Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի նախագահը ինքն իր խոսքին հակասեց

Հունվար 24,2012 13:15

«Կարեւորը ոչ թե ագռավի նման խոսելն է, այլ սոխակի նման ասելը, ինչը երեւաց մեր դեպքում»,- համոզված է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Երեկ Սոչիում նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումն ավարտվել է համատեղ հայտարարության ընդունմամբ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել բանակցային գործընթացը եւ ակտիվացնել այն:

Հայաստանի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահները երեկ ընդունեցին հերթական համատեղ հայտարարությունը, որում ասված է. «Երեք երկրների ղեկավարները ընդգծեցին 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկովյան հռչակագրի ընդունումից ի վեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքների մեծ ծավալը: Նախագահները հայտարարեցին, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջընթաց է գրանցվել ղարաբաղյան կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում: Հաշվի առնելով Խաղաղ համաձայնության մշակմանն անցնելու կարեւորությունը՝ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնել Հիմնարար սկզբունքների հարցով պայմանավորվածությունների ձեռք բերումը՝ նկատի ունենալով մինչ այժմ կատարված աշխատանքը: Երկու նախագահները բարձր գնահատեցին Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների միջնորդական գործունեությունը եւ հույս հայտնեցին, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում եւս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում՝ ընդհուպ մինչեւ տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը: Ի զարգացումն 2011 թվականի մարտի 5-ին Սոչիում ընդունված համատեղ հայտարարության դրույթի՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները ի գիտություն ընդունեցին համանախագահների զեկույցը՝ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի մասին, որը նրանք մշակել են ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցչի հետ համատեղ, եւ հանձնարարեցին շարունակել այդ աշխատանքը: Նախագահները վերահաստատեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում վստահության ամրապնդման ուղիներից մեկը կողմերի միջեւ հումանիտար կապերի զարգացումն է: Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահները հայտարարեցին իրենց պատրաստակամության մասին՝ նպաստելու մտավորականության, գիտական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջեւ երկխոսության հետագա ծավալմանը»:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով հայտարարության որոշ դրույթներ՝ նկատեց, որ այս անգամ եւս ադրբեջանական կողմի բոլոր քայլերը դատապարտելի եղան. «Այս հայտարարությունը հստակ տեղավորվում է խաղաղ բանակցությունների տրամաբանության մեջ, ավելին՝ համահունչ է հայկական կողմերի եւ ՀՀ նախագահի կողմից իրականացվող ազգային քաղաքականությանը, եւ սա հստակ ազդակ է, զգուշացում՝ ուղղված Ադրբեջանին, որպեսզի այս երկիրը ետ կանգնի իր վարած քաղաքականությունից»: Ըստ մեր զրուցակցի՝ հայտարարության մեջ պարզորոշ է երեւում, որ ղարաբաղյան խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում, եւ կարեւորվել է հենց այն, ինչ հայկական կողմերը մշտապես ասում են եւ այդ կերպ էլ վարվում են՝ ի տարբերություն ադրբեջանական կողմի, ում ռազմական հռետորաբանությունը վաղուց է հոգնեցրել բոլորին: ԱԺ փոխնախագահը համոզված է, որ երեք երկրների կողմից ստորագրված հայտարարությունը, ի դեպ, չմոռանանք, որ այս հայտարարությունը ստորագրել են ոչ միայն Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները, այլեւ Ադրբեջանինը, նշանակում է, որ այս երկրի կողմից տարածվող ռազմատենչ եւ ագրեսիվ հայտարարությունները ընդունելի չեն մյուսների համար: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ ստորագրելով Սոչիում այս հայտարարությունը, Ադրբեջանի նախագահը ինքն իր խոսքին հակասեց: Հիշեցնենք, որ Սոչիի հանդիպումից մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը իր երկրում հայտարարել էր, թե ղարաբաղյան խնդիրը ունի երկու լուծում՝ կամ պատերազմ, կամ խաղաղություն: Մեր զրուցակիցը համոզված է, որ հարցի կարգավորման գործընթացում անփոխարինելի պիտի լինի Մինսկի խմբի ձեւաչափը, ավելին՝ հայտարարության մեջ նշված է, որ համանախագահության ձեւաչափը եւ համանախագահող երեք երկրները լուրջ անելիք ունեն մինչ այն պահը, քանի դեռ տարածաշրջանում խնդիրը վերջնական չի կարգավորվել. «Այսինքն՝ սա որեւէ շանս չի թողնում Ադրբեջանին եւ նրա հովանավորներին, որպեսզի իրենք խոսեն խնդրի լուծումն այլ ատյաններ տեղափոխելու մասին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս Ադրբեջանում մեծ քաղաքական փուչիկ էր փչվել՝ ի դեմս այն բանի, որ այդ երկիրը դարձել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ, մենք այսօր տեսանք եւս մեկ անգամ, որ սա հստակ ազդակ է, եւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համանախագահող երկրները վերահաստատում են (եւ շատ խոսուն է, որ սրան նաեւ Ադրբեջանն է միանում), որ Մինսկի խմբի ձեւաչափն այլընտրանք չունի: Սա այն կետն է, որի մասին մշտապես խոսել են հայկական կողմերը, նախագահ Սարգսյանը: Մենք մշտապես ենք ասել, առանց վարանելու, որ մեզ համար Մինսկի խմբի ձեւաչափը ամենաարդյունավետն է եւ այլընտրանք չունի: Սրանով ի դերեւ ելան բոլոր այն վայ փորձագետների, այսպես կոչված, կանխատեսումները, թե ձեւաչափը պետք է փոփոխվի, այսպիսով եւս մեկ անգամ պարզ դարձավ, որ կարեւորը ոչ թե ագռավի նման խոսելն է, այլ սոխակի նման ասելը, ինչը երեւաց մեր դեպքում»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031