
Նայենք իրականությանը
Այսօր մենք ինքներս մեզ պետք է հարց տանք. ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանից դուրս ապրող և աշխատող մեր հայրենակիցները հասնում են լրջագույն հաջողությունների՝ կյանքի տարբեր բնագավառներում դառնալով հայտնի դեմքեր, գործիչներ: Ինչպե՞ս է ստացվում, որ հայը, արտագաղթելով օտար երկիր, կարողանում է մեկ-երկու տարում ոտքի կանգնել, աշխատանք գտնել, աշխատատեղեր ստեղծել, պահել իր ընտանիքը, իսկ սեփական երկրում, մեր հայրենիքում չի կարողանում այդ ամենն իրականացնել: Պատասխանը մեկն է. միջավայրի և պայմանների բացակայությունը: Ուստի, մենք մեր երկրում այսօր ունենք լրջագույն խնդիր՝ ստեղծել համապատասխան պայմաններ, ընձեռնել հնարավորություն, որ աշխատող մարդը չմտածի հեռանալու մասին, բարիք ստեղծի մեր երկրում ու արժանավայել կարողանա պահել իր ընտանիքը:
Մեր երիտասարդներն իրենց ապագան պետք է տեսնեն ու կառուցեն հայրենիքում: Աշխատող մարդը չպետք է կարիքավոր լինի, և եթե մենք չենք կարողանում լուծել աշխատատեղերի, զբաղվածության խնդիրը, ապա մենք անընդհատ ստիպված ենք լինելու պայքարել աղքատության դեմ: Արդյո՞ք մեր երկրում հաջողվել է լուծել այդ ռազմավարական լրջագույն խնդիրը: Կարծում եմ` ոչ: Բայց, եթե առաջիկայում մենք այդ խնդիրներին համակարգային լուծում չտաք, ապա ստիպված ենք լինելու արձանագրել աղքատության է՛լ ավելի մեծ աճ, արտագաղթի է՛լ ավելի մեծ տոկոս:
Կարդացեք նաև
Հակիրճ անդրադառնամ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամին և դրա հետևանքներին մեր երկրում
2008 թվականից սկսած` համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունը թողեց բոլոր երկրների վրա: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում կառավարություններն իրենց գործարարներին, և հատկապես միջին և փոքր ձեռներեցներին, գյուղացիներին, օգնության ձեռք մեկնեցին, գտան օժանդակության տարբեր մեխանիզմներ, որպեսզի մեղմեն իրենց վիճակը: Արդյո՞ք մեր գործարարը զգաց այդ օգնությունը: Ես, կրկին, հատկապես ուզում եմ շեշտել փոքր ու միջին ձեռներեցներին: Եթե խոշոր գործարարը կարող է ինչ-որ մի ժամանակ շահույթ չունենալ, անգամ աշխատել վնասով, ապա փոքր և միջին ձեռներեցի համար սա դառնում է լինել-չլինելու խնդիր:
Եվ գոնե այդ մարդկանց խնդիրները հաշվի առնելով, պետությունը պետք է այդ խավին որոշակի հարկային և այլ արտոնություններ տար, աջակցեր: Հայտնի ճշմարտություն է, որ փոքր բիզնեսն այն միջավայրն է, որից ծնվում և կայանում են խոշոր գործարարները: Սա է կայացման ճանապարհը: Փոքր և միջին ձեռներեցությունը, նաև, երկրում նպաստում է միջին խավի կայացման անչափ կարևոր գործընթացին: Ուստի, մեր նախընտրական ծրագրում, ամրագրելով առաջիկա հինգ տարիների մեր անելիքները, մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել փոքր և միջին ձեռներեցության զարգացման ու դրա պետական հովանավորչության մեխանիզմներին: Փաստն այն է, որ մեզանում փոքր և միջին բիզնեսը մնաց, բառիս բուն իմաստով, անտեր: Մի զգալի մասը փակվեց և հեռացավ երկրից:
Ուզում եմ նորից կրկնել՝ անհրաժեշտ է համապատասխան միջավայր և պայմաններ, որպեսզի առաջ գան այն տաղանդավոր և շնորհալի գործիչները, որոնք ներկայացնելու են մեր երկիը:
Ահա այս լրջագույն ոլորտում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես է գալիս նոր առաջարկով: Մենք պետք է սկզբնական կապիտալիզմից անցնենք մարդկային կապիտալիզմին, այսինքն, ժողովրդական կապիտալիզմին, որի բարիքներից կօգտվեն ոչ թե ընտրյալները, այլ ողջ ժողովուրդը:
Ես ինքս հասել եմ հաջողությունների՝ բիզնեսում սկսելով առաջին քայլերից, ուստի հրաշալի տիրապետում եմ երկրի տնտեսական իրավիճակին ոչ թե տեսականորեն, այլ հենց պրակտիկ կյանքից:
Ես վստահաբար ասում եմ, որ հին մեթոդներով մենք այլևս լուրջ զարգացում չենք կարող ակնկալել: Համակարգային մեր բոլոր փոփոխությունների հիմքում պետք է լինի մարդը: Նա պետք է լինի երկրի գլխավոր հերոսը: Մեր երկրի գլխավոր հերոսը պետք է լինի ոչ թե չինովնիկը, պաշտոնյան, այլ այն մարդը, ով բարիք է ստեղծում երկրի համար, մեր ժողովրդի համար:
Հարգելի կուսակից ընկերներ, հյուրեր
Այժմ անդրադառնամ այնպիսի լրջագույն խնդրի, ինչպիսին արտագաղթն է
Մեր մեծ հայրենակից Շառլ Ազնավուրի հարցադրումը, թե ինչպե՞ս կանգնեցնել արտագաղթի աղետալի գործընթացը, վստահ եմ, ունի հստակ պատասխան. պետք է ամեն ինչ անել, որ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փոխվի, երկրի գործարար միջավայրը բարելավվի, ստեղծվեն նոր աշխատատեղեր և լուծվի ամենակարևոր խնդիրը՝ զբաղվածության խնդիրը: Հայ մարդը, եթե աշխատանք ունենա, եթե կարողանա պահել ընտանիքը, նա երբեք ու երբեք չի լքի իր հայրենիքը: Այո’, տնտեսությանն անհրաժեշտ են լրջագույն ներդրումներ, դրսի կապիտալ, որպեսզի հնարավոր լինի ստեղծել նոր աշխատատեղեր, և, որ անչափ կարևոր է՝ չխանգարեն աշխատող մարդուն և չստեղծեն անհարկի խոչընդոտներ: Սա կբերի երկրի տնտեսական վիճակի բարելավման, ինչն էլ, բնականաբար, մարդուն կպահի իր հողի վրա, իր հայրենիքում:
Մենք չպետք է մոռանանք, որ մեր երկրի ամենաուժեղ զենքը արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով ապրող մարդն է՝ ով սիրում է իր հայրենիքը: Եվ այսօր մենք պարտավոր ենք ընդունել, որ մեր երկրի տնտեսական վիճակի կտրուկ փոփոխությունը դարձել է ազգային անվտանգության խնդիր:
Հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք. սա է մեր կարգախոսը, և մենք գիտենք ինչպես հասնել այդ ամենին:


















































