Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեգործական փողեր՝ փողայինների համար

Սեպտեմբեր 09,2011 00:00

\"\"Կամ՝ Օպերային թատրոնը փորձում է թարմացնել ժամկետանց նվագարանները

«Առավոտի» ուշադրությունը գրավեց «Առնո Բաբաջանյան» համերգասրահում սեպտեմբերի 10-ին կայանալիք Փողային կամերային երաժշտության բարեգործական համերգի հայտագիրը, որից ստացված հասույթը կտրամադրվի փողային գործիքների ձեռքբերման ֆոնդին: Մեր հետաքրքրության արդյունքում պարզվեց, որ համերգի կազմակերպիչը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնն է, նպատակն էլ իրենց նվագախմբի համար փողային գործիքների ձեռքբերումն է: Նկատենք, որ բարեգործական համերգին նվագախմբի արտիստներից, այդ թվում՝ կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյանից բացի, իրենց մասնակցությունն են բերել հայ երաժշտասերին արդեն ծանոթ շվեյցարաբնակ ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը, իսպանացի հոբոյահար Յորդի Բերտրան Սաստրեն եւ ֆրանսիացի ֆագոտահարուհի Միշել Մելոդին:
Հետաքրքիր մի դիտարկում. եւ խորհրդային տարիներին, եւ դրանից հետո, եթե չասենք անտարբեր, ապա գոնե ոչ ուշադիր վերաբերմունք է եղել փողային նվագարանների նկատմամբ: Մինչդեռ արեւմուտքում, սկսած անցյալ դարի կեսերից, մեր հարեւան Վրաստանում էլ վերջին տարիներին կազմակերպվում են փողային նվագարանների միջազգային փառատոներ: Եվ հետաքրքրական մի փաստ. դրանց անցկացման ժամանակ իբրեւ պարտադիր ծրագիր հնչում է Ալեքսանդր Հարությունյանի աշխարհահռչակ Շեփորի եւ նվագախմբի կոնցերտը: Առաջ ընկնելով հույս հայտնենք, որ Ազգային օպերային թատրոնի այս նախաձեռնությունը գուցե միջոց դառնա եւ բացահայտի տաղանդավոր կատարողներ, նաեւ ստեղծի համապատասխան բազա՝ հետագայում մեզանում փառատոների կազմակերպման եւ փողային գործիքների հանդեպ հետաքրքրություն ձեւավորելու համար: Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ վերջին 2-3 տարիների ընթացքում «Ազգային պատկերասրահ», «Վերադարձի», Դասական երաժշտության երեւանյան փառատոներին 3-4 անգամ տարբեր փողային գործիքներ հանդես են եկել իբրեւ մենակատար: Այս առիթով դերակատարում ունի ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը, որը ներկայումս կատարելագործվում է Ցյուրիխի երաժշտական բարձրագույն դպրոցում: Հենց հայ երաժշտի կապերով էլ երեւանյան համերգներին սիրով մասնակցել են նաեւ նրա օտարազգի կոլեգաները: «Առավոտը» ժամանակին անդրադարձել է ֆագոտահարի ջանքերով Երեւանում անցկացված հնագույն գործիքների I Canzonieri անսամբլի համերգին եւ Ազգային օպերային թատրոնում Ցյուրիխի երաժշտական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Սիլվիա Բաումանի կողմից առաջին անգամ անցկացված «Ալեքսանդրյան տեխնիկայի» վարպետության դասընթացներին:
Անդրադառնալով կայանալիք Փողային կամերային երաժշտության համերգին, մեզ հետաքրքրող որոշ հարցերի պատասխաններ ակնկալելով դիմեցինք Ազգային օպերային թատրոնի փոխտնօրեն Լեւոն Ջավադյանին: Պարզվեց, որ այս համերգով, ինչպես արդեն նշեցինք վերեւում, թատրոնը սկսում է ակցիա: Մինչեւ տարեվերջ կկայանա եւս երեք երեկո, կանցկացվի սիմֆոնիկ երաժշտության երեկո, բալետային գալա համերգ եւ, ինչպես ընդունված է Եվրոպայում՝ օպերային երաժշտության մեծ գալա համերգ: Ակցիայի շրջանակներում հանդես կգա թատրոնի ողջ ստեղծագործական խումբը (նվագախումբ, երգչախումբ, բալետային խումբ, մենակատարներ): Հարցին՝ փողային գործիքների արժեքը սկսվում է 2-3 հազար եվրոյից, էլ չասենք, որ կոնտրֆագոտն արժե մոտ 40 հազար, իսկ թատրոնին անհրաժեշտ է շուրջ 20 նվագարան, ակնկալո՞ւմ եք այդպիսի մեծ գումար, Լ. Ջավադյանը նախ նշեց, թե վերջին տարիներին կառավարության օգնությամբ ձեռք է բերել մի քանի գործիք, հետո էլ հայտնեց. «Ակնկալում ենք, որ ակցիայի ընթացքում եւ հետո բարեգործությանը կմիանան հայաստանյան եւ արտերկրյա մշակութային հիմնադրամներն ու բարերարները»: Ողջունելով ֆագոտահար Շմավոն Գրիգորյանի գաղափարը, մանրամասնեց, որ երաժշտի այլազգի գործընկերները Հայաստան են ժամանել իրենց միջոցներով, հավելելով, որ հայ երաժշտի հետ նրանք բեմ են բարձրանում տարբեր նախագծերում:
Երեւանի կոնսերվատորիայի 9 տասնամյակների ընթացքում մշտապես դասավանդել են փողային գործիքների հիանալի պրոֆեսորներ եւ, բնականաբար, բուհը տվել է բարձրակարգ շրջանավարտներ: Հարցին, թե օպերայի տնօրինության մտքով չի՞ անցել անցկացվելիք ակցիայի ընթացքում համագործակցել կոնսերվատորիայի հետ, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանի հետ զրուցել են այս առիթով եւ համաձայնության եկել, որ ժամանած երաժիշտները վարպետության դասեր անցկացնեն ուսանողների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել