության, որ բոլոր հնդեվրոպացիներին պայմանականորեն կարելի է բաժանել «հյուսիսեվրոպական» եւ «մերձավորարեւելյան» տիպերի ներկայացուցիչների: «Հյուսիսեվրոպացիներին» պատկանում են անգլիացիները, գերմանացիները, սկանդինավցիները, մասամբ՝ սլավոնները: «Մերձավորարեւելյան» տեսակներից են, համապատասխանաբար, իտալացիները, թուրքերը, կովկասցիները, պարսիկները, հույները, գնչուները եւ ուրիշներ: «Հյուսիսեվրոպական» եւ «մերձարեւելյան» մարդկանց միջեւ խառնվածքների տարբերության պատճառով սովորաբար ծագում են հոգեբանական տարաձայնություններ, որոնք ծնվում են վարքի տարբեր ստերեոտիպերի բախումից: Հետազոտելով հոգեբանական տարբեր տիպերի մարդկանց վարքը տրանսպորտում, հնագետները նկատել են, որ «հյուսիսեվրոպացին», մտնելով էլեկտրագնացք, կփնտրի ամենադատարկ վագոնը, իսկ վագոնում՝ ամենադատարկ նստարանը: Գրավելով իր տեղը, ցանկացած ուղեւորի՝ իր կողքին նստելու մտադրությունը (ազատ տեղերի առկայության դեպքում) նա դիտարկում է որպես իր անձնական անկախությունը ոտնահարելու ցանկություն: Ուղեւորվելով հեռավոր ճանապարհորդության, «հյուսիսեվրոպացին» կարող է գնալ հազարավոր կիլոմետրեր եւ այդպես էլ չծանոթանալ իր խցիկի հարեւանների հետ: Իսկ «մերձավորարեւելցու» համար բնորոշ է վարքի հակառակ դրսեւորումը: Հայտնի է, որ «հյուսիսեվրոպացիները» բնազդորեն զրուցակցից հեռանում են, երբ վերջինս ուզում է նրանց մոտենալ 70 սմ-ից ավելի (բացառությամբ այն դեպքերի, երբ սիրահարները եւ մտերիմները պատրաստվում են իրար հաղորդել վստահելի տեղեկություններ): Մինչդեռ «մերձավորարեւելցիների» համար այդ տարածությունը լինում է ավելի քիչ՝ 30-35 սմ-ի: Այսպիսով, այն, ինչ հայի կամ պարսիկի համար կարող է լինել պարզապես ընկերական զրույց, «հյուսիսեվրոպացին» դա կընդունի որպես իր անձնական կյանքի մեջ մխրճվելու ոտնձգություն:
Արքայադուստր Դիանան «մերձավորարեւելյան» իր խառնվածքով անգլիական թագավորական ընտանիքում ընկալվում էր որպես օտարածին, չափազանց անզուսպ եւ ագրեսիվ: Հայտնի է, որ ամուսնության 15 տարիների ընթացքում Դիանան հինգ անգամ փորձել է ինքնասպանություն գործել, մի քանի անգամ ընկել է հոգեկան ճգնաժամի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել