Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ հիմնական շեշտադրումը հակաքարոզչությունն է

Ապրիլ 04,2012 10:23

ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը որոշակի իմաստով կարելի է կողմնորոշիչ համարել։
Ըստ էության, այդ հանրահավաքում մեկամսյա ընդմիջումից հետո հանրությանը ներկայացած կոնգրեսի առանցքային դեմքերի ու գլխավոր ճարտասանների ելույթներում ուրվագծվեց այն կմախքը, որի վրա էլ խարսխվելու է այդ քաղաքական միավորման հիմնական ասելիքը՝ նախընտրական քարոզչության կարեւոր փուլում։
Բայց եթե ՀԱԿ-ի հիմնական ասելիքը լինելու է այն, ինչ զանազան ճարտասաններ ու հատկապես Տեր-Պետրոսյանի կողմից հրամցվեց ինչպես իրենց համակիրներին, այնպես էլ՝ հանրությանն ընդհանրապես, ապա ինքզինքը «միակ ընդդիմադիր» կամ «միացյալ ընդդիմություն» համարող այս ուժն առաջիկա ընտրարշավում լուրջ խնդիրներ կարող է ունենալ։ Եվ այդ խնդիրները ոչ այլ տեղ են, քան հենց ՀԱԿ-ի վերնախավի ներսում՝ պատսպարված սեփական անսխալականության եւ մեծամտության խաբուսիկ շղարշով։
Առաջինը, որ աչքի զարնեց ու արձանագրվեց միանգամից, այն է, որ այդ հանրահավաքում հռետորների գրեթե 99%-ը խոսեց գերազանցապես մյուս թեկնածուների ու մյուս քաղաքական ուժերի դեմ։ Այսինքն՝ հիմնական շեշտը դրվեց ոչ թե սեփական առավելությունները կամ դրական հատկանիշներն ընդգծելու, այլ մրցակիցներին, հիմնականում, հասկանալի է, իշխանական ուժերին վատաբանելու վրա։
Այսինքն՝ անվանապես գրեթե մեկուկես տասնյակ կազմակերպությունների դաշինք հանդես եկող ուժի ասելիքի առյուծի բաժինն ընդամենը մրցակիցների հանդեպ հակաքարոզչությունն է։
Այսօր թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ նրա համախոհները իրենց ամբողջ ասելիքը խտացնում են հետեւյալ կարգախոսի մեջ. «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին»։ Սա կարելի է մեկնաբանել նաեւ որպես թույլի մոտեցում։ Մոտեցում, որից տպավորություն է ստեղծվում, թե դրա հեղինակը, դեռ պայքարի մեջ չմտած, արդեն իսկ համակերպվել է պարտության մտքին։
Լավ, ենթադրենք, թե նման մոտեցումը կարող է ակումուլացնել բողոքավոր ընտրազանգվածի դժգոհությունը։ Ենթադրենք։ Հասարակության մի որոշակի մասը, ինքնին հասկանալի է, չի քվեարկելու իշխանության թեկնածուների օգտին։ Բայց հասարակության կամ ընտրազանգվածի այս շերտի ո՞ր մասը կքվեարկի հենց ՀԱԿ-ի օգտին, մեծ հարց է։ Եվ հարց է նաեւ այն պատճառով, որ կոնգրեսը ընդամենը առաջ է քաշում իշխանության ներկայացուցիչների օգտին չքվեարկելը։
Մեկ այլ էական հանգամանք. հենց այն ժամանակ, երբ ակնկալվում էր, որ ՀԱԿ առաջնորդը պետք է ներկայացնի առաջիկա ընտրություններում իրենց ծրագրային հիմնադրույթները, նա հայտարարում է, թե «ՀԱԿ-ը միակ ուժն է, որը հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չունի, քանի որ այս տարիների ընթացքում կոնգրեսը ներկայացրել է իր առանցքային դրույթները»։
Հասկացանք. այս տարիներին ՀԱԿ-ը ժամանակ առ ժամանակ ներկայացրել է իր մոտեցումները այս կամ այն ոլորտի, բնագավառի խնդիրների ու դրանց լուծման վերաբերյալ։ Իսկ եթե, ենթադրենք, ինչ-որ մեկը կամ մարդկանց մի խումբ հնմա՞ է ուզում իմանալ, ՀԱԿ ղեկավարները, ի՞նչ է, նրան խորհուրդ են տալու գնալ եւ վերընթերցել Լ.Տեր-Պետրոսյանի, ասենք՝ 2010 կամ 2009 թվականի այսինչ ելո՞ւյթը։
Նույնիսկ վիրավորական է, էլ չասած այն մասին, որ այդ ելույթում կարող են ընդհանրապես այնպիսի արտահայտություններ լինել իշխանության հասցեին, որ տրամաբանող ընթերցողի մեջ հարց կառաջանա. իշխանամե՞տ, թե՞ ընդդիմադիր ուժի ներկայացուցչի խոսքի է ծանոթանում։ Մյուս կողմից՝ նախորդ հրապարակումներին ու ելույթներին հղում անելը հուշում է, որ այս փուլում ՀԱԿ-ը դեռեւս չի բյուրեղացրել իր հիմնական ծրագրային մոտեցումները։
ՀԱԿ-ը նաեւ դիմում է վիրավորական, հաճախ նաեւ անձնական վիրավորանք պարունակող արտահայտություններ, ակնարկներ շրջանառելուն։ Վստահաբար առաջիկա ընտրարշավում այդ մոտեցումն ավելի ընդգծված դրսեւորումներ է ստանալու։ Սա, կարծում ենք, որքան էլ հագուրդ տա ՀԱԿ-ի մշտական ունկնդիրների 4-5 կամ թեկուզ 10 հազարանոց զանգվածի զգացմունքներին, նույնպես փակուղային մոտեցում է։
Ի դեպ, ՀԱԿ-ը այսօր շատ է սեւեռվել ընտրողների ցուցակի, հատկապես ընտրողների թվի ավելանալու հանգամանքի վրա։ Ավելին՝ Տեր-Պետրոսյանը յուրայիններին ու իր հրահանգավորմամբ գործող լրատվամիջոցներին կոչ արեց կենտրոնանալ այդ խնդրի վրա։ Ըստ որում, ընտրողների թվի ավելանալու հանգամանքն իշխանությունների հասցեին մեղադրանքների նոր շարան ուղղելու առիթ դարձավ։ Թերեւս կարելի է սպասել, որ իշխանության ճամբարից փաստարկված պատասխան կհնչի այս օրերին հաճախակի կրկնվող այդ հայտարարությունների առնչությամբ։
Բայց հետաքրքիր է մեկ այլ բան. այն, որ ընդդիմության ու հատկապես՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչները համերաշխորեն լռում են նույն այդ «հանցավոր ռեժիմի» ընդունած օրենսդրությամբ ստեղծված այն էական հնարավորության մասին, որը թույլ է տալիս քվեարկության օրվանից 1 ամիս 10 օր առաջ ծանոթանալ ընտրողների ցուցակին, ըստ էության, դրանք դնել ու մանրակրկիտ ստուգել։
Ի՞նչն է խանգարում, եթե այդքան կասկածամիտ են, թող դնեն-ստուգեն, հայտնաբերեն սխալները, պատասխանատու մարմինների հետ ուղղեն այդ բացթողումները, ինչպես դա արվեց, օրինակ, Հրազդանի քաղաքապետի ընտրությանը նախորդած ժամանակահատվածում։
Բայց ո՞վ նման բաներից խոսելու ժամանակ ունի, մանավանդ եթե ամբողջ ասելիքի շեշտադրումը դիմացինին վատաբանելն ու վիրավորելն է, մի խոսքով՝ հակաքարոզչությունը։

Մ.ՍԱՀԱԿՅԱՆ

«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30