Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒԼՂԱՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Հունիս 30,2011 00:00

\"\"Որոշ բուլղարահայեր ուղղակի զարմացնում են

Հայաստանում է Բուլղարիայի Հայ դատի գրասենյակի համանախագահ եւ հայկական համայնքի «Վահան» թերթի քարոզչության պատասխանատու Սահակ Չալըքյանը: Նա «Առավոտի» խնդրանքով պատմեց, թե այսօր ինչ մարտահրավերներ են ծառացած Բուլղարիայի հայ համայնքի առջեւ: Մեր զրուցակիցն ասում է, որ հայկական գոյությունն այդ երկրում շուրջ 400 տարվա պատմություն ունի, գաղթի նոր ալիք է եղել 1915-ից հետո: Ս. Չալըքյանի ձեւակերպմամբ, ներկայումս Բուլղարիայում ապրում է 30000-35000 հայ, որոնցից արմատացածները 18000-20000-ն են: Հայկական համայնքի հիմնական հարցերից է լեզվի եւ ինքնության պահպանությունը, ձուլումը ահագնացող չափեր է ընդունել: Շատ են խառնամուսնությունները: Ս. Չալըքյանի ասելով՝ 10 ամուսնական զույգի պարագայում հազիվ 3-ի դեպքում է, որ տղան եւ աղջիկը հայ են լինում: Ըստ մեր զրուցակցի, չնայած լինելով ազգային փոքրամասնություն, հայերը մեծ դերակատարություն են ունեցել Բուլղարիայի նորագույն պատմության կերտման մեջ՝ համարյա բոլոր բնագավառներում կան անվանի հայազգիներ: Տեղի Հայ դատի հանձնախմբի անդամներից մեկը, օրինակ, պրոֆեսոր Ակոբ Կարապետյանն է, որը Բուլղարիայի պատմության ինստիտուտի տնօրենն է, բալկանագիտության ականավոր դեմքերից մեկը, մյուսը բեմադրիչ, պրոֆեսոր Գրիգոր Ազարյանն է եւ այլն:
1976-ին փակվել է Բուլղարիայի վերջին հայկական դպրոցը, որը գտնվում էր Պլովդիվում, եւ 14 տարի անց նորից վերաբացվել: Պարոն Չալըքյանը ցավով է փաստում, որ այդ դպրոցի 420 աշակերտների 30%-ն է հայ: Նա պատմում է, որ հայերը հիմնականում կենտրոնացած են Պլովդիվում, Սոֆիայում, Բուրգասում, Վառնայում, Ռուսեում: Եվս մոտ 10 քաղաք էլ կա, որտեղ փոքրաթիվ հայերը են ապրում. Ս. Չալըքյանի ասելով, 1920-ականներին գաղթած հայերին արտոնված չի եղել մեծ քաղաքներում ապրել:
Իսկ ինչի՞ց է, որ լինելով մեր ճակատագիրը կիսող ժողովուրդ եւ երկիր, Բուլղարիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Ս. Չալըքյանի ասելով, պատճառը եւ ներքին է, եւ արտաքին. տեղի հայերից ոմանք, ովքեր մեծ բիզնեսատերեր են, թուրք գործարարների եւ քաղաքական շրջանակների հետ լավ հարաբերություններ ունեն, դրա համար չեն ցանկանում խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին կամ դա անում են կիսաձայն: Ըստ մեր զրուցակցի, նման հայերի թվում է Թեմական խորհրդի փոխատենապետ եւ Բուլղարիայում Հայաստանի պատվո հյուպատոս Եղիազար Ուզունյանը, ով ջերմ հարաբերություններ ունի թուրք բիզնեսմենների եւ հյուպատոսի հետ: Ս. Չալըքյանն ասում է, որ պարոն Ուզունյանը «ոլոր-մոլոր ուղիներով եւ խոսքերով հայերին կտանի դեպի մոռացում»: Նա նաեւ վկայակոչում է այն փաստը, որ երբ քննարկվում էր այս տարվա ապրիլքսանչորսյան ցույցի կազմակերպումը, պատվո հյուպատոսը փորձել է այն կանխել, պատճառաբանելով, թե Հայաստանում ցեղասպանության մասին խոսվում է միայն կլոր թվականների դեպքում: Ս. Չալըքյանը նշում է, որ Բուլղարիայի խորհրդարանի 240 անդամներից 34-ը ազգությամբ թուրք է, հայ պատգամավորներ չկան: Նաեւ հավելում, որ ավելի շատ կարիք ունեն ոչ թե հայ պատգամավորների, այլ հայկական հարցով զբաղվողների: Նա մանրամասնում է, որ Հայ դատի աշխատանքների արդյունքում համակիրներ ունեն բուլղարացի պատգամավորների շրջանում, 2 անգամ կարողացել են հարցը մտցնել խորհրդարանի օրակարգ, բայց առայժմ չի հաջողվել այն անցկացնել, ուստի այլ ուղիներ են որոնում: Օրինակ, փորձում են ցեղասպանությունը ճանաչել տալ քաղաքապետարանների մակարդակով, առաջինը Պլովդիվի քաղաքապետարանն է ճանաչել: Նրա խոսքով, կան քաղաքներ, որտեղ հայեր չեն ապրում, բայց ցեղասպանությունը ճանաչել են: Որոշ տեղերում իր ներդրումն է ունեցել տեղական «Ատակա» կուսակցությունը, որտեղ, Չալըքյանի ձեւակերպմամբ, ունեն բարեկամներ, որոնք իրենց հետ աշխատում են առանց կեղծիքների:
Ինչ վերաբերում է Բուլղարիայի հայկական «Վահան» թերթին, նշենք, որ մայիսի 22-ի համարում անդրադարձ կա ներհայկական խնդիրներին: Վերջերս թերթի աշխատանքը կազմալուծվել է, խմբագրության փականը փոխվել, իսկ դռան վրա դատական կատարածուի կնիք դրվել։ Ըստ «Վահանի», «Բուլղարիայում ոտնձգություն են կատարում հայկական մեդիաների վրա՝ ոչ թե ռումբերով եւ փամփուշտներով, այլ դուռերն կնքելով։ Դրա ետեւում կանգնած են ոչ թե ահաբեկիչներ, ինչպիսին է Հյոգուն Սամաստն, Հրանտ Տինկին մարդասպանն, այլ եկեղեցական վարչությունն՝ Պլովդիվի «Սուրբ Գեվորգ» եկեղեցու։ Եղիազար Ուզունյանն, Ռուբեն Չավուշյանն, Մարի Մարգիսյանն, Թագվոր Կարապետյանն, Մաքսուդ Գեւորգյանն, Ժիրայր Կարապետյանն եւ Հայկ Տոնիկյանն:  Հարգելի եկեղեցականները, տեսեք, ունեին մեծ կարիք դրամի։ Դրա համար նրանց հարկավոր էր «Համազգային» մշակույթի կազմակերպության կողմից հրատարակվող «Վահան» լրագրի կողմից զբաղեցնող նստատարածքը, որ կարողանան տալ վարձով, եւ դրանով լցնել դատարկված դրամարկղն։ Անգամ գործ հարուցեցին մեր դեմ, որ կարողանան բռնի կերպով մեզ վտարել տարածքից»:  «Վահանը» գրում է, որ Բուլղարիայի հայկական համայնքի պատմության մեջ երբեւէ նման դեպք չի գրանցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել