
Կարծիքները տարբեր են, սակայն մասնագետներն այդ թեմայի շուրջ ունեն իրենց բացատրությունը: Այն հարցին, թե «Կանա՞յք են ավելի հաճախ ներողություն խնդրում, թե՞` տղամարդիկ» «Psychological Science» ամսագրում տպագրված հետազոտությունից ելնելով` գիտնականները պատասխանել են, որ տղամարդիկ ավելի քիչ են ներողություն խնդրում և մեղքը վերցնում իրենց վրա, քան հակառակ սեռի ներկայացուցիչները: Փորձի ժամանակ 120 մարդուց միայն 66-ն է ներողություն խնդրել, որտեղ կանանց թիվը մի քանի անգամ գերազանցել է տղամարդկանց թվին: Այդտեղից էլ կանադացի գիտնականները եզրակացրել են, որ կանանց «ներողության» թվի գերազանցումը պայմանավորված է վիրավորանքի նկատմամբ վերջինների վերաբերմունքով: Փաստորեն, տղամարդիկ ավելի քիչ են ներողություն խնդրում, քան կանայք, որովհետև նրանք ավելի անտարբեր են վիրավորանքների նկատմամբ` դրանք համարելով ոչ այդքան վիրավորական (չենք խոսում բացառությունների մասին):
Ըստ հոգեբան Ստեփան Հովհաննիսյանի` շատերի համար ներուղություն խնդրելը սեփական սխալների համար զղջալու և դրանում ուրիշներին համոզելու հնարավորություն է: Իսկ 1997-2004 թվականներին Իսրայելի հասարակական գործիչների, տարբեր կազմակերպությունների և ինստիտուտների 354 պայմանական «ներողություններն» ուսումնասիրած Հեբրյույի Համալսարանի պրոֆեսոր Զոհար Քամֆթի համոզմամբ, «Ներիր, կներեք և այլն» բառերը հանրության համար նշանակալից դեր ունեն, քանի որ դրանք կարող են նվազեցնել թյուրիմածությունների թիվն ու սխալվողների պատասխանատվությունը` մարդկության առջև:
Ելենա Չոբանյան


















































