Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Մայիս 05,2011 00:00

\"\"Երեկ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան լրատվամիջոցներին հրավիրել էր ասուլիսի

ՀԸՖ նախագահի խորհրդական Ռազմիկ Ստեփանյանը նախ ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի անունից լրագրողներին շնորհավորեց նախորդ օրը նշված «Մամուլի ազատության միջազգային օրվա» առիթով, ապա ներկայացնելով օրվա թեմաները՝ հորդորեց ազատ երկխոսություն ծավալել: «Այսօր ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, թե ինչպես է ՀԸՖ-ն կազմակերպել 2011 թվականի մեկնարկների նախապատրաստությունը, տալ արդեն կայացած մրցումների մասնակցության գնահատականը եւ խոսել առաջիկա խոշորագույն մրցումների, հատկապես սեպտեմբերին Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնության, որը նաեւ վարկանիշային է, եւ վերջապես՝ 2012-ի օլիմպիական խաղերի նախապատրաստության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Վերջերս ֆեդերացիայի նախագահությունն ընդլայնված նիստում քննարկեց Դորտմունդում անցկացված Եվրոպայի առաջնությունում մեր երկու ոճերի ազգային հավաքականների արդյունքները եւ դրանք գնահատեց բավարար՝ նկատի առնելով, որ տարվա գլխավոր մեկնարկը, այնուամենայնիվ, ոչ թե Եվրոպայի, այլ աշխարհի առաջնությունն է»,- ասաց նա եւ առաջարկեց հարցուպատասխանի միջոցով ստանալ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանը:
Հիշեցնելով 2009 թվականին ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց հետո պարոն Սամվել Կարապետյանի առաջին իսկ ելույթը, որում նա հայտարարեց, որ մինչեւ Պեկինի օլիմպիական խաղերն արձանագրված արդյունքներն արդեն անցյալում են եւ այսուհետեւ պիտի աշխատել դրանք գերազանցել, ինչի համար ինքը ոչինչ չի խնայի, «Առավոտը» հետաքրքրվեց, թե արդյոք խնդիրը լուծվո՞ւմ է՝ թե՛ արդյունքների եւ թե՛ խոստացված ներդրումների առումով:
Ռազմիկ Ստեփանյան. «Պարոն Սամվել Կարապետյանը, որ մշտական բնակվում եւ իր գործունեությունը ծավալում է Ռուսաստանում, ստանձնելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարի պարտականությունները, Հայաստանում մարզաձեւի վիճակն ու զարգացման ուղիները պահում է իր մշտական ուշադրության կենտրոնում: Նրա եւ ֆեդերացիայի նոր ղեկավարության առաջնային խնդիրը Հայաստանում ըմբշամարտի համար համապատասխան նյութատեխնիկական բազայի ստեղծումն է: Այդ ճանապարհին առաջին քայլերից մեկը մարզերում եւ սահմանամերձ բնակավայրերում ըմբշամարտի տարածմանն ու զարգացմանը նպաստող պայմանների ստեղծումն է, իսկ մայրաքաղաքում՝ բոլոր տարիքային խմբերի, հատկապես պատանեկան եւ երիտասարդական, հավաքականների ուսումնամարզական հավաքների, ներհանրապետական եւ միջազգային ամենաբարձր մակարդակի մրցումներ կազմակերպելու համար համապատասխան համալիր մարզաբազա կառուցելը, ինչի իրագործումը շատ հեռու չէ: Այսպես ոչ միայն առաջիկա տարիներին կապահովենք միջազգային մրցումներում բարձրագույն նվաճումների շարունակականությունը, այլեւ մարզաձեւի անընդմեջ զարգացումը: Եթե խոսենք, այսպես ասած, գումարային լեզվով, բոլորս էլ գիտենք, որ այսօր մեր պետությունը պետբյուջեից բոլոր մարզաձեւերին անհրաժեշտ չափով ֆինանսական աջակցություն ցույց տալու հնարավորություն չունի. ֆեդերացիայի նախագահը 2009 թվականին կատարել է $860 հազարի ներդրում: Եթե անցած տարի ըմբշամարտին պետական աջակցությունը կազմել է 220 մլն դրամ, մեր ֆեդերացիայի նախագահը իր անձնական միջոցներից հատկացրել է մոտ 2,5 անգամ ավելի՝ մոտ $1,5 միլիոն, ինչը, ընդունենք, պատկառելի թիվ է: Եվ տա Աստված, որ մեր մյուս ֆեդերացիաների ղեկավարներն էլ կարողանան իրենց մարզաձեւերին այսպես աջակցել»:
Լեւոն Ջուլֆալակյան. հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ. «Հավաստիացնում եմ, որ այսօր մեր ֆեդերացիան նյութական ապահովվածությամբ ոչ մի երկրի չի զիջում, եթե չասեմ՝ նաեւ գերազանցում է: Իսկ ինչ վերաբերում է մարզական արդյունքների աճին, ասեմ, որ դրանք պարզորոշ տեսանելի են: Անցած տարի եւ այս մրցաշրջանում, չնայած այն, կարելի է ասել, դեռ նոր է սկսվել, բոլոր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների պակաս չի եղել: Իսկ հավաքականների մակարդակի մասին խոսում է պարզագույն իրականությունը: Մասնավորապես, հունահռոմեական ոճի մեր հավաքականը աշխարհի գավաթի վերջին առաջնությունների մշտական մասնակիցն է: Իսկ ՖԻԼԱ-ն դրանց մասնակցելու է հրավիրում միայն աշխարհի ութ կամ տասը լավագույն հավաքականներին: Այսինքն՝ Հայաստանը դրանց մեջ է: Իսկ միջազգային ֆեդերացիան լավագույններին ընտրում է ոչ միայն մեդալներով, այլեւ կայուն, ուժեղ թիմ լինելու սկզբունքով: Այսինքն՝ եթե մեկ մրցման ժամանակ մեդալների քանակը կամ գույնը որոշ չափով նվազում է, դա չի չափանիշը: Դրա փոխարեն, կոնկրետ մեր հավաքականը բոլոր քաշային կարգերում կանոնավորապես ունենում է 4-րդ, 5-րդ տեղեր, կամ մեր ըմբիշները տեղ են զբաղեցնում իրենց քաշային կարգերի առաջին տասնյակում»:
Հրանտ Ենոքյան. ֆեդերացիայի փոխնախագահ. «Այսօր ֆեդերացիան Հայաստանի ավելի քան 200 ըմբիշի, սկսած պատանիներից, մինչեւ մեծահասակներ, ամեն ամիս դրամական աջակցություն է ցույց տալիս 50-ից 650 հազար դրամի չափով: Էլ չեմ ասում՝ մարզիչների աշխատավարձերի բարձրացման մասին: Արդյունքն էլ այն է, որ մեր այսօրվա առաջատարների հետեւից հուսալի սերունդ է գալիս, որն իրեն լավագույն ձեւով է դրսեւորում Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում, միջազգային մրցաշարերում»:
«Առավոտը» հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչո՞ւ են դրսից ըմբիշներ հրավիրվում:
Բազմասեր Առաքելյան. ֆեդերացիայի գլխավոր քարտուղար. «Դա ժամանակին արված հարկադրված քայլ է, եւ դրա մեջ վատ բան տեսնել պետք չէ: Նույնը կատարվում է աշխարհի գրեթե բոլոր երկրների հավաքականներում: Եթե ուշադիր եք, պիտի նկատած լինեք, որ հրավիրվածներն այն քաշային կարգերում են, որտեղ մենք չունենք միջազգային չափանիշներին համապատասխանող մարզիկներ: Իսկ դրսից հրավիրելը հիմնականում երկու նպատակ է հետապնդում. մեր երկիրն արժանապատիվ ներկայացնել միջազգային մրցումներում, ապա՝ հավաքներում նրանց ներկայությամբ նպաստել տեղի ըմբիշների վարպետության աճին»:
Արայիկ Բաղդադյան. ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ. «Հավաքականի այլազգի անդամներին, որոնք Դաղստանից են կամ Չեչնիայից, հրավիրելը նաեւ կապված է նրա հետ, որ մեր հավաքականում սերնդափոխություն է ընթանում: Այդ տղաները մերոնց պետք են հատկապես հավաքների ժամանակ, որպեսզի տեղի կադրերը նրանց հետ պայքարում աճեն: Հավատացեք, որ հենց մենք ունենանք այնպիսի ըմբիշ, որը սպորտային մակարդակով հավասար կլինի նրանց, առավել եւս՝ կհաղթի Հայաստանի առաջնությունում, անպայման նա կներկայացնի մեր երկիրը: Եվ մի բան էլ. երբ Սիդնեյի օլիմպիական խաղերում ի նշան մեր Արմեն Նազարյանի հնչեց Բուլղարիայի օրհներգը, ոչ մի բուլղարացի իրեն վատ չզգաց, որ չեմպիոնը այլազգի է, ընդհակառակը՝ հպարտությամբ լցվեց՝ իրենց պետական դրոշը բարձրանալու համար»:
Ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանն էլ հանգամանալից խոսեց մարզիչների ու մրցավարների որակավորման բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին. «ՖԻԼԱ-ից պարբերաբար հրավիրում ենք լավագույն մասնագետների, որոնց հետ համատեղ աշխատանքը դրական արդյունքներ է տալիս: Տեղերում մեր մարզիչները հավաքականի համար արդեն համեմատաբար լավ կադրեր են աճեցնում, իսկ ֆեդերացիայի կարեւոր խնդիրներից մեկն էլ բարձրակարգ մարզիչներ ունենալն է, որպեսզի նրանք էլ հրավիրվեն Լոնդոն»:
Ասուլիսի վերջին հարցը կրկին «Առավոտինն» էր. «Մենք սովոր ենք մեդալների: Եվ դա շատ լավ է: Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությունում մեր առաջնային նպատակը մեդալ նվաճե՞լն է, թե՞ հնարավորին չափ շատ օլիմպիական ուղեգիր նվաճելը (վարկանիշ տալիս են յուրաքանչյուր քաշային կարգի 1-6-րդ տեղերը): Այսինքն՝ ո՞րն է գերադասելի՝ ասենք, չեմպիոնական մեկ մեդա՞լը, թե՞ 5 հատ չորրորդ տեղը»: Երկու հավաքականների գլխավոր մարզիչներն էլ պատասխանեցին, որ երկուսն էլ կարեւոր են, որ անիմաստ է մեկնել աշխարհի առաջնություն եւ մեդալների համար չպայքարել: Բայց քանի որ բոլորն էլ չեն կարող պատվո պատվանդան բարձրանալ, պետք է պայքարել վարկանիշ ձեռք բերելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել