Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր հաշմանդամը կարող է ավելի շատ բան անել, քան ոչ հաշմանդամը, իր ձգտումներն ավելի շատ են »

Մայիս 05,2012 15:17

 

Այսօր` մայիսի 5-ը, Հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրն է:  «Առավոտ երիտասարդականը»  «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությունում է: Այստեղի երիտասարդ անդամները գիտակցում են իրենց առջեւ ծառացած դժվարությունները, սակայն չեն խուսափում պայքարելուց եւ կյանքում հաջողություններ գրանցելուց, միայն տխրում են`պետությունն  է անտարբեր իրենց նկատմամբ:

27-ամյա Սեւակ Մխիթարյանը 1-ին կարգի հաշմադնամ է, մասնագիտությամբ իրավաբան է, զբաղվում է բասկետբոլով եւ առագաստանավային սպորտով:  2 ամիս է` դադարեցրել է մարզումները, պայմաններ չկան, մասնակցել է Անգլիայում առագաստանավային սպորտի աշխարհի առաջնությանը, հաղթանակ չի եղել, բայց մասնակցությունն արդեն իսկ շատ կարեւոր է: Հիմա էլ ցանկանում է բասկետբոլի թիմով մասնակցել Աշխարհի,  Եվրոպայի առաջնություններին, Օլիմպիական խաղերին:

Ցավով է հիշում` 10 տարի առաջ` 2002 թվականին, գազով լցված տարրայի պայթյունը, որի ժամանակ էլ կորցրել է ոտքերը: «Սկզբնական շրջանում շատ դժվար էր, անգամ ցանկություն չկար դուրս իջնելու: Ընկերներս, հարազատներս, ընտանիքս ամեն կերպ ուզում էին օգնեն, որ տնից դուրս գամ, լիարժեք կյանքով ապրեմ»,- պատմում է Սեւակը, հիշում է` մեծ դժվարությամբ կարողացավ ընդգրկվել հասարակության մեջ. «Սկզբնական շրջանում ես մտածում էի` հաշմանդամ եմ, ի՞նչ կարող եմ անել: Բայց սխալ էի: Այսօր հաշմանդամը կարող է ավելի շատ բան անել, քան ոչ հաշմանդամը, իր ձգտումներն ավելի շատ են »,- ասում է նա: Հիշում է` սպորտով զբաղվելու առաջարկն էլ նրան տարօրինակ է թվացել. «Սկզբից մի քիչ վախենում էի, ասում էի` հաշմանդամն ու՞ր, բասկետբոլով զբաղվելն ու՞ր: Բայց երբ սկսեցի զբաղվել, զգացի, որ նորից սխալվել եմ»,- ասում է նա, ցանկանում է` բավարար պայմաններ լինեն, որպեսզի կարողանա միշտ իր սիրած սպորտաձեւերով զբաղվել: Բացի  այդ, ցավով նկատում է հասարակության եւ պետության անտարբերությունը հաշմանդամների նկատմամբ, չնայած կարծում է. «Բոլորիս մեղքն է. հաշմանդամները չեն ներգրավվում հասարակության մեջ, հասարակության համար էլ անսովոր է նրանց տեսնելը»: Թվարկում է այն խնդիրները, որոնց հանդիպում է ինքը.  «Մեր հանրապետությունը մատչելի չէ հաշմանդամի համար, ես Երեւան գալիս եմ Աբովյան քաղաքից, հասարակական ոչ մի տրանսպորտ հարմարեցված չի մեզ համար, պետք է մեքենայով գամ, կանգառները, փողոցները, ոչինչ հարմարեցված չեն, իսկ որն էլ հարմարեցված է, չի համապատասխանում իրական ստանդարտներին»,- ասում է նա:

Սեւակի մեծագույն  ուրախությունը ընտանիքն է` կինը եւ որդին: «Ամենակարեւորը մեր ընտանիքում սերն է, համերաշխությունը,- ասում է նա,- կուզեի աշխատանք ունենալ, կինս էլ է հաշմանդամ, Գյումրիի երկրաշարժի ժամանակ ձեռքն է կորցրել, ուզում եմ նորմալ պայմաններ ստեղծել որդուս համար, որ իր բոլոր ցանկությունները իրականացնեմ»:

 

34 –ամյա Սամվել Ասատրյանը  2-րդ կարգի հաշմանդամ է, 1997թ ծառայության ընթացքում` դիրքերում ականի պայթյունից ոտքերն է վնասել: Հիմա ծանրամարտով է զբաղվում, Հայաստանի ծանրամարտի եռակի չեմպիոն է, մասնակցում է նաեւ բասկետբոլի խաղերին. «Վիրավորվելուց հետո եմ սպորտով զբաղվել: Տղաների հետ շփումից ամեն ինչ սկսվեց, հիվանդանոցում ծանոթացա նրանց հետ»,- ասում է նա: Տնային պայմաններում, սեփական միջոցներով է սպորտով զբաղվել, հիմա էլ ամենամեծ ցանկությունը սեփական մարզադպրոց ունենալն է: Դրա համար նորից դիմում է սեփական միջոցներին. «Տարիների ընթացքում ես իմ ուժերով ինչ-որ բաներ ձեռք բերել եմ, բայց դրանք ավելացնելու կարիք կա»,- ասում է նա, չգիտի` ու՞մ, եւ ինչպե՞ս դիմել ցանկալի օգնությունը ստանալու համար: Սեփական մարզադպրոց ունենալն արդեն կլուծի Սամվելի առաջնային խնդիրներից մեկը. աշխատանք կունենա.  «Կան շատ հաշմանդամներ, որ ունակ են աշխատելու, բայց իրենց անտեսում են, պիտի մեր ղեկավարությունը աջակցի նրանց: Եթե պետությունը չի անում, արհամարհում է, մյուսներին  մեղադրել պետք չէ, հաշմանդամները ցանկություն ունեն դուրս գալու, մարդկանց հետ շփվելու, բայց հնարավարություններն ստեղծված չեն»,- ասում է նա:

Մասնագիտությամբ համակարգչային օպերատոր Հայկ Գրիգորյանը  23 տարեկան է:  1-ին կարգի հաշմանդամ է, պտտաձողից ընկելուց վնասել է ոտքերը: Հիշում է` իր հետ կատարվածին դժվարությամբ էր համակերպվում, բայց օգնեցին ընտանիքը եւ ընկերները: Սպորտով զբաղվելն էլ մեծ դժվարությամբ է ստացվել, բայց հիմա, երբ ամեն ինչ հաղթահարված է, ասում է. «Ամեն ինչն էլ դժվար է, բայց  կամք եւ աշխատասիրություն է պետք: Եթե հիասթափվում ես, մտածում, որ ոչինչ չես կարող, ոչ մի բանի չես կարող հասնել»:  7 տարի է` սպորտով է զբաղվում, ասում է` ֆինանսական խնդիրների պատճառով լուրջ արդյունքների  չեն հասել. «Բասկետբոլի մարզումների համար  պետք է չափանիշներին համապատասխանող սպորտային սայլակներ լինեն, տարեկան գոնե 2 անգամ սպորտային հավաքներ կազմակերպվեն, որ լավ մարզավիճակում լինենք, կարողանանք մասնակցել միջազգային մրցույթների»,- ասում է Հայկը: Հասարակական կյանքում ակտիվ է, կարծում է` յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի, ինքն էլ իր գործը, աշխատանքն է ուզում ունենալ.  «Դեռ մեկ տարի չկա, որ  ամուսացած եմ, առաջնային ցանկություններից մեկը երեխա ունենալն է, կցանկանամ նաեւ աշխատանք ունենալ, որ բավարարեմ ընտանիքիս  պահանջմունքները»,- ասում է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031