Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահե՞րթ, թե՞ հերթական

Հունիս 29,2011 00:00

Ասում են՝ հերթական ընտրությունները միշտ կեղծվում են, իսկ արտահերթի ժամանակ կեղծիքների համար բարենպաստ մթնոլորտ չի լինի:

Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, թե արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ ՀԱԿ-իշխանություն երկխոսության գործընթացն ամբողջովին ձախողված չէ: Նրա համոզմամբ, ժամանակ դեռ կա, ու «իշխանությունները պետք է հետեւություններ անեն»: «Ես անձամբ հույսեր չունեմ: Ես կարծում եմ, որ իշխանությունը քայլեր կանի միայն հասարակական ճնշման դեպքում»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, հայտարարել է Դեմիրճյանն ու հավելել, թե՝ արտահերթ ընտրությունները պետք է պարտադրվեն հասարակության կողմից:

«Երբ ասում եմ, որ դեռեւս ժամանակ կա, դա չի նշանակում, որ անվերջ սպասելու ենք: Ամեն ինչ իր լիմիտն ունի, ժամկետն ունի»,- հայտարարեց նա:

Հարցին, թե ինչ է անելու ՀԱԿ-ը, երբ այդ լիմիտը վերջանա, Դեմիրճյանն արձագանքել է, թե՝ ուժային մեթոդների չեն դիմելու, խոսքը հասարակական ճնշման մասին է. «Մարդկանց մոտ հսկայական դժգոհություն է կուտակվել, եւ, բնականաբար, ընդդիմությունը կուղղորդի այդ ճնշումը»: Այդուհանդերձ, ընդդիմադիր գործիչն ասել է, թե մնում է այն կարծիքին, որ լավագույն երկխոսությունն ազատ, արդար ընտրությունների անցկացումն է: Պատասխանելով հարցին, թե՝ ինչու է ընդդիմությունը պահանջում արտահերթ ընտրություններ, ՀԺԿ նախագահն ասել է, թե նախորդ հերթական ընտրությունները կեղծելու նախադեպերը նկատի ունենալով՝ Հայաստանի քաղաքացիները չեն հավատում հերթական ընտրություններին՝ մտածելով, որ դրանք հերթական անգամ կկեղծվեն: «Մենք չեն ցանկանում, որ երկիրը լինի պերմանենտ ընտրությունների մեջ եւ ցանկանում ենք գցել արդար ընտրությունների անցկացման հիմքերը»,- ասել է Ստ. Դեմիրճյանը: Պատասխանելով հարցին, թե՝ արտահերթ ընտրությունների դեպքում Կոնգրեսը կընդունի՞ իշխանությունների հաղթանակը, Ստեփան Դեմիրճյանը պատասխանել է. «Եթե նորմալ ընտրություններ լինեն, ապա՝ այո»:

ՀԱԿ-ում, իհարկե, արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը պայմանավորող այլ հիմնավորում էլ կա, որի մասին շատերն են խոսում, այդ թվում ՀԱԿ-ին մաս կազմող քաղաքական ուժերի առաջնորդները: Դա այն է, թե արտահերթ ընտրությունների ժամանակ ներքաղաքական մթնոլորտն այլ կլինի, եւ իշխանություններին չի հաջողվի արդյունավետությամբ կեղծել արտահերթ ընտրությունները, որքան հերթականի դեպքում: Գուցե սրա մեջ որոշակի տրամաբանություն կա, բայց հակառակ օրինակը գոնե Ստ. Դեմիրճյանը պետք է որ մոռացած չլիներ:

Հիշեցնենք, որ 1998-ին, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, ընդ որում՝ իր ողջ թիմով, եւ կարծես թե ստեղծվել էին արդար ընտրություններ անցկացնելու մոտավորապես կամ ճիշտ այնպիսի մթնոլորտ ու նախադրյալներ, որոնց մասին այսօր խոսում են ՀԱԿ-ականները, միեւնույն է՝ հաղթեց ռեժիմը, իսկ նախագահի թեկնածու առաջադրված եւ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, անհամեմատ մեծ ժողովրդականություն վայելող լուսահոգի Կարեն Դեմիրճյանին չհաջողվեց երկրի նախագահ դառնալ բացառապես այն պատճառով, որ ընտրությունները կեղծվեցին ոչ պակաս արդյունավետությամբ, ինչպիսին նախորդներն ու դրա հաջորդներն էին: Ասել է թե՝ ընտրությունների արդարությունը, մանավանդ նոր «Ընտրական օրենսգրքի» պայմաններում, երբ ընտրություններ կազմակերպող հանձնաժողովները պետությունը կամ ռեժիմն են լինելու, կախված է ոչ թե ընտրությունների հերթական կամ արտահերթ լինելուց, այլ արդար ընտրություններ անցկացնելու իշխանությունների քաղաքական կամքից եւ հասարակության պատրաստվածությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930