
Պետք է հաշվի առնել նաեւ մի հանգամանք. հայտնի է, որ Հայաստանի նախորդ երկու նախագահները հստակորեն ունեցել են որոշակի կադրային նախապատվություններ։
Առաջին նախագահը «գրավը» դրել էր հիմնականում իշխող կուսակցության՝ ՀՀՇ-ի մարդկային եւ ինտելեկտուալ ռեսուրսների վրա, որոնք, ինչպես հայտնի է, մինչեւ 1998-ի իշխանափոխությունը (թերեւս նաեւ մինչ օրս) լուրջ փոփոխությունների չեն ենթարկվել։
Երկրորդ նախագահը վարել է ավելի բարդ կադրային քաղաքականություն. այն է՝ ուժային ոլորտները ձեւավորել է հիմնականում՝ Ղարաբաղյան պատերազմի բովով անցած իր զինակիցներից, ստեղծել կոալիցիոն կառավարման մոդելը, որը, անշուշտ, նորություն էր անկախ Հայաստանի համար։
Երրորդ նախագահի իշխանության օրոք կոալիցիոն կառավարման մոդելի պահպանումը զուգորդվել է Հանրապետական կուսակցության դերի բարձրացման հետ։ Սակայն վերջինս ամենեւին էլ չի ձգտում վերադառնալ ՀՀՇ-ի օրոք ստեղծված՝ փաստորեն միակուսակցական կառավարման համակարգին, երբ դաշնակից մյուս ուժերը, ըստ էության, դեկորացիաների դեր էին խաղում։
Ավելին՝ փորձ է արվում հնարավորինս ամրապնդել գործող քաղաքական կոալիցիան, այն է՝ ձեւավորել մի համակարգ, որը կարող է լինել նախորդ երկու նախագահների օրոք ստեղծված քաղաքական իրողությունների յուրահատուկ սիմբիոզը՝ Հանրապետականի առաջատար դերակատարության զուգորդումը կոալիցիոն կառավարման համակարգի հետ։
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»


















































