Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ «ՄԻ ԲԱՐՁԻ» ԷԼ ՉԵՆ ԾԵՐԱՆՈՒՄ

Մարտ 10,2011 00:00

\"\"Հայաստանում կենդանիների ամուսնությունները օրինական բնույթ չեն կրում

Վերջերս Ուկրաինայում ստեղծվեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման մի կենտրոն, որը, ի տարբերություն մեր իմացած «զագսի», օրինականացնում է կենդանիների ամուսնությունները: Այնտեղ իրենց երկրորդ կեսին գտած կենդանիները կարող են ոչ միայն վկաներով, քավորով, ազապբաշիով հարսանիք անել, այլեւ ստանալ ամուսնության վկայականներ եւ ոչ միայն Աստծո, այլեւ օրենքի առաջ էլ ամրագրել իրենց հարաբերությունները: Կիեւում ստեղծված այդ «զագսը», բնականաբար, բիզնես նպատակներ է հետապնդում, մանավանդ որ, այնտեղ նաեւ կենդանիների հարսանեկան արարողություններ են կազմակերպում, հարսին ու փեսային տրամադրում համապատասխան զգեստ, պատրաստում են հարսանեկան մեծ տորթ, մի խոսքով, անում են այն ամենը, ինչ մարդկանց ամուսնության արարողության դեպքում՝ հրավառություն, շքեղ տոնակատարություն եւ այլն: Բայց մեր երկրում սիրահար կենդանիների զույգերը միայն կարող են իմանալ ու երազել նման հարսանիքների մասին, քանի որ Հայաստանը կենդանիներին սիրելու, պաշտպանելու եւ նրանց մասին հոգ տանելու ցուցանիշով աշխարհում վերջին տեղերում է: Այստեղ նույնպես շատ թիթիզ տեր ունենալու դեպքում շների ու կատուների ամուսնություններ լինում են, բայց այդ ամուսնությունը միայն ձեւական բնույթ է կրում, քանի որ էգը այդպես էլ չի գնում որձի տուն, եւ զույգերը, ըստ էության, «մի բարձի» չեն ծերանում: Հայաստանում կենդանիների «զագս» էլ չկա, որ օրինականացնի նրանց ամուսնությունները: Միայն գոյություն ունի մի կազմակերպություն՝ «Դաֆէստ» անունով, որը մեր երկրում զբաղվում է կենդանիների ամուսնական հարցերով, բայց այդ ընկերությունից չցանկացան տեղեկատվություն տրամադրել, թե ինչ փաստաթղթեր են կազմում ու ինչպես են ձեւակերպում այդ ամուսնությունները: Միայն ասացին, որ ամուսնացողներ կան:
Երբ կենդանիների խնդիրներով զբաղվող մի քանի այլ կազմակերպություններից հետաքրքրվեցինք, թե չե՞ն պատրաստվում դիմել համապատասխան մարմինների եւ մեր երկրում նույնպես կենդանիների «զագս» ստեղծել, վերջիններս սկսեցին մեկ առ մեկ նշել, թե մեր երկրի կենդանիներն ինչ տարրական իրավունքներից են զրկված, ինչքան լուրջ պրոբլեմներ ունեն ու այդ պրոբլեմների շարքում որերորդ տեղում է ամուսնության օրինականացման հարցը: «ԴավՕս» կենդանիների բարեկեցության կազմակերպության համար ֆիլմեր նկարահանող եւ կենդանասերների ակտիվիստ Դավիթ Սարգսյանի խոսքերով՝ «Հայերը կենդանիներին վատ վերաբերվելու տեսակետից ասես քոչվոր ցեղ լինեն, կենդանիներին իրապես սիրողներն ու գնահատողները շատ քիչ են, շատերը նրանց ձեւական են պահում՝ զուտ մոդայի, ձեւի համար: Աշխարհում կենդանիների պաշտպանության եւ բնության պահպանության առումով Հայաստանը վերջին հորիզոնականում է, մենք Վրաստանից, Ադրբեջանից էլ հետ ենք: Մի քանի օր առաջ մեր ընկերներից մեկին Լոնդոնում դեպորտ էին արել ու ուղարկել՝ այն բանի համար, որ նա պարզապես ձեռքով իր շան թուշիկին էր թեթեւակի խփել՝ հասարակության մեջ: Նրա վրա մի քանի ակտ էին կազմել՝ կենդանուն ապտակելու համար ու ուղարկել: Իսկ այստեղ կուզես շանը բոլորի մոտ սպանիր՝ ոչ մի տուգանք, օրենք չկա: Բոլոր քաղաքակիրթ երկրներում լուծված է թափառող շների հարցը, մեր երկրում՝ ոչ: Ֆինլանդիայում 10 տարի ազատազրկում է սպասվում այն մարդուն, ով գայլ կսպանի, իսկ մեր երկրում, որտեղ առանց այդ էլ մատների վրա հաշված կենդանիներ են մնացել՝ 100 հազար դրամով խրախուսում են գայլ սպանողներին: Պետությունն ասում է, որ գայլերը խնդիր են դարձել, հարձակվում են գյուղացիների վրա, բայց գայլն ամենախելացի կենդանիներից է, նա նաեւ սանիտար է, գայլը երբեք չէր մտնի գյուղ, եթե անտառում մեկ-երկու կենդանի թողած լինեին: Հայաստանում ամեն երկրորդը որսորդ է դարձել ու ոնց ուզում, որտեղ ուզում՝ որս են անում: Բանը հասել է նրան, որ նույնիսկ Խոսրովի անտառների անտառապահն է որսում, էլ ինչ կենդանիների ամուսնության ու հարսանիքների մասին է խոսքը»:
«Փրկենք կենդանիներին» բարեգործական կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանում կենդանիները բացարձակ պաշտպանված չեն. «Եթե կենդանուն սպանեն էլ՝ ոչ ոք դրա համար չի պատժվի, ստիպված մենք ենք փորձում մեր ձեւերով պատժել շան վրա ձեռք բարձրացնողներին»: Հարցին, թե ի՞նչ մեթոդներով եք պատժում՝ Ն. Մեհրաբյանը պատասխանեց. «Եթե ինքս պատահաբար տեսնեմ, անկեղծ եմ ասում, կծեծեմ այդ մարդուն, ով շանը վատ է վերաբերվում: Օրերս Մաշտոցի 50 ա հասցեում մեկը որոշել էր թափառող շներին ցանցի մեջ դնել ու հաց չէր տվել, ջուր չէր տվել՝ հույսով, որ այդպես սոված, ծարավ կսատկեն խեղճերը, առաջին անգամ Հայաստանում, երբ այդ մասին տեղյակ պահեցինք ոստիկանությանը, այդ մարդը տույժի ենթարկվեց»:
Նշենք, որ Նալբանդյան փողոցում շների եւ կատուների համար հագուստի ու պարագաների «Դոգ սթայլ» խանութ է գործում: Մենք խանութից հետաքրքրվեցինք, թե ինչ են հիմնականում վաճառում ու գնորդներ ունե՞ն: Խանութի վաճառողուհին տեղեկացրեց, որ հիմնականում շների համար շամպուն են գնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել