Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենի առաջարկն անընդունելի է

Ապրիլ 21,2011 00:00

\"\"Արեւմտյան բարեկեցությունը եւ ադրբեջանցու հարեւանությունը վայելողը չեն կարող նույն իրավունքն ունենալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «ՀՀ ընտրական օրենսգրքի» նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններ է ներկայացրել, որոնցից մեկով խորհուրդ է տալիս վերանայել երկքաղաքացիություն ունեցող անձանց որպես թեկնածու առաջադրվելու իրավունքի սահմանափակումը, նկատի ունենալով, որ երկքաղաքացիություն ունեցող անձինք չպետք է ունենան ավելի քիչ իրավունքներ, քան մյուս քաղաքացիները: Այլ խոսքով, Կարեն Անդրեասյանը առաջարկում է երկքաղաքացիներին ընտրելու եւ ընտրվելու իրավունք տալ: Հիշեցնենք, որ հենց Կարեն Անդրեասյանի գործուն մասնակցությամբ զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվելու բարի գաղափարը իրագործվեց այնպես, որ դարձավ մահակ ոչ իշխանահաճո լրատվամիջոցների գլխին («Առավոտ», 03.03.2011՝ «Ունենք լուռ պաշտպան»): Այս նախադեպը հիմք է պնդելու, որ Կարեն Անդրեասյանը մարդկության պատմության մեջ արձանագրված, բայց պակաս հաջողված ճանապարհով է գնում. ստեղծում է խնդիրներ, որ հետո փորձի դրանք հերոսաբար հաղթահարել: Իսկ կստացվի, թե չէ` հայտնի չէ: Բայց որ երկքաղաքացիներին ընտրել-ընտրվելու իրավունք տալը Հայաստանի համար լրջագույն խնդիրներ է ստեղծելու` միանշանակ է:
Աշխարհը գնալով հրաժարվում է երկքաղաքացիությունից: Իսպանիան միայն իսպանախոս երկրների հետ երկքաղաքացիություն ունի, ԱՄՆ-ը իր քաղաքացուն չի արգելում այլ երկրի քաղաքացի լինել, բայց նրան դիտում է բացառապես որպես ԱՄՆ քաղաքացի, Ռուսաստանն է սկսել որոշ երկրների հետ երկքաղաքացիության սահմանափակումներ դնել: Գերտերությունները հասկացել են դրա վտանգավորությունը կամ անարդյունավետությունը, մենք՝ հեծանիվ ենք հայտնագործում:
Կարեն Անդրեասյանը պնդում է, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից 2005թ. ընդունված «Ընդհանուր ընտրություններում քվեարկելու իրավունքի սահմանափակումների վերացման մասին» զեկույցում հատկապես շեշտվել է, որ երկքաղաքացիություն կամ բազմաքաղաքացիություն ունենալու հանգամանքը չպետք է խոչընդոտ հանդիսանա երկու պետություններում էլ ընտրելու իրավունքի իրականացման համար: Ուր է թե մեր իշխանությունները բոլոր հարցերում լսեին եվրոպական կառույցներին, այլ ոչ թե այն, որոնք կիրառելի են միասնական Եվրոպայում, բայց ոչ երբեք Հայաստանում: Սա իմիջիայլոց:
2009 թվականի փետրվարի 7-ին «Համայնքը ուժ է եւ հզոր գործոն» հրապարակմամբ ներկայացրել ենք, թե ինչպես ողջ աշխարհում ահաբեկչի համարում ունեցող քրդերը Թուրքիայում սկսել են մասնակցել ՏԻՄ ընտրություններին, քրդաբնակ համայնքներում համայնքի խորհրդի անդամ կամ համայնքի նախագահ ընտրվելու համար քուրդը մեծ ջանքեր թափելու կարիք չունի: Իսկ համայնքի ղեկավար լինելը նշանակում է ռեալ իշխանություն եւ լեգալ, օրինական փողեր՝ բյուջե: Ու հիմա ընտրված իշխանությունը քրդանպաստ քայլեր է անում` հանրային ծառայությունների մատուցման վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն տրամադրվում է նաեւ քրդերեն, քրդերեն հեռուստատեսություն կա եւ այլն:
Հիմա գանք Հայաստան: Հայաստանը միշտ օտար պետությունների շահերի բախման հարթակ է եղել ու դրանից միշտ տուժել է: Հիմա եթե այդ օտար պետությունները մեր երկրում ընտրել-ընտրվելու իրավունք ունենան, կռիվը շարունակելու գործիք կստանան: Նույն քրդերը կամ, ասենք, ԱՄՆ-ն, Ռուսաստանը կամ Թուրքիան, Չինաստանը, այլ պետություն, կազմակերպված ձեւով մի երկու միլիոն մարդու կուղարկի ՀՀ քաղաքացիություն ստանալու: Այս երկու միլիոնը կարող են լինել նաեւ հայեր, հաշվի առնելով հայերի աշխարհասփյուռ լինելու իրողությունը: Ու թող որ այդ ամենը տեւի ասենք 5 տարի: 10 տարի: Ընդամենը 10 տարի անց օտարները մեր երկրում օրինական, առանց ընտրակեղծիքների իշխանություն ձեւավորելու լծակ կունենան ու հաստատ կօգտագործեն այն: Իսկ եթե նման լծակ ունենալու քայլեր անի մեկից ավելի երկիր, ինչը մեր պարագայում ամենաիրական տարբերակն է, Հայաստանը նորից կդառնա «մարտադաշտ», ուր կբախվեն օտար պետությունները: Եթե անգամ բոլորը պարտվեն ու չհաջողեն, մեկ է՝ Հայաստանը դրանից ոչինչ չի շահելու, ոտնատակ ընկնելը հաճելի չէ: Դե իսկ եթե որեւէ մեկը հաջողի, կավարտվի Հայաստանի ինքնիշխանությունն ու կամբողջանա ֆորպոստացումը (պարտադիր չէ ռուսական):
Երկքաղաքացիներին Հայաստանում ընտրել-ընտրվելու իրավունք տալը Հայաստանի համար անընդունելի է: Դժվար է ասել, ԱԺ պատգամավորները ինչպես կվերաբերվեն Կարեն Անդրեասյանի առաջարկներին, եթե վերաբերվեն, իհարկե: Եթե վերաբերվեն, թող մերժեն երկքաղաքացիներին վերաբերվող վտանգավոր մասը: Այլ կետեր կան, որ արժե ընդունել: Օրինակ, «Էական խնդիրների վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ» բաժնի 5-րդ կետը, որով Կարեն Անդրեասյանը առաջարկում է համամասնական ընտրակարգով ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած կին պատգամավորի մանդատը տալ ոչ թե ցուցակում հաջորդ, այլ ցուցակում հերթական կին թեկնածուին: Կամ «Հայեցակարգային խնդիրների վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ» բաժնի 5-րդ կետով առաջարկում է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունքը տալ նաեւ ՀՀ քաղաքացիներին: Այսօր նման իրավունք ունեն միայն կուսակցությունները:
Թող ընդունվեն այս դիտողությունները, բայց մոռացեք երկքաղաքացիներին ընտրելու իրավունք տալու մասին: Ինչպես կարող է ապահով եվրոպաներում ապրողը ունենալ նույն իրավունքը, ինչ ադրբեջանցի դիպուկահարի ուղիղ նշանառության հեռավորության վրա ապրող հայկական գյուղի բնակիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել