Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի գյուղերում՝ գյուղտեխնիկայի պակաս

Հունիս 29,2011 00:00

Արդյունքում՝ մարդիկ անմշակ են թողնում հողերը

\"\"Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրով Հայաստան ներկրված «Բելառուս 82» տրակտորներից 2-ը տրամադրվեց Սյունիքի մարզին: Տեղ եւ Բռնակոթ գյուղերը 8 մլն արժողությամբ գյուղտեխնիկան ձեռք են բերել 4 մլն դրամով, մնացած գումարը կառավարությունն է փոխհատուցել: Նախապես որոշված էր գյուղտեխնիկան տրամադրել Խնձորեսկ գյուղին; Սակայն, համայնքի ֆինանսական սղության եւ գյուղտեխնիկայով որոշակի չափով ապահովված լինելու արդյունքում, տրակտորը տրամադրվեց Տեղ գյուղին: Բայց ներկայումս Սյունիքի գրեթե բոլոր համայնքներում գյուղտեխնիկայի պակաս կա:

Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Սամվել Թանգյանի` մարզի գյուղերի 80 տոկոսն ունի գյուղտեխնիկայի անհրաժեշտություն, սակայն համայնքներն ի վիճակի չեն այն ձեռք բերելու:

Մարզում քիչ չեն գյուղերը, որտեղ տեխնիկայի բացակայության պատճառով 21-րդ դարում դեռ շարունակում են խոտը ձեռքով հնձել, շատ հողակտորներ էլ անմշակ են մնում ու ամայի տարածքների են վերածվել: Մեղրու տարածաշրջանի Կուրիս գյուղում խոտհարքի սեզոնին բնակիչները կամ ձեռքով են խոտ հնձում, կամ էլ հարեւան գյուղերի գյուղտեխնիկա ունեցող բնակիչներին խնդրում-բերում՝ խոտհունձ անելու: «Գյուղտեխնիկայի պահանջ միշտ էլ եղել է: 1 տրակտոր կա գյուղում, սեփականատիրոջն է, բայց համապատասխան մեխանիզմներ չկան, կոմբայն չունենք, հարմարություններ չկան աշխատանքներ իրականացնելու համար: Ստիպված ուրիշ գյուղերից ենք խնդրում, որ գան մեր խոտհարքն անեն, շատերն էլ ձեռքով են էդ աշխատանքներն անում: Հացահատիկային կուլտուրաներ վաղուց չենք մշակում՝ տեխնիկայի, բնակիչների հնարավորության բացակայության պատճառով: Շատերը ծեր են, թոշակառու եւ ի վիճակի չեն ֆիզիկական այդ աշխատանքը անել: Միայն խոտհարքներ են, որոնք անասնակեր են ծառայում: Ընդամենը 90 բնակիչ կա այստեղ, որոնք անասնապահությամբ ու տնամերձ այգիների մշակմամբ են զբաղվում», – ասում է Կուրիսի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը:

Կապանի տարածաշրջանի Օխտար գյուղը 88 թվականից փախստականներով է բնակեցված: Ի տարբերություն շատ գյուղերի, այստեղ երիտասարդ ընտանիքներ են ապրում: Գյուղացիները մեղվաբուծությամբ, անասնապահությամբ են զբաղվում ու ընտանիքի կարիքները հոգալու համար տնամերձ հողակտորները մշակում: Իսկ ահա հացահատիկային կուլտուրաների համար նախատեսված շատ հողատարածքներ անտեր ու անմշակ են թողնված ու մի քանի տարի հետո անտառային թփուտների կվերածվեն: Գյուղացիների պատմելով, այդ հողատարածքներում գարի, հաճար կամ ցորեն ցանելու համար մեծ ծախսեր են պահանջվում, իսկ այսօրվա դրությամբ նրանց հնարավորությունները չեն ներում վառելիքի, սերմացուի եւ այլ ծախսեր անելու, առավելեւս՝ գյուղտեխնիկայի բացակայության պայմաններում: «Ընդամենը մեկ տրակտոր ունենք գյուղում: Մեխանիզմները բացակայում են, պահեստամասերը չենք գտնում: Խոտ հավաքելու, խոտ կապելու գործիքներ չկան, էլ չենք խոսում վարող մեխանիզմի մասին, դրա համար էլ էդ տարածքները չեն վարում գյուղացիները: Բացի այդ, երիտասարդ ընտանիքներ են, աշխատանք չունեն, գումար չունեն վառելիք ձեռք բերելու համար: Ամեն մի ընտանիքին 200-300 լ վառելիք է անհրաժեշտ, թանկացման պայմաններում շատ է դժվարացել: 35 ընտանիք կա Օխտարում, որոնք մեղու, անասուն են պահում, տնամերձ այգիները մշակում, հազիվ օրվա հացի փողը վաստակում, իսկ մնացած հողակտորները վաղուց չեն մշակվում», – «Առավոտի» հետ զրույցում ներկայացնում է Օխտարի գյուղապետ Վաղարշակ Համբարձումյանը:

Գյուղացիների վիճակն այս տարի նախանձելի չի լինի, քանի որ պարբերաբար տեղացող կարկուտն ու առատ տեղումները բավականին մեծ վնասներ են հասցրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել