Լրահոս
Օրվա լրահոսը

Ձու գողացողը ձի՞ էլ կգողանա

Հոկտեմբեր 14,2011 00:00

\"\"Երբեմն մանկապարտեզներում ուրիշի իրերը վերցնող երեխաներին ընկալում են որպես գողեր

Մանկապարտեզներից մեկում միջին տարիքային խմբի դայակն ու դաստիարակը քիչ է մնացել մարդասպանություն անեն: Ամիսներ շարունակ մանկապարտեզից ու հատկապես այդ խմբից պակասել են տարբեր իրեր՝ սկսած երեխաների հագուստից, մինչեւ սպասքի պարագաներ, գումար ու մազակալներ: Դայակը կարծել է, որ դաստիարակն է անշնորհքություն անում, դաստիարակն էլ կարծել է, որ դայակն է «ձեռքից թույլ»: Ի վերջո, տարբեր անհարմար իրավիճակներից հետո գլխի են ընկել, որ չափահաս մարդը դժվար թե պայուսակից մաստակ ու կոնֆետ հաներ կամ մանկապարտեզի պատերի վրայից գողանար թիթեռներ ու գունավոր թղթով պատրաստված մուլտհերոսներ:
Հայաստանում պաշտոնական վիճակագրություն չկա, թե քանի երեխա է տառապում կլեպտոմանիայով, բայց միայն մի քանի մանկապարտեզներում կատարած մեր հարցումները ցույց տվեցին, որ նման երեխաների հաճախ են հանդիպում, ընդ որում՝ հիմնականում 5-6 տարեկան տարիքային խմբում: Մեր հարցին՝ երբ նկատում եք, որ երեխան վերցրել է իրեն չպատկանող որեւէ իր ու թաքցրել գրպանում, ի՞նչ եք անում՝ դաստիարակներն ու դայակները վստահեցնում էին, որ զրուցում են երեխայի հետ, բացատրում, հասկացնում, մինչդեռ իրականում այդ դաստիարակչական զրույցները փոխարինվում են ապտակով, երեխային իր հասակակիցների առաջ ամոթանք տալով ու ավելի մեկուսացնելով:
Մանկապարտեզներ կային, որոնց տնօրենները նման երեխաների մասին հարցը լսելուն պես արդեն տագնապահար էին լինում ու որքան էլ փորձում էինք հասկացնել, որ դա հոգեբանական խնդիր է եւ երեխան ըստ էության մեղավոր չի՝ մնում էին իրենց համոզման, որ «ձու գողացողը ձի էլ կգողանա»: Թիվ 78 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Ավագյանի խոսքերով՝ «Վա՜յ, Աստված չանի, որ նման երեխաներ ունենանք, էս ի՞նչ եք ասում, մեր երեխաները նորմալ երեխաներ են: Էդ արյան մեջ պիտի լինի, ժառանգական գալիս է ծնողներից, փառք Աստծո, մենք նման երեխաներ չունենք»:
Մանկապարտեզներից մեկում պատմեցին, որ ամեն ճաշից հետո երեխաներից մեկը թռցրել է կամ գդալը, կամ պատառաքաղը. «Ամեն անգամ բոլորի պատառաքաղները հավաքում էի՝ իրենը ոչ: Պարզ է, որ պատառաքաղը այդ երեխային պետք չէր, ուղղակի հիվանդություն է»: Մանկավարժները պատմում էին, որ երբ գրպանը ուրիշի խաղալիքը թաքուն պահած երեխային հարցնում են, թե ինչո՞ւ է վերցրել, որպես կանոն պատասխանում են՝ «Տանում եմ մամայիս ցույց տամ»:
Թիվ 46 մանկապարտեզի տնօրեն Գայանե Աղաբեկյանը նշեց. «Պատահում է, երբ երեխաները մանկապարտեզի խաղալիքներն են թաքուն վերցնում, որ տանեն տուն: Մենք գտնելու դեպքում երբեք երեխային ամոթանք չենք տալիս ու նրան հանցագործի պես չենք վերաբերվում: Դաստիարակչական աշխատանք է պետք տանել, միգուցե սխալը մեր մե՞ջ պետք է փնտրել: Իհարկե, փորձում ենք սովորեցնել երեխային, որ հարցնի, նոր տանի իրեն չպատկանող իրը, բայց հասկանում ենք, որ եթե երեխան շատ է ուզում այդ խաղալիքն ունենալ, ամեն կերպ պետք է փորձել տալ նրան դա»: Թիվ 80 մանկապարտեզի տնօրեն Հ. Եփրիկյանը նույնիսկ հավաստիացնում էր, որ երեխային «չի կարելի» էլ չեն ասում, որովհետեւ հակադաստիարակչական է. «Բացատրում ենք, ասում ենք, Արամի՛կ ջան, այստե՛ղ խաղա, մանկապարտեզի խաղալիքը մի՛ լցրու գրպանդ, մայրիկին ասա, քեզ համար կառնի այդ խաղալիքից, բայց նրան չենք ճնշում»: Թիվ 81, 85 եւ 86 մանկապարտեզներից ասացին, որ նման դեպքեր չեն ունեցել:
Թե ինչ պետք է անեն մանկապարտեզի աշխատակիցները կամ ծնողները՝ «հանցագործություն» կատարած փոքրիկի հետ, մեզ հետ զրույցում «Այգ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը խորհուրդ տվեց ոչ մի դեպքում երեխային չպատժել. «Երբ խոսքը մանկապարտեզ հաճախող երեխայի մասին է, այդ դեպքում կլեպտոմանիա չի կարելի ասել, մինչեւ 6 տարեկան երեխաների համար այդ վարքագիծն այլ կերպ է բացատրվում: Բանն այն է, որ երեխաները իրեր են տանում այն մարդկանցից, ում շատ են մեծարում եւ ուզում են նմանվել: Օրինակ, եթե դաստիարակի պայուսակից ինչ-որ բան են վերցնում, այդ միջոցով նրանք ուզում են հասկանալ, թե ո՞վ է դաստիարակն իրականում, ինչո՞վ է զբաղվում, ավելի շատ տեղեկություն են ուզում ստանալ նրա մասին, նմանվել նրան, որովհետեւ դաստիարակը երեխայի համար հզոր է: Վստահ եմ, որ նույն երեխան հաճույքով կնայի, թե տանը ինչով է զբաղվում իր դաստիարակը, ինչ է անում եւ այլն: Դաստիարակը, դայակը պետք է ոչ թե ապտակեն երեխային, այլ հարցնեն՝ դու ուզում ես իմանալ, թե ի՞նչ կա իմ պայուսակում, ես ո՞վ եմ, արի քեզ պատմեմ»:Հոգեբանի դիտարկմամբ՝ «Երեխաներն այդ միջոցով ուշադրություն են ուզում գրավել: Ոչ մի մանկապարտեզ ապահովագրված չէ դրանից: Նույնիսկ հնարավոր է՝ մանկապարտեզները թաքցնում են այդ դեպքերը, որովհետեւ կարծում են՝ գործ ունեն հանցագործի ու հանցագործության հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել