
Ցուցահանդեսում ներկայացված նկաներն արվել են հայ երիտասարդների կողմից, ովքեր փորձել են ցույց տալ մարդու իրավունքների գաղափարն իրենց կյանքի առօրյա անկյուններից: Նկարները պատկերում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդվածները: Կազմակերպմանն աջակցել է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, իսկ այն կազմակերպվել է «Ինտեգրում» երիտասարդական հ/կ-ի կողմից իրականացված մարդու իրավունքների ծրագրի շրջանակներում: Ծրագրի կազմակերպմանն աջակցել են Նիդերլանդների Թագավորության դեսպանատան սոցիալական վերափոխման ծրագիրը եւ ABA/ CEELI Հայաստանը:
«Այս նկարներն արված են հայ երիտասարդ եւ տաղանդավոր ուսանողների կողմից: Դրանք կարծես թե, սովորական նկարներ են, ցույց են տալիս սովորական կյանք, բայց իրականում դրանք խորիմաստ են, որովհետեւ դրանց միջոցով ցուցադրվում է, թե ինչպես է իրականացվում մարդու իրավունքը Հայաստանում»,- ասում է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, նկատում է՝ հայ երիտասարդը բավական ակտիվ է իր իրավունքների պաշտպանության գործում եւ ամեն ինչ անում է, որ պաշտպանվեն ոչ միայն իր, այլեւ իր ընկերների, շրջապատի եւ հասարակության իրավունքները:


















































