Դեկտեմբերի 18-28-ը Թուրքիայի Մարդին քաղաքում անցկացվելիք շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունում մասնակից երկրների չորս փոփոխություն է կատարվել: Առաջնության պաշտոնական կայքէջում ԱՄՆ-ի, Կուբայի, Ալժիրի եւ Պերուի խորհրդանիշերին փոխարինել են Հայաստանի, ՀԱՀ-ի, Հնդկաստանի եւ Հունաստանի պետական դրոշները:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության կազմակերպիչների եւ մասնակից այս չորս երկրների հավաքականների միջեւ կազմակերպական եւ այլ բնույթի հակասություններ էին առաջացել եւ Թուրքիայի շախմատային ֆեդերացիան հայտնվել էր մրցաշարի անցկացումը տապալելու իրական վտանգի առջեւ: Ուստի խայտառակությունից փրկվելու եւ մասնակից երկրների կազմը համալրելու նպատակով՝ ՖԻԴԵ-ի օգնությամբ, աջակցություն էր խնդրել նաեւ ՀՇՖ-ից, ինչն էլ բավարարվել է: Այսպիսով, կանանց աշխարհի թիմային առաջնության վերջնական կազմն այսպիսին է.
Ռուսաստան, Ուկրաինա, Չինաստան, Վրաստան, Հայաստան, Հնդկաստան,Հունաստան, Վիետնամ, ՀԱՀ եւ Թուրքիա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: