Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞ՐԲ ՊԵՏՔ Է ՀԱՅԵՐԸ ՍՈՎՈՐԵՆ ՀԵՐԹ ԿԱՆԳՆԵԼ

Մարտ 05,2011 00:00

Հաճախ ինձ հարցնում են, թե ի՞նչ տվեց մեզ մեր երկրի անկախությունը: Ես առաջինը հիշատակում եմ՝ հերթերի վերացումը: Իրոք, անկախությունից հետո տարեցտարի վաճառակետերի թիվը սկսեց գերազանցել գնորդների թվին, եւ բնական է, որ հերթերը վերանային: Հիմա անհասանելի բան չկա ոչ մեկի համար, միայն թե դրամ լինի:

Ցավոք, անկախության տարիներին չվերացան այն հերթերը, ուր կատարվում էին բարեգործական ինչ-որ մթերքների բաշխում: Նույն աղմուկ-աղաղակն էր հնչում, իսկ հրմշտոցն ու փոխադարձ վիրավորանքները սովորական տեսարան էին: Երբեք չեմ մոռանա, թե ինչ էր կատարվում ամբոխի հետ Մուսա լեռան ամենամյա տոնակատարության եւ Քանաքեռի եկեղեցիներից մեկի բացման արարողություններից հետո: Սկսվել էր հարիսա բաժանելու եւ մատաղ ստանալու գործընթացը: Մեկը 4-5 անգամ մոտենում էր խոհարարին եւ ստանում հարիսայով ափսեները, մյուսը անզոր սպասում էր իր հերթին եւ փորձ չէր անում մխրճվել հերթի մեջ:

Մենք նստեցինք հեռվում եւ ճաշակում էինք տնից վերցրած մեր համեստ ուտեստը, երբ ինձ մոտեցավ իմ նախկին ուսանողներից մի ճարպիկ տղա: Իմանալով մեր՝ հարիսա չուտելու պատճառը, նա գնաց եւ քիչ անց վերադարձավ 2 ափսե ճաշով: Մենք հրաժարվեցինք ուտել եւ տհաճ զգացողությամբ վերադարձանք սրբավայրից: Նույն զգացողությունը պաշարեց մեզ, երբ դիտում էինք մի պատառ մսակտոր ուտելու համար հերթում կատարվող իրարանցումը: Անմիջապես հիշեցի հայրիկիս պատմածը գերմանացիների մասին: Պատերազմի ավարտից հետո նա 6 ամիս իր զորամասի հետ մնացել էր Բեռլինում, որը կիսավեր եւ սովալլուկ քաղաքի բնակչության պարենի մատակարարմամբ էր զբաղված: Անփոփոխ ներկայացնում եմ նրա պատմածը:

– Ամեն օր առավոտյան գալիս էին քաղաքի բնակիչները եւ լուռ հերթ էին կանգնում՝ ստանալու ընտանիքի ամեն անդամին հասնող իրենց մի շերեփ շիլան: Ցուցակներ, ստորագրություններ չկային: Ամեն մեկը ասում էր մարդկանց թիվը եւ ստանում իր օրաբաժինը: Ես հսկիչն էի, չունեի առանձնակի անելիք եւ, դիտելով մարդկանց, հերթում նկատել էի մտավորականի արտաքինով, բարեկիրթ վարվելակերպով, մաքուր հագնված մի ծերունու, ով մեղմ ժպիտով ամեն օր մեկնում էր իր փոքրիկ կաթսան եւ ասում՝ այնս (մեկ): Հետո վերցնում էր այն, շնորհակալություն հայտնում եւ հեռանում: Ես մեր տանտերերից իմացա, որ ծերունին ժամանակին եղել է հայտնի երաժիշտ-դիրիժոր, այժմ ապրում է մենակ: Շատ համակրեցի նրան եւ մի օր խնդրեցի մեր խոհարարին՝ մեկի փոխարեն երկու շերեփ շիլա լցնել նրա ափսեում: Սկզբում ծերունին չնկատեց տարբերությունը եւ ուզում էր հեռանալ, բայց հանկարծ հետ եկավ եւ մեզ հասկացրեց, որ իրեն ավելորդ բաժին ենք հատկացրել: Որքան փորձեցինք նրան համոզել, որ դա սխալմունք չէ, այլ իրեն լավ կերակրելու մեր անկեղծ ցանկությունը, ծերունին նո, նո ասելով հրաժարվեց եւ համառորեն խնդրեց վերցնել ավելորդ պատառը:

Մի՞թե զարմանալի է, որ այդ երկրի ժողովուրդը հետագայում արագ ոտքի կանգնեց եւ վերականգնեց իր տնտեսությունը: Մի՞թե պարզ չէ, որ այստեղ որոշակի դերակատարում է ունեցել մարդկանց բարոյական օրենքների կիրառումը:

Ավելի համոզիչ լինելու համար բերեմ մի ուրիշ օրինակ: Նախատոնական օրերին սովորաբար բանկերում մարդկանց կուտակումներ են առաջանում, թեեւ անվճար ոչինչ չեն բաժանում եւ պետք է կոմունալ սպասարկումների համար վճարումներ կատարել: Հազվադեպ հաճախորդներ են մոտենալիս հարցնում, թե ո՞վ է վերջինը եւ հերթ կանգնում: Մյուսները քո գլխի վրայով կարող են կտրոններ կամ դրամ փոխանցել երբեք դիտողություն չանող անտարբեր աշխատակցուհուն եւ հանգիստ հեռանալ բանկից, արհամարհանքով նայելով հերթում կանգնածներին: Մի քանի րոպե շուտ տուն գնալու մոլուցքը նրանց ստիպում է ոտնահարել համակեցության տարրական պահանջները եւ իրենց բարձր դասել մյուսներից:

Իհարկե, հայերի հերթ կանգնելու անսովոր երեւույթը ամենից շատ նկատվում է նաեւ ՀԴՄ կտրոնների շահումները կամ պարգեւավճարները ստանալու ժամանակ: Եկեք լրջորեն խորհենք նաեւ այս հարցի շուրջ: Ի վերջո, եկել է ժամանակը, որ մենք նույնպես սովորենք հերթ կանգնել քաղաքակիրթ այլ ազգերի նման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել