Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Օգոստոս 06,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսաներեքերորդ

ԽԵՐՈՎ ԶԱՆԳԵՐ

Իրիկունները Կասկադի շրջակայքում Գեւորգ Արմենակովիչ Հայրյանի ղեկավարությամբ քայլող ու մտածող նախկին պաշտոնյաների կարծիքով՝ Դեմիրճյան Կարենն իրականում շատ էլ երազում էր Բրեժնեւի անթիվ ու անհամար համբույրներից առնվազն մեկին արժանանալ, եւ իրիկունները Կասկադի շրջակայքում Գեւորգ Հայրյանի ղեկավարությամբ քայլող ու մտածող նախկին պաշտոնյաները քայլելով արտահայտում էին բացառապես էնպիսի մտքեր, որոնք էդ օրերին անձամբ Գեւորգ Արմենակովիչ Հայրյանին պաշարած ունեին, ու նրանց մտածածը մեկին մեկ համընկնում էր Գեւորգ Արմենակովիչ Հայրյանի մտածածին, եւ չնայած մշտապես պերճախոս Գեւորգ Հայրյանն էդ օրերին համարյա չէր խոսում, նրա ղեկավարությամբ իրիկունները Կասկադի շրջակայքում քայլողներն ու մտածողներն անսխալ ու անվրեպ էին կռահում Գեւորգ Արմենակովիչի մտքերը, եւ հատկապես թոշակի անցնելու էդ առաջին օրերին ու առաջին ամիսներին էր Գեւորգ Արմենակովիչը լռակյաց, որովհետեւ, չնայած առաջացած տարիքին, իր թոշակի անցնելը նախկինում չէր ենթադրել ու չէր պատկերացրել, եւ իր մերձավոր շրջապատի համար էլ էր իր թոշակի անցնելն անսպասելի ու աներեւակայելի, որովհետեւ անցյալ դարի երեսնականներից սկսած՝ ընդհուպ ութսունականների սկզբները Գեւորգ Արմենակովիչ Հայրյանը զանազան երեւելի պաշտոններ էր վարել՝ «Պրավդայի» հատուկ ու սեփական թղթակից, Կենտկոմի ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի վարիչ, Լուսավորության, այնուհետեւ Կինոյի մինիստր եւ այլն, եւ երբ Կարեն Սերոբիչը Գեւորգ Արմենակովիչին թոշակի ուղարկեց, էդ պահին Հայրյանը «Սովետական գրող» հրատարակչության տնօրենն էր, եւ իր տնօրինության օրոք արդեն բանաստեղծ էի եւ իր տնօրինության օրոք երկու գիրք տպագրեցի, եւ չնայած Հայրյանն էդաստիճան երեւելի պաշտոններ էր զբաղեցրել, ժամանակին ինքն էլ էր գրականությամբ ու գրականագիտությամբ սկսել, եւ «Սովետական գրող» հրատարակչությունում իր տնօրինության օրոք վերստին գրականություն վերադարձավ եւ իր տնօրինության օրոք մի քանի գրքեր տպագրեց՝ մի վեպ, պատմվածքների մի գիրք եւ երգիծական աֆորիզմների մի տարօրինակ ժողովածու, որի մեջ տեղ գտած երգիծական աֆորիզմներից մեկը հետեւյալն էր՝ «Ճակատն էնքան նեղ էր, որ ոչ մի կնճիռ չէր տեղավորվում:», եւ երբ ութսունականների սկզբներին Գեւորգ Արմենակովիչը թոշակի ուղարկվեց, շատերն ու հատկապես իր ղեկավարությամբ իրիկունները Կասկադի շրջակայքում քայլողներն ու մտածողներն սկսեցին խոսել էն մասին, որ Սերոբիչն Արմենակովիչի դույն գրքի դույն աֆորիզմը կարդալով՝ անմիջապես գլխի է ընկել, որ էդ աֆորիզմն անձամբ իրեն է վերաբերում, եւ անմիջապես գլխի ընկնելով՝ անմիջապես Հայրյանին թոշակի է ուղարկել, եւ էդպես կարծողները չէին տեսնում ու չէին նկատում, որ իրականում Գեւորգ Արմենակովիչի ճակատն ավեի նեղ էր, քան՝ Կարեն Սերոբիչինը, եւ էդպես կարծողները չէին կարծում, որ թոշակի գնալու պահին Հայրյանը վաղուց արդեն թոշակի տարիքից անց էր. այսինքն, իրականում արտառոց ոչինչ տեղի չէր ունեցել, եւ եթե էդ ամենի մեջ արտառոց ինչ-որ բան կար, անձամբ Հայրյանի ու հատկապես իր ղեկավարությամբ իրիկունները Կասկադի շրջակայքում քայլող ու մտածող նախկինների համար էր արտառոց, եւ դրա պատճառներից հիմնականն էն էր, որ թոշակի գնացածը ոչ թե սովորական մարդ ու սովորական պաշտոնյա էր, այլ՝ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության հիմնադիրներից մեկը, ինչպես նաեւ՝ Հայկոմկուսի հիմնադիրներից մեկը, եւ եթե առաջիններից չէր՝ հաստատ երկրորդներից էր, եւ մյուս առաջիններից ու երկրորդներից տարբերվում էր ոչ միայն նրանով, որ միանգամայն գրագետ անձնավորություն լինելով՝ ժամանակին Չարենցի ու Բակունցի դեմ որեւէ բան չէր գրել, այլեւ ու հիմնականում նրանով, որ Գեւորգ Արմենակովիչ Հայրյանն ինչ պաշտոն էլ զբաղեցրել էր, չափազանց դրական ու չափազանց մնայուն հետք էր թողել, եւ էս ասածս առավել համոզիչ ու առավել պատկերավոր կլինի, եթե հավելեմ, որ Գեւորգ Արմենակովիչ Հայրյանի՝ Կինոյի մինիստր աշխատած տարիներին մեկը մյուսի հետեւից նկարահանվեցին ու էկրան բարձրացան «Եռանկյունին», «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներն» ու «Նռան գույնը». այսինքն, հիմնականում էն ֆիլմերը, որոնցով հպարտացել, հպարտանում ու շարունակելու ենք հպարտանալ, եւ, կարծում եմ, սրանով ահագին բան ասացի ու չեմ պատրաստվում որեւէ բան ավելացնել, որովհետեւ առանց էդ էլ ասելիքիցս ահագին շեղվեցի, եւ, եթե հիշում եք, ասելիքս ստին ու հետո նաեւ քծնանքին էր վերաբերում, եւ Գեւորգ Արմենակովիչի ու Կարեն Սերոբիչի հետ կապված էդ պատմությանն անդրադառնալով՝ ընդամենն ուզում էի ասել, որ, ինչպես շատ ու շատ այլ երեւույթներ, քծնանքն էլ է չափազանց հարաբերական երեւույթ, եւ եթե Հայրյանի եւ իր շրջապատի կարծիքով ոչ բոլոր հանրապետությունների առաջին քարտուղարներին էր Բրեժնեւին քծնելու ու նրա համբույրին արժանանալու իրավունք ու հնարավորություն տրված, շատերի ու նաեւ իմ կարծիքով՝ արհեստավարժ ու բնատուր քծնողների իրավունքներն իրականում ոչնչով սահմանափակված չեն, իսկ ինչ վերաբերում է հնարավորություններին, արհեստավարժ ու բնատուր քծնողների համար դրանք էլ են