Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգուցյալ նախագահը՝ հայկական տաղավարո՞ւմ

Ապրիլ 07,2011 00:00

Մշակույթի նախարարության հերթական կիքսը

«Առավոտը» մարտի 24-ի համարում «Անձնական պտուղներ Փարիզի գրքի սալոնից» հրապարակմամբ անդրադարձել էր 1981 թվականից անցկացվող Փարիզի գրքի սալոնին ու հայկական տաղավարին եւ պետության միջոցները սեփական նպատակներով ծախսող հայաստանյան պատվիրակության որոշ անդամների: Հոդվածում ցանկություն էինք հայտնել մշակույթի նախարարության կայքում տեսնել նախարարության վերլուծությունը արդեն 3-րդ մասնակցության վերաբերյալ. ի՞նչ է փարիզյան սալոնը տվել գրահրատարակչական ոլորտին, ի՞նչ ենք տարել Փարիզ եւ ի՞նչ բերել այնտեղից, ինչպիսի՞ն է եղել «դրսի» հետաքրքրությունը մեր տաղավարի նկատմամբ, ֆրանսիական ու միջազգային մամուլի արձագանքը մեր մասնակցության վերաբերյալ եւ այլն: mincult.am-ում մարտի 31-ի ամսաթվով զետեղված է մի տեղեկատվություն, որտեղ ոչ միայն վերլուծություն չկա, չի նշվում, թե ի վերջո որքան է եղել հայկական տաղավարի տարածքը, մանավանդ, ըստ ֆրանսիական կայքերի, 1 քմ-ի համար վարձավճարը 5000 եվրո (2մլն 625 հազար դրամ) է եղել, ավելին՝ խայտառակ կիքսեր կան: Առանց խմբագրման մի մեջբերում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից. «Առանձնապես հիշարժան է եղել սալոնի բացման օրը Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ֆրանսուա Միտերանի եւ մի շարք պաշտոնատար անձանց այցը հայկական աղավար, ովքեր շնորհավորե են 2012թ. Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ»: Հայտնի է, որ Ֆրանսիայի մշակույթի նախարարի անունը Ֆրեդերիկ Միտերան է, իսկ Ֆրանսուա Միտերանը նախագահի անունն է, ով ավարտել է իր երկրային կյանքը 1996թ: Այնպես որ, դժվար թե մահվանից 15 տարի անց պատվեր հայկական տաղավարն իր ներկայությամբ: mincult.am-ի տառասխալների մասին չենք խոսում:
Mincult.am կայքը նաեւ տեղեկացնում է փոխնախարար Արեւ Սամուելյանի հանդիպման մասին՝ Ֆրանսիայի Գրքի ազգային կենտրոնի նախագահ Ժան-Ֆրանսուա Կոլոզիմոյի հետ: Թե ինչպիսի հարթության վրա են ընթացել տիկին Սամուելյանի քննարկումները վերջինիս հետ՝ դժվար չէ կռահել, եթե հատկապես նկատի ունենանք, որ գրահրատարակչության ոլորտը մեզանում չի համակարգվում այս փոխնախարարի կողմից: Հարկադրված ենք համեմատության կարգով նշել, որ նույն այդ Սալոնի աշխատանքների ընթացքում Գրքի ազգային կենտրոնը եւ Թուրքիայի մշակույթի նախարարությունը հանդես են եկել համատեղ հռչակագրով՝ գրքի ինդուստրիայի ոլորտում ֆրանս-թուրքական համագործակցության վերաբերյալ, եւ կամ Հայիթիի համալսարանական հրատարակչությունների հետ կնքվել է համաձայնագիր՝ ֆրանսիական դասականների հատընտիրը կրեոլյան լեզվով հրատարակելու վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել