Դերասան Խորեն Լեւոնյանի հետ հանդիպումը տեղի ունեցավ երեւանյան սրճարաններից մեկում: Զրույցը հետաքրքիր էր. պարզեցինք՝ նշանակվել է հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի տնօրեն, խոսեցինք նրա ստեղծագործական կյանքից, նոր ծրագրերից, սերիալներում նկարահանվելու նրա վերաբերմունքից, հասկացանք նրա արձագանքը որոշ երեւույթների նկատմամբ 😉 :

Արդեն մոտ երկու տարի է՝ հայկական ֆիլմերում եւ թատրոնում դերասանին չենք տեսնում, այդ մասին ինքն ասում է. «Երեւի ռեժիսորները չեն գտել մի դեր, որ ես կխաղամ»: Այսօրվա կինոյի վիճակն էլ համարում է աղետալի, պատճառն էլ համարում է «բացթողումը». «Երեւի մարդ չկա, որ ասի` ինչն է կարեւոր, ինչը` ոչ: Մտածում են փողի մասին, դրանով գումար են աշխատում, բայց մոռանում են այն սերունդի մասին, որ վաղը գալու է: Մեր մանկության հերոսները ուրիշ էին, հիմա դրանք փոխվել են: Այն, ինչ որ այսօր ցույց են տալիս հեռուստատեսությամբ, երեխաները ցանկանում են կրկնօրինակել, եթե այդպես շարունակվի, մեր եւ ձեր երեխաները վաղը կլքեն երկիրը»,- անհանգստանում է դերասանը: Ասում է՝ երբեւէ սերիալներում նկարահանվելու առաջարկ չի ստացել. «Ես շատ պատճառ կարող եմ ասել, բայց դա ….»,- չի ցանկանում շարունակել դերասանը:
Հայկական ֆիլմերում վերջերս չի նկարահանվել, բայց անցած տարի խաղացել է էպիզոդիկ մի դեր՝ ռուսական «Пять невест» ֆիլմում. «Մոսկվայում ֆիլմի շատ մեծ պրեմիերա եղավ, գլխավոր դերերում Դանիել Կոզլովսկին եւ Լինա Բոյարսկայան են: Շատ հետաքրքիր ֆիլմ է, ռեժիսորը հայ է` Կարեն Հովհաննիսյանը, հայկական հումորով է, 1945թ պատերազմի տարիների մասին է, շուտով հայկական հեուստաեթերում էլ կհայտնվի»,- ասում է Խորեն Լեւոնյանը: Ռուսական ֆիլմում նկարահանվելը շատ բան տվեց հայ դերասանին. «Երբ նստեցի ինքնաթիռ, ցանկանում էի, որ ինքնաթիռս ընկներ, խորտակվեր, չէի ուզում վերադառնալ, այնտեղ անվերջ կարող էի նոր բան սովորել»: «Пять невест» -ում նկարահանվելուց հետո նոր առաջարկներ եղել են, դրանք քննարկվում են, բայց որոշ առաջրակներին էլ դերասանն ընդառաջ չի գնացել. «Թող գոռոզ չհնչի, բաներ կան, որ ես չեմ համաձայնվի անել»,- ասում է նա:
Հանրային հեռոււստաընկերությունում աշխատելուց Խորեն Լեւոնյանը երբեք չի հրաժարվել, այլ հեռուստաընկերություններից էլ հրավերներ չի ստացել. «Որովհետեւ հիմա բոլորը բոլորին բաժանել են իրար մեջ, կան թագավորություններ եւ ծառաներ, եւ այս մեկը չպետք է այստեղ գնա, մյուսը՝ մեկ ուրիշ տեղ»,- ասում է նա:
Դերասանի վերջին հանգրվանը թատրոնն է: Այդ մտքի հետ համաձայն է Խորեն Լեւոնյանը: Վերջին տարիներին էլ խաղաց «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ներկայացման մեջ:
Խորեն Լեւոնյանն ասում է. «Դերասանի համար ամենակարեւոր բանը մարդկանց մտքերում ինչ-որ բան փոխելն է»: Փոքր-ինչ կաշկանդվում, բայց հպարտություն է զգում, երբ նրան նմանեցնում են պապիկին. «Բոլորը մտածում են`ես պետք է լինեմ այնպես, ինչպես Խորեն Աբրահամյանն էր, բայց չեն հասկանում, որ մարդիկ տարբեր են: Բայց պապիկիս նմանությունը մեծ հպարտություն է, նաեւ պատասխանատվություն, որ բաներ կան արդեն արված են, եթե չես կարող ավելի լավ անել, ուրեմն ավելի վատ մի՜ արա»,- ասում է նա: Դերասանն իրեն հպարտ եւ գոռոզ չի համարում: Զարմանում է մեր դիտարկումից՝ նրան շատերը սիրում են, բայց միեւնույն ժամանակ համարում հպարտ, գոռոզ. «Ի՞նչ անեմ, փողոցում խեղճուկրակ կանգնե՞մ, որ մարդիկ մտածեն՝ ես գոռոզ չեմ»,- ասում է նա՝ ավելացնում՝ երբեւէ չի մտածել եւ չի ցանկացել մարդկանց մոտ նման տպավորություն ստեղծել: Իր անձնական կյանքի մասին չի ցանկանում խոսել, այն հրապարակային դարձնել. «Գիտե՞ք՝ ավելի ճիշտ է խոսել, թե մարդ ինչ է ստեղծում: Բոլորին հետաքրքրում է՝ ես ի՞նչ եմ անում, ու՞մ հետ եւ որտե՞ղ, բայց գուցե ես առողջական խնդիրներ ունե՞մ,- վրդովվում է դերասանը,- ես մի բան եմ ուզում ասել այն լրագրողներին, ովքեր ինչ-որ բան են փորփրում, որ իրենց սենսացիան ավելի ուժեղ լինի, իրենց թերթը լավ վաճառվի, թող իմանան, որ կարող է մի լուր տպագրեն, որ մեկին վնասի, առողջական խնդիրներ առաջացնի: Ամեն ինչին ձեւ կա, չափ, ինչի՞ են պարտադիր կեսին դարձնում ազգի հերոս, իսկ կեսի երեսին ցեխ շպրտում»: Երգչուհի Լիլիթի հետ հարաբերությունների մասին էլ չի ցանկանում խոսել, արդեն մեկ անգամ հայտնել է, հիմա էլ ասում է. «Ամեն ինչի դեղն ու դարմանը ժամանակն է, ժամանակն էլ ամեն ինչ կորոշի: Իմ կյանքը միայն իմն է, ես չեմ պատրաստվում մարդկանց այդ մասին պատմել»:
Հռիփսիմե Հովհաննիսյան


















