անսահմանափակ ու անսահման, եւ եթե ութսունականներին ամեն իրիկուն Կասկադի շրջակայքում Գեւորգ Արմենակովիչ Հայրյանի ղեկավարությամբ քայլող ու մտածող նախկինների կարծիքով՝ Կարեն Սերոբիչը ոչ թե Լեոնիդ Իլյիչին չէր քծնում, այլ դրա իրավունքը չուներ, դա էդ նախկինների կողմից ոչ թե Հայրյանին քծնելու ու դուր գալու փորձ էր, այլ՝ միանգամայն ինքնուրույն մտածողություն, որովհետեւ ութսունականների սկզբներից մինչեւ ութսունականների վերջերը Կասկադի շրջակայքում իրիկունները քայլողներն ու մտածողներն անձամբ էլ էին վիրավորված Հայկոմկուսի ու անձամբ Կարեն Սերոբիչի վերաբերմունքից, որովհետեւ Հայրյանի պես իրենց էլ էին ժամանակից շուտ թոշակավորել, եւ ժամանակից շուտ թոշակավորվելով՝ համոզված էին, որ առանց իրենց Սովետական Հայաստանն ու մանավանդ Հայկոմկուսը դժվար թե երկար գոյատեւեն, եւ որ ասում եմ՝ ժամանակից շուտ էին թոշակավորվել, էդ իրենց կարծիքն եմ ասում, որովհետեւ իրենք էլ ու Հայրյանն էլ յոթանասունն անց մարդիկ էին. այսինքն, իրականում իրենք ավելի ուշ էին թոշակավորվել, քան՝ Սովետական Հայաստանի սովորական ու շարքային քաղաքացիները, եւ իրենց կարծիքով՝ իրենց վաղաժամ թոշակավորելը դավադիր հարված էր ոչ թե անձամբ իրենց, այլ՝ Սովետական Հայաստանի եւ հատկապես Հայկոմկուսի ուղիղ սրտին, բայց, էս ու մյուս գլխավոր հարցերում Հայրյանին համակարծիք լինելով, վաղաժամ թոշակավորվածներն այլ հարցերում էլ Հայրյանին չէին հակաճառում, եւ եթե որոշ հարցերում Հայրյանին համակարծիք չէին, էդ դեպքերում էլ էին գլխով Հայրյանին հավանության նշաններ տալիս, եւ դա ոչ թե քծնանք էր, այլ՝ սուբորդինացիայի հստակ ու պարտաճանաչ դրսեւորում, ավելի ճշգրիտ՝ իներցիոն սուբորդինացիայի դրսեւորում, որովհետեւ էդ պահի դրությամբ Հայրյանն արդեն իրենց հավասար թոշակառու էր, ավելի ճիշտ՝ իրենց հավասար անհատական թոշակառու, քանի որ իրենց շարքերում սովորական թոշակառուներ չկային՝ բոլորն էլ անհատական թոշակառուներ էին, քանի որ բոլորն էլ ժամանակին առնվազն փոխնախարարներ ու զանազան հիմնարկների տնօրեններ էին եղել, բայց քանի որ Գեւորգ Արմենակովիչ Հայրյանն անհամեմատ բարձր պաշտոններ էր վարել, իրենք իներցիայով շարունակում էին հնարավորինս հարգել ու հնարավորինս ենթարկվել Գեւորգ Արմենակովիչին, եւ, էլի եմ ասում, դա ոչ թե իմ ու ձեր իմացած քծնանքի դրսեւորումն էր, այլ՝ իներցիոն սուբորդինացիայի միանգամայն բնական եւ միանգամայն բարոյական դրսեւորում, եւ հիմա որ էս ուղղությամբ ավելի ու ավելի եմ մտածում, սկսում եմ հասկանալ, որ էդ երեւույթը նույնիսկ գեղեցիկ էլ է՝ էն իմաստով, որ տվյալ մարդը տվյալ մարդուց արդեն որեւէ կախում չունի, բայց լավ էլ հարգում է, ավելի ճիշտ՝ շարունակում է հարգել էդ՝ արդեն պաշտոն չունեցողին, ու ասածս էս գեղեցիկ բանը ոչ միայն սովետական, այլեւ կապիտալիստական ժամանակների նախկին բարձրաստիճաններին է վերաբերում, եւ եթե երբեւէ ընդդիմության հանրահավաքներին մասնակցել եք, նկատած կլինեք՝ ինչպես են նախկին նախարարները հարգանքով ու գորովանքով վերաբերվում նախկին վարչապետ Բագրատյանին, կամ, ասենք, ինչպիսի հարգանքով ու գորովանքով են նախկին փոխնախարարները վերաբերվում նախկին նախարարներին, եւ բոլորը միասին՝ Առաջին նախագահին, եւ, համաձայնվեք, սրա մեջ բավական գեղեցիկ բան կա, եւ մանավանդ Հայրյանի ու Բագրատյանի դեպքերում է գեղեցիկ, որովհետեւ էս երկու դեպքերում էլ ոչ միայն իներցիոն սուբորդինացիան է առկա, այլեւ՝ գաղափարն ու գաղափարախոսությունը, ավելի ճիշտ՝ քաղաքական գաղափարն ու քաղաքական գաղափարախոսությունը, իսկ ավելի պարզ՝ Հայրյանը հայաստանյան սոցիալիզմի գաղափարախոս հիմնադիրներից էր, իսկ Բագրատյանը՝ կապիտալիզմի, եւ, ինչպես Հայրյանն ու իր արբանյակները, Բագրատյանն ու իր արբանյակներն էլ են իրենց ոչ թե նախկին չինովնիկներ համարում, այլ՝ տվյալ պետության ու տվյալ ֆորմացիայի գաղափարական հիմնադիրներ, եւ ութսունականների վերջերին, երբ Խորհրդային պետության փլուզումն էականորեն սկիզբ առավ, հայրյանականներն ու անձամբ Հայրյանն առանձնապես չտխրեցին. ավելին. Սովետի փլուզումն ու Գորբաչովի անճարակությունը, ինչպես նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի ու անձամբ Տեր-Պետրոսյանի առաջխաղացումները ոչ միայն չէին տխրեցնում, այլեւ, կարելի է ասել, ոգեւորում էին Հայրյանին ու արբանյակներին, որովհետեւ ԽՍՀՄ փլուզումն ու «Ղարաբաղ» կոմիտեի առաջխաղացումները հիմնականում համընկնում էին Հայրյանի ու արբանյակների կանխատեսումներին. ավելին. երկրի փլուզումն ու արագընթաց փոփոխություններն իրականության մեջ ավելի արագ էին տեղի ունենում, քան՝ Հայրյանի ու արբանյակների արդեն ծերացած ու հոգնած ուղեղներում, եւ երբ ութսունութի գարնանը գահընկեց արվեց Հայկոմկուսի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը, Հայրյանն ու արբանյակներն ընդամենը մի կարճ ժամանակ գոհացան, իսկ կարճ ժամանակ անց սկսեցին ի խորոց սրտի տագնապել իրենց իսկ հիմնադրած երկրի ապագայի համար, եւ երբ իրենց հիմնադրած երկիրը վերջնականապես վերացավ, իրիկունները Կասկադի շրջակայքում քայլելով՝ հիմնականում քայլում ու հիմնականում լռում էին, եւ իրենց էդ հանապազօրյա քայլքն արդեն հիմնականում առողջարարական նպատակներ էր հետապնդում, եւ չնայած առաջվանից ավելի արագ ու ավելի առույգ էին քայլում, դա ընդամենը բժիշկների ցուցումով էր, եւ հիմնականում լռելյայն ու անխոս էին քայլում՝ ոչ միայն էն պատճառով, որ առողջարարական արագ քայլքը խոսելու հնարավորություն առանձնապես չի տալիս՝ հատկապես էդ տարիքի արագ քայլողներին, այլեւ էն պատճառով, որ Հայրյանն արդեն իրենց ցուցումներ չէր տալիս ու չէր ղեկավարում, որովհետեւ չգիտեր՝ ինչ ցուցումներ տար եւ ինչպես ղեկավարեր, եւ էդ օրերին իր միակ մխիթարանքն էն էր, որ ինքը ժամանակին Համալսարանում Լեւոնին ու Վանոյին դաս էր տվել, եւ էդ հանգամանքը ժամանակ առ ժամանակ նշելով ու շեշտելով՝ ներքուստ կարծես թե հպարտանում էլ էր, եւ հիմնականում իմ ներկայությամբ էր հպարտանում՝ մշտապես նշելով ու շեշտելով, որ իմ ու Վանոյի առաջին գրքերն իր տնօրինության օրոք ու անձամբ իր նախաձեռնությամբ են տպագրվել, եւ չնայած իրականում էդ էդքան էլ էդպես չէր, ես Հայրյանին չէի հակաճառում, բայց, էդ ամենով հանդերձ, չեմ կարող ասել թե՝ Հայրյանն առանձնապես ոգեւորված էր Ղարաբաղյան շարժումով, եւ նմանապես չեմ կարող ասել թե՝ էդ օրերին Հայրյանը որեւէ բանով ոգեւորված էր, եւ Կարեն Սերոբիչի գահընկեցությունից հետո Սերոբիչի հանդեպ իր չարությունն էլ կարճ ժամանակ անց նախ մեղմվեց, այնուհետեւ իսպառ վերացավ, եւ մշտապես պերճախոս ու շատախոս Գեւորգ Արմենակովիչն էդ օրերին չափազանց քչախոս ու չափազանց շիվարած էր, որովհետեւ ոչ միայն չէր հասկանում՝ հետագայում ինչ է լինելու, այլեւ արդեն եղածն ու տեղի ունեցածն էլ չէր հասկանում, եւ ընդհանրապես որեւէ բան չէր հասկանում եւ ժամանակ առ ժամանակ խոստովանելով ասում ու կրկնում էր՝ «բան չեմ հասկանում» եւ մեկից ու հանկարծակի ուրբաթախոս ու քչախոս դառնալով՝ ժամանակ առ ժամանակ էդ երեք բառերն էր արտասանում՝ «բան չեմ հասկանում», եւ հիմա ես էլ չեմ հասկանում՝ ինչու հանկարծ թռա ու էսքան երկար լռվեցի Գեւորգ Արմենակովիչ Հայրյանի շրջապատում, որովհետեւ ընդամենը քծնանքի մասին էի խոսում եւ հանկարծ Հայրյանին ու իր մերձավոր անհատական թոշակառուներին հիշեցի, ավելի ճիշտ՝ ես ստի ու ստախոսության մասին էի խոսում եւ հանկարծ քծնողներին ու չքծնողներին անդրադարձա, եւ հիմա ստին ու ստախոսությանը վերադառնալով՝ պիտի նորից ասեմ ու կրկնեմ, որ սուտն ու ստախոսությունը վերջերս մեր կյանքում ավելի են շատացել, ավելի ճիշտ՝ ոչ թե շատացել են, այլ ավելի տեսանելի ու ավելի լսելի են դարձել, ընդ որում՝ բջջային ունեցողների սուտն ու ստախոսությունն են ավելի տեսանելի ու ավելի լսելի դառել, եւ դրանք հիմնականում անվնաս ու անշառ ստեր են, որոնք ավելի ծիծաղելի են, քան՝ վտանգավոր ու վնասակար, եւ մանավանդ բջջային չունեցողներիս համար են ծիծաղելի, եւ հատկապես ինձ համար են ծիծաղելի, որովհետեւ բջջային չունենալով եւ երթուղայիններով, մետրոյով ու հիմնականում ոտքով երթեւեկելով՝ բազմիցս եմ տեսել ու լսել՝ ինչպես են բջջային ունեցողներն իրենց բջջայիններով ուրիշների ու մանավանդ իրենց մերձավորների բջջայիններին միանալով՝ ոտի վրա հազար տեսակ ստեր հորինում ու ասում, ընդ որում՝ ավելի հաճախ ոչ թե ոտի վրա են էդ ստերը բստրում ու ասում, այլ՝ մետրոյում կամ երթուղայիններում նստած՝ միանգամայն հանգիստ վիճակներում, եւ չնայած էս ասածս շատերի համար սովորական երեւույթ է դառել, ինձ համար ոչ մի կերպ սովորական չի դառնում ու երեւի երբեւէ չդառնա էլ՝ քանի դեռ ինքս բջջային չունեմ, եւ որպեսզի ասելիքս էսպես խճճելով՝ ավելի ու ավելի չբարդացնեմ, հիմա եւեթ կասեմ, որ առաջ էլ ու հիմա էլ ինձ համար չափազանց արտառոց երեւույթ է՝ երբ մարդ արարածը Հանրապետության հրապարակում իր բջջայինին զանգ ստանալով՝ հենց ոտի վրա ստում ու ասում է՝ «մարշրուտնու մեջ եմ. հես ա տուն եմ հասնում», եւ երբ զարմացած նայեցի բարձր-բարձր ստող էդ հրապարակային ստախոսին, ինքն ինձ ավելի զարմացած նայեց՝ առանց դույզն-ինչ գիտակցելու, որ օրը ցերեկով Հանրապետության հրապարակում բռնվել է հրապարակային ստախոսության մեջ, կամ, ասենք, բոլորովին այլ մի դեպք. մեկ այլ բջջայինի երիտասարդ մի բաժանորդ իսկապես մարշրուտնու մեջ իր բջջայինին զանգ ստանալով՝ զանգողին բացատրելով ասաց՝ «ես հիմի մարշրուտնու մեջ եմ, արդեն տեղ եմ հասնում, Խանջյանի վրա եմ», եւ ես զարմացած նայեցի դույն երիտասարդին եւ չէի էլ կարող զարմացած չնայել, որովհետեւ երբ դույն երիտասարդը դույնն ասաց, մեր երթուղայինը դեռեւս Բարեկամության վրա էր, ավելի ճշգրիտ՝ նոր-նոր մեր Գրողների միության շենքին էր մոտենում, այսինքն՝ Խանջյանից ահագին հեռու էինք, եւ անհասկանալի էր՝ ինչու էր դույն երիտասարդ բաժանորդը դույն սուտն ասում, բայց էս հիշածներս մի քանի տարի առաջվա դեպքեր են՝ երբ բջջային հեռախոսը մեր կյանքում միանգամայն նոր երեւույթ էր ու դեռեւս մեր կյանքի բոլոր ծակուծուկերն ու բոլորի գրպանները չէր սողոսկել, ու էդ էր պատճառը, որ էդ երկու դեպքերում էլ ապշեցի, եւ չնայած հիմա էլ եմ նմանատիպ անտեղի ու անիմաստ ստերի վրա զարմանում, այդուհանդերձ, աչքերս ու ականջներս արդեն հնարավորինս վարժվել են դրանց, ու հիմա առանձնապես չեմ ապշում, իսկ ուրիշները նույնիսկ չեն էլ զարմանում, որովհետեւ արդեն բոլորն էլ բջջային հեռախոսներ ունեն եւ արդեն ոչ միայն ուրիշների, այլեւ իրենց իսկ ստախոսությունն էլ չեն զգում ու չեն նկատում, եւ միակ բանը՝ որ նկատում ու նկատելով զարմանում են, բջջային չունենալս է, եւ չնայած, ի տարբերություն Տերյանի դպրոցի իմ համադասարանցի Գագոյի, բջջային չունենալուս պատճառով ուրիշ մեկը չի տուժել, այդուհանդերձ, բջջային չունենալուս հանգամանքի վրա ուրիշները Գագոյից պակաս չեն զարմանում, եւ ամենից ավելի բուքմեյքերականների խաղընկերներս են բջջային չունենալուս հանգամանքից զարմացած, ու էդ են դեպքում՝ որ ե՛ս պիտի ամեն օր իրենց վրա զարմանայի, որովհետեւ իրենք ամեն օր են զարմանալու առիթներ տալիս. օրինակ, երբ երեկ երեկոյան Սաշիկի կինը զանգեց Սաշիկի բջջայինին ու հարցրեց՝ երբ է տուն գնալու, Սաշիկը կնոջը պատասխանելով ասաց, որ կես ժամից տանը կլինի, եւ ես էդ պահին արդեն գիտեի, որ Սաշիկը խաբում է կնոջը, որովհետեւ էդ պահի դրությամբ Սաշիկը խաղադրույք էր դրել իր մշտական «Չելսիի» վրա, ու մինչեւ խաղը չավարտվեր, տուն չէր գնալու. ավելին. եթե խաղն ավարտվեր Սաշիկի ուզածով, հնարավոր է՝ ժամուկեսից տանը լիներ, բայց եթե խաղը Սաշիկի չուզածով ավարտվեր, Սաշիկն, ինչպես միշտ, հաջորդ խաղերի վրա էր բախտը փորձելու, ու էդպես էլ եղավ, որովհետեւ «Չելսին» ընդամենը մի գնդակի տարբերությամբ հաղթեց «Ուիգանին», մինչդեռ Սաշիկին պետք էր, որ «Չելսին» երկու ու ավելի գոլերի տարբերությամբ հաղթեր, բայց քանի որ չհաղթեց, Սաշիկն անմիջապես սկսեց թենիսի վրա բախտը փորձել, ու էդպիսով Սաշիկի կես ժամը չորսուկես դառավ, ու ես գլխանց գիտեի, որ էդքան է դառնալու, որովհետեւ էդ պահի դրությամբ Դրոգբան ու էլի մի քանիսն Աֆրիկայի առաջնությանն էին մասնակցում եւ, բնականաբար, «Չելսիի» կազմից բացակայում էին, բայց խաղի ընթացքում էդ մասին Սաշիկին որեւէ բան չասացի, որովհետեւ երբ մտա բուքմեյքերական, Սաշիկն արդեն խաղադրույքն արել էր, բայց էականն էն է, որ դրանից հետո էլ ու ամեն օր էլ Սաշիկենց տնեցիք ու հատկապես Սաշիկի կինը զանգելու են Սաշիկին ու Սաշիկից միշտ նույն պատասխանն են ստանալու՝ «կես ժամից տանը կըլնեմ», ու հերթական անգամ Սաշիկից խաբվելով՝ նորից ու նորից զանգելու ու հարցնելու են՝ «ե՞րբ ես գալու», եւ հիմնականում կինն է հարցնելու, եւ Սաշիկը հիմնականում կնոջը խաբելով՝ կես ժամն առնվազն երեք է դարձնելու, ու էս կերպ շարունակելով՝ կինը Սաշիկից բնավ չի նեղանալու եւ ստախոսության համար ամուսնուն չի մեղադրելու, որովհետեւ կինը երեւի հասկանում է, որ իր բջջային հեռախոսի հիմնական իմաստներից մեկն էլ էն է, որ բջջայինով զանգի եւ ամուսնու գտնվելու տեղը ճշտի, եւ ամուսնու բջջայինի իմաստներից մեկն էլ էն է, որ էդ բջջայինով իր գտնվելու տեղը կնոջն ասի ու նաեւ իրազեկի թե՝ երբ է տուն համենալու, եւ Սաշիկն իր բջջայինով ամեն իրիկուն կնոջն իր ժամանման մոտավոր ժամն է հայտնում, եւ Սաշիկի կնոջն էդքանն էլ է բավարարում, որովհետեւ Սաշիկի կնոջն, ըստ ամենայնի, ավելի շատ Սաշիկի ողջությունն է հետաքրքրում, քան՝ նրա գտնվելու վայրն ու նույնիսկ ժամանման ժամը, եւ, էս ամենից էլ բացի, Սաշիկի կինը, ըստ ամենայնի, մյուս կանանց պես ենթագիտակցորեն զգում ու հասկանում է, որ եթե մարդկությունը կրթվելով ու զարգանալով՝ բջջայինի ղայդի մի առարկա է ստեղծել, ուրեմն էդ առարկան պիտի հնարավորինս գործածվի ու օգտագործվի, եւ Սաշիկն էլ տնեցիների ու հատկապես կնոջ էդ իրիկնային պերմանենտ զանգերից առանձնապես չի նեղվում ու չի նյարդայնանում. ավելին. կնոջ էդ իրիկնային զանգերից լավ էլ ուրախանում է, որովհետեւ արդեն բազմիցս իր վրա զգացել է, որ կնոջ էդ իրիկնային զանգերը հիմնականում խերով են. այսինքն, կնոջ էդ իրիկնային զանգերից հետո մարզաշխարհում ընթացող ու տեղի ունեցող խաղերն ավելի ու ավելի են Սաշիկի սրտով գնում, քան՝ նախքան կնոջ զանգելը. ավելի հասկանալի ասած՝ կնոջ էդ զանգերից հետո Սաշիկն սկսում է կրել, իսկ ավելի մասնագիտորեն ասած՝ էդ պահին մարզաշխարհում ընթացող ու տեղի ունեցող խաղերի վերջնական արդյունքները մեկին մեկ համընկնում են Սաշիկի խաղադրույքների էությանն ու բովանդակությանը, եւ չնայած «Չելսիի» դեպքում էդպես չեղավ, «Չելսիից» անմիջապես հետո Սաշիկի հաջողությունն սկսվեց, որովհետեւ «Չելսիի» հետ կապված անհաջողությունից հետո Սաշիկը մնաց ու բախտը փորձեց թենիսի գծով, եւ, ի վերջո, էս անգամ էլ, ինչպես համարյա միշտ, կնոջ զանգից հետո բախտը սկսեց ժպտալ Սաշիկին, եւ Սաշիկն ուշացումով, բայց չափազանց բարձր տրամադրությամբ ու կրած գնաց տուն, բայց էս ասածներս ոչ թե նշանակում են թե՝ Սաշիկն իր կնոջ զանգից հետո՝ ամեն օր շահած է տուն գնում, այլ ընդամենը նշանակում են, որ Սաշիկն ահագին տանուլ տալուց ու կնոջ զանգից հետո է միայն սկսում շահել. այսինքն, կնոջ զանգից առաջ Սաշիկն էնքան է տանուլ տված լինում, որ կնոջ զանգից հետո շահելով ու շահելով՝ նույնիսկ տանուլ տվածի կեսը չի հաջողացնում հետ վերադարձնել, ու էս ասածներիցս հետո դուք անկասկած ինձ ու առնվազն ինքներդ ձեզ հարց կտաք՝ իսկ ինչո՞ւ Սաշիկը չի համբերում ու կնոջ զանգից հետո միայն իր խաղադրույքները չի դնում, եւ ես ձեր էս հարցը չափազանց տրամաբանական համարելով եւ ի գիտություն ընդունելով՝ պիտի ձեզ բացատրելով իրազեկեմ, որ խաղամոլներս առանձնապես չենք փայլում տրամաբանությամբ ու մանավանդ համբերությամբ, ու որ էսպես տրամաբանելով ձեզ հետ միասին զարմանում եմ թե՝ ինչո՞ւ Սաշիկը կնոջ էդ իրիկնային զանգերից հետո միայն իր օնլայն խաղադրույքները չի գրում, էդ նրանից է, որ արդեն երկրորդ ամիսն է՝ ինքս էլ խաղադրույքներ չեմ դնում:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել