
Վերջապես հասա Հանրապետության հրապարակ: Ես մեր քաղաքի այս հատվածը շատ եմ սիրում: Նստեցի քարին ու սկսեցի կարդալ Ազգային պատկերասրահի պատերի վրա գրված հայտարարությունները. «սիրուն աղջիկներ զանգահարեք միայնակ տղուն 077?????? » , «Անահիտ, Կարեն, Աշոտ… » , «Ես քեզ սիրում եմ» և տարբեր տեսակի ու բնույթի առաջարկներ:
Ուշադրությունս այդ գրառումներից շեղեց ինչ-որ ոչ մարդկային ծիծաղ: Շրջվեցի, պարզվեց, որ ծիծաղողները սովորական մարդիկ էին, որոնց ծիծաղի առիթ էր տվել մի զբոսաշրջիկի սանրվածք: Նայեցի ժամացույցին. արդեն ուշ էր, պետք էր շտապել: Կանգառում սպասում էի երթուղային տաքսու, երբ մի մարդ, ով ելակներ էր վաճառում , մոտեցավ 2 օտարերկրացիների և առաջարկեց իր ապրանքը: Նրանք համաձայնեցին գնել, և ես սպասում էի, թե ինչ գին կպահանջի վաճառողը. սովորականի համաձայն մի քանի անգամ ավելի թանկ: Դա էլ ունի իր ջերմությունը: Անկախ ինձանից սկսեցի ժպտալ, երբ լսեցի ելակների գինը: Ես ճիշտ էի:
Ինչքան տարբեր են մարդիկ իրենք մտածողությամբ, հայացքներով: Ինչ զարմանալի է իմ քաղաքը, անգամ անշուք աշնանը: Մարդիկ իրենց հայացքներով էլ ավելի գեղեցկացնում են ու ամառային տեսք են տալիս Երևանին, այս խոր աշնանը: Ամեն ինչ այնքան հետաքրքրիր է: Երբեք այսքան ուշադիր չէի եղել անցնող – դարձող մարդկանց հայացքներին ու անգամ Երևանիս պատերին ու եղանակին:
Սոնա Դամիրյան
Հայկական պետական տնտեսագիտական համալսարան
4-րդ կուրս


















































