Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԵՆ» ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ

Սեպտեմբեր 27,2011 00:00

\"\"Ասում է ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը

– Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական առաջին համաժողովի ժամանակ Ձեր ելույթը ՀՀ իշխանությունների հասցեին լուրջ քննադատություն էր: Մասնավորաբար հայտարարեցիք. «20-ամյա քաղաքական կառավարման այս ձեվը ցույց տվավ, որ այն չի կրնա լուծել քաղաքացիին առջեւ դրված կենսական հարցերը, եվ մենք իսկապես կարիքը ունինք Հայրենիքին մեջ համակարգի փոփոխության:
Այսօր Հայաստանի համար կենսական նշանակություն ունին ընկերային արդարությունն ու դասակարգերու միջեվ տնտեսական բեվեռվածությունը: Երբ տնտեսական գերակա դիրքն ու քաղաքական գերակա վիճակը կմիանան իրարու, այստեղ արդեն իբրեվ տուժող կողմ հանդես կուգա ժողովուրդը՝ Հայաստանի պարզ քաղաքացին, պարզ աշխատավոր ժողովուրդը կապրի կաշառակերության, պետական պաշտոնեության հատվածի մը կամայականության պայմաններուն տակ»: Սփյուռքից հնչող նման քննադատությունը համեմատաբար նոր իրողություն է: Դուք Հայաստանում բիզնես եք ծավալել: Ձեր հայտարարությունից հետո պետական որեւէ օղակից որեւէ արձագանք ստացե՞լ եք: Եթե այո, ապա ումի՞ց եւ ի՞նչ են ասել: Եթե ոչ՝ ինչպե՞ս եւ ինչո՞վ եք բացատրում սփյուռքահայ ներդրողի պատասխանատու հայտարարությունը անտարբեր թողնելը:
– Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը երբեք եվ երբեք չի առաջնորդվել պատեհապաշտությամբ եվ կուսակցական նեղ շահերով: Այո, իմ ելույթի մեջ կար քննադատական բաժին, ինչն ուղղակի արտացոլանքն է վերջին 20 տարիների հայաստանյան իրողության: Ի՞նչ է, նորությո՞ւն է որեվէ մեկիս համար, որ կա պետական պաշտոնեության մի հատված, որն իրեն ամենակարողն է համարում, նորությո՞ւն է, որ երկրում կա կաշառակերություն: Դրա մասին բարձրաձայնում են նաեվ իշխանությունները: Ես իմ խոսքի մեջ նշեցի, որ դրական ենք համարում նախագահի վերջին շրջանի հայտարարություններն ու քայլերը` այս արատավոր խնդիրների դեմ պայքարում, սակայն նաեվ հավատացած ենք, որ առկա լիբերալ, վայրի համակարգն է, որ հանգեցնում է այս վիճակին: ՍԴՀԿ-ն համոզված է, որ միայն սոցիալ-դեմոկրատական, ընկերային, աշխատավոր մարդու շահերի պաշտպանության համակարգը կարող է լուծել այս խնդիրները: Ինչ վերաբերում է իմ ներդրումներին, այո, գաղտնիք չէ, որ ես  ունեմ ներդրումներ: Ներդրումներն անձնական են, եվ կուսակցության քաղաքական գծի հետ դա կապ ունի այնքանով, որ մեր տնտեսական նպատակը Հայաստանի հեռավոր շրջանների եվ գյուղերի զարգացումն է, ոչ թե Երեվանի կենտրոնի:
– Նույն համաժողովում խոսեցիք նաեւ արտագաղթի մասին: Հայաստանից հեռանում են նաեւ գործարարները՝ նաեւ Ձեր նշած պատճառներով: Այս պայմաններում որքանո՞վ է նպատակահարմար հայության ուժերի մեկտեղման թեմայով համաժողովը, ինչո՞ւ պիտի սփյուռքահայ ներդրողը Հայաստանում գործ ձեռնարկի:
– Աշխարհում կա ընդունված մի արտահայտություն, թե՝ գործարարն ազգություն չունի, նա իր գումարները ծախսում է այնտեղ, որտեղ շահ ունի: Այս բանաձեվմանը ես կտրականապես դեմ եմ: Այո՛, սփյուռքահայ ներդրողը պետք է գումարներ դնի Մայր Հայրենիքում, որովհետեվ պարտավոր է, եթե իրեն հայ է համարում: Այլ խնդիր է, որ Հայաստանի կառավարությունն էլ պետք է այդ ներդրողների համար արտոնյալ որոշակի պայմաններ ստեղծի` խրախուսելու համար: Ի դեպ, ինչ վերաբերում է գործարար ներդրումներին, ապա, ի տարբերություն 90-ականների, մեր երկրում այլեվս չկա «առնել-փախնելու» խնդիրը: Այսինքն՝ ես վստահ եմ, որ խելացի գործարարը կարող է Հայաստանում հաջող գործ բռնել: Այո, դժվարություններ, բնականաբար, կան, եվ այդ դժվարությունների եվ խոչընդոտների մասին ես խոսեցի Սփյուռք-Հայրենիք համաժողովին: Վստահ եմ, որ պատկան մարմինները նույնպես քաջատեղյակ են խնդիրներից:
– Համաժողովի ժամանակ  կարեւորեցիք համահայկական մարմին ստեղծելու խնդիրը: Ձեր առաջարկած մարմինը ի՞նչ խնդիրներով է զբաղվելու, ի՞նչ իրավունքներ եւ պարտականություններ է ունենալու: Ինչո՞ւ պետք է բարեկեցիկ Արեվմուտքում ապրողն ու լարված, աղքատ Հայաստանում ապրողը Հայաստանի հարցում նույն իրավունքներն ունենան:
– Այս մասին  Հնչակյան կուսակցությունն առաջարկել է տարիներ առաջ: Ֆրանսիայի խորհրդարանում մի քանի ամիս առաջ կազմակերպված մի մեծ խորհրդաժողովի ժամանակ մենք վերահաստատեցինք մեր առաջարկը:  Համահայկական մարմնի ստեղծումն անհրաժեշտություն է` ազգային, պահանջատիրական հարցերը քննարկելու, համայն հայության կարծիքն այդ խնդիրներին լուծում տալու ժամանակ հաշվի առնելու համար: Դուք ասում եք, թե ինչու Արեվմուտքում բնակվող հայը պետք է նույն առավելություններն ունենա, ինչ հայաստանցին: Սակայն չպետք է մոռանանք, որ դասական Սփյուռքը ձեվավորվել  է ոչ թե մեր կամքով, այլ ճակատագրի բերումով, հայրենազրկման պատճառով: Մեր պապերն են, որ կոտորվել են թրքական յաթաղանից, մեր պապերն են, որ ստիպված են եղել կորցնել հայրենի եզերքը:  Վստահ եմ, որ Հայրենիք-Սփյուռք միասնությունն է մեր հաջողության գրավականը, ուստի ճիշտ կլինի, որպեսզի ազգային կարեվորության հարցերը քննարկվեն նաեվ սփյուռքահայերի մասնակցությամբ:  Մենք ողջունում ենք  Ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովի ստեղծումը նախագահի կողմից եվ հուսանք, որ մեր առաջարկած մարմինն էլ մի օր կյանքի կկոչվի:
Սփյուռքի  կազմակերպությունների, ավանդական կուսակցությունների կարեվորագույն գործը հային հայ պահելն է: Օր օրի ծանրացող այս խնդրի լուծումը անասելի կհեշտանա, երբ Հայաստանը դառնա հարուստ, բարեկեցիկ, ազատ եվ սոցիալական արդարության երկիր: Ուրեմն ամեն մի սփյուռքահայ իրեն  օգնելու համար նախ պիտի օգնի Մայր Հայրենիքին: Վստահաբար ասում եմ, որ Համահայկական մարմնի ստեղծումով այս խնդիրը կլուծվի:
– Ձեր ելույթը հարիր էր ընդդիմադիր ուժի, մասնավորաբար՝ ՀԱԿ-ի, որից ինչ-ինչ պատճառներով հեռացաք: Հնարավո՞ր է, որ 2012-ի ԱԺ կամ 2013-ի ՀՀ նախագահի ընտրություններում համագործակցեք Կոնգրեսի հետ կամ դառնաք Կոնգրեսի անդամ:
– Ես ընդհանրապես չեմ ուզում այդ թեմայի մասին խոսել, բայց քանի որ հարցը տվել ես՝ պատասխանեմ: Ժամանակին, երբ ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպությունը մաս էր կազմում այդ կառույցին, մենք խոսում էինք այդ խնդիրների մասին: Մենք մեր սկզբունքներից դուրս չենք եկել, ընդհակառակը՝ այդ միավորն էր, որ փորձեց խառնվել մեր ներքին գործերին, ազգային հարցերում որդեգրեց նահանջողական քաղաքականություն, եվ այդ իսկ պատճառով մենք դուրս եկանք այդ կառույցից:  Այդ առումով մեր որոշումը վերջնական է: Հնչակյան կուսակցության եվ այդ մարմնի միջեվ ճանապարհների, գաղափարների եվ գործելաոճի հստակ տարանջատում կա, ուստի ձեր ասած դաշինքի մասին խոսելն առնվազն իրատեսական չէ: Ինչպե՞ս կարող է ՍԴՀԿ-ն մաս կազմել մի կառույցի, որը ոչ միայն ողջունում, այլեվ ԱՅԼՈՑԻՑ պահանջում է ճնշել  Հայաստանի  իշխանություններին, որպեսզի  նրանք շուտափույթ համաձայնվեն չարաբաստիկ Մադրիդյան սկզբունքներով Արցախի հարցի կարգավորմանը: Ինչպե՞ս կարող է 125-ամյա Մայր կուսակցությունը մաս կազմել մի կառույցի, որը ժողովրդին ասում է, որ կվերականգնի սոցիալական արդարությունը անձերի փոփոխության ճանապարհով: Սա մանուկների խաղ է: Սոցիալական արդարությունը վերականգնել հնարավոր է միայն համակարգի փոփոխման միջոցով, որը ստեղծել է այդ անարդարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930