
Հայ-ռուս սլավոնական համալսարանի ուսանողուհի Անահիտ Խաչատրյանն առանձնապես չի նախապատրաստվում Ամանորին. աշխատում և մոդուլների է պատրաստվում: «Աշխատավայրը արդեն զարդարել ենք, իսկ համալսարանում էլ մոդուլային տրամադրություն է»,- ասում է նա:
Ճարտարագիտական համալսարանի ուսանող Արսեն Քիշմիրյանի խոսքերով, իրենց ֆակուլտետում դեռևս տոնածառ չի տեղադրվել: «Ամանորն այնքան էլ չեմ սիրում, իսկ իմ տրամադրությունն ինստիտուտում միշտ էլ տոնական է, անկախ նրանից տոնածառ կա, թե` ոչ» : Սովորում է Ռադիոտեխնիկայի և կապի ֆակուլտետում:
ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի մի քանի ուսանողներ էլ պտտվում էին տոնածառի շուրջն ու լուսանկարվում: Ուսանողներից մեկի խոսքերով էլ, տոնածառն իրենց մանկությունն է հիշեցրել.«Չնայած քննական այս ծանր շրջանին մի քանի րոպեով ինձ մանուկ զգացի: Կցանկանայի նույնիսկ ներկա գտնվել տոնածառը զարդարելու այդ գեղեցիկ արարաողակարգին, բայց կարծես թե ուշացել եմ»: Իսկ ընկերուհին կողքից ավելացնում է.«Միայն չեմ հասկանում, թե ինչու են այս նապաստակի դիմակները դրված տոնածառի վրա: Իմաստ չեմ տեսնում. չէ° որ 2012-ը Վիշապի տարի է» :
Քրիստինա Միրզոյան


















































