
Արմեն Հովհաննիսյանն, ով ԵՊՀ-ի ուսանող է, սիրում է Ամանորը և ամեն տարի փորձում է ավելի հետաքրքիր դարձնել այն: «Մի արարողակարգ կա, որն ամեն տարի անում եմ: Նախօրոք մի թղթի վրա գրում եմ այն ցանկություններիս ու ծրագրերիս մասին, որոնք կցանկանայի այդ տարի իրականություն դառնային և ուղիղ կեսգիշերին այն գցում եմ շամպայնով լի գավաթի մեջ ու խմում»,-պատմում է Արմենը: Խոստովանում է, որ այս տարի մի շատ հետաքրքիր գաղափար ունի Ամանորի գիշերն ավելի գեղեցիկ ու ինքնատիպ դարձնելու համար: «Մի աղջիկ կա, ում հետ պետք է խոսեմ Ամանորի գիշերն այնքան ժամանակ, մինչև հասնեմ իրենց տուն: Մենք տարբեր քաղաքներում ենք ապրում: Մի մեծ անակնկալ եմ պատրաստել նրա համար, կարծում եմ կհավանի»,-ասում է նա՝ չցանկանալով նշել անակնկալն ու օրվա հերոսուհուն:
Տնտեսագիտական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Աղաջանյանն ամեն տարի երեք ցանկություն է գրում և դնում տոնածառի տակ:«Դնում եմ, բայց միայն տոնածառը հավաքելու ժամանակ եմ հիշում դրա գոյության մասին»,-ասում է նա: Գրառումներով լի թուղթը տարվա ընթացքում պահում է իր մոտ և ուշիուշով հետևում՝ իրականանում է այն, թե` ոչ:
Թայիս Կարամեկյանն, ով ապրում է Սան Պաուլոյում, ֆեսբուքյան հարցազրույցի ընթացքում մեզ պատմեց, թե ինչպես են բրազիլիացիներն անցկացնում իրենց Ամանորը: Այդ օրը նրանք բոլորը ծովափում են լինում: 7 անգամ մտնում են ծովն ու երազանք պահում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Ամանորին սեր գտնել, ծովին թիկունքով են կանգնում և կարմիր ծաղիկներ նետում, փող ցանկացողներն էլ ծով դեղին ծաղիկներ են նետում, իսկ սպիտակ ծաղիկներ նետողներն էլ խաղաղություն են ցանկանում:
Քրիստինա Միրզոյան


















































