Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԻԿ ԵՎ ՆԱԽԻՐԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԵՆ ԼՈՂՈՒՄ ՍԵՎԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 09,2011 00:00

\"\"Շրջիկ երաժիշտները՝ Սեւանի դեմքերը

Սեւանա լիճն ամեն տարի այնտեղ հանգիստը կազմակերպողներին նորովի է «ներկայանում»: Տարեցտարի ավելանում են հանգստյան գոտիները, թանկանում խորովածի մանղալները, տաղավարները, «տապչանները»: Նորամուծությունն այս տարի այն էր, որ ՀՀ կառավարությունը հանրային լողափերի համար պետբյուջեից 134 միլիոն դրամ հատկացրեց: Հանրային \"\"լողափերը ստեղծվեցին ՀՀ նախագահի հանձնարարականով եւ նպատակ ունեին ապահովել ազգաբնակչության հանգստի անվճար եւ արդյունավետ կազմակերպումը:
Հանրային լողափերի առկայությունը ցանկալի էր, սպասված ու պարտադիր, բայց դա չի նշանակում, որ դրանց մաքրության հարցը պետք է անուշադրության մատնվի: Քայլելով հանրային լողափերով, ոտքիդ տակ ինչ ասես, որ չի ընկնի՝ ձմերուկի կեղեւներից, խեցգետնի եւ այլ ուտելիքների մնացորդներից մինչեւ հանգստացողների՝ ափում մոռացած լողազգեստներն ու պոկված ու այնտեղ շպրտած հողաթափերը: Հանրային լողափերը նպատակ ունեին ապահովել ազգաբնակչության հանգստի արդյունավետ ու ոչ թե հակահիգիենիկ կազմակերպումը, որոնք իրենց փնթի վիճակներով հիշեցնում են Բանգլադեշի շուկայի «բիրիքնոցը»: Օրինակ, չպետք է նույն «բուդկայում» միաժամանակ վաճառվի հաց, անհայտ ծագման պերաշկի՝ կողքին լուցկի, անհասկանալի, անտրամաբանական պայմաններում այդ «բուդկայում» եփած խեցգետին՝ կողքին ծխախոտ, զուգարանի թուղթ, եփած եգիպտացորեն եւ այլն: Վաճառվող սննդամթերքն էլ «էստի համեցեք» չասելու համար առավոտից երեկո բաց վիճակով չպետք է փռված լինի սեղանիկին:
Մոտավորապես նույն հակահիգիենիկ վիճակներում չեն դադարել մնալ նաեւ վճարովի լողափերը: Այստեղ էլ իրենց մաքուր վիճակը սահմանափակվում է միայն «իրենց տարածքով»: Օրինակ, «Գեղամա» հանգստյան գոտին, որտեղ դարպասներից ներս ամեն ինչ փայլում է, նույնիսկ աղբամաններն են դասակարգված՝ պլաստիկ շշերի եւ մնացյալի, բայց դարպասներից ներս ջրում լողում ու արեւային լոգանք են ընդունում մարդիկ, իսկ դարպասներից դուրս՝ կովերը:
Կովերի հսկայական նախիրը (300-400 գլուխ) առավոտից իրիկուն «հանգստանում» է «Գեղամա» լողափին կից «հանրային լողափում», ստացվում է, որ նույն ջրում լողում են եւ մարդիկ, եւ կենդանիները: Մեր հարցին՝ այստեղ մարդիկ են լողում, իսկ դուք նախի՞րն եք ջուրը մտցնում, նախիրը «նայողը» ասաց, թե «կովերն էլ են շոգում» եւ որ Սեւանը միայն մարդկանց՝ «Էրեւանցիքի» համար չի, ու իրենք «պրոբլեմ» չունեն ու «վափշե» Սեւանի որ ափը ուզեն՝ կովերին կտանեն:
Այս տարի Սեւանի լողափերը «հարստացել էին» կենդանի երաժշտությամբ: 1000 դրամի դիմաց շրջիկ, «արհեստավարժ» դուդուկահարը, դհոլչին ու ակորդեոնիստը, որոնք, իրենց խոսքով, «Սեւանի դեմքերն էին»՝ երգում էին ցանկացած երգ: «Մեծածավալ պատվերների» դեպքում «երաժիշտները» պատրաստ էին նույնիսկ անձրեւի տակ կամ գիշերը ժամը չորսին ուրախացնել մարդկանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել