Լրահոս
Օրվա լրահոսը

Մի բռնանար

Մայիս 24,2012 17:47

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

«Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության Գավառի գրասենյակում այս տարվա հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 287 զանգ: Զանգերից 270-ը ընտանեկան բռնության ահազանգեր են եղել, 240-ը՝ կրկնվող զանգեր: Եղել են ֆիզիկական բռնության 5, հոգեբանական բռնության՝ 27 եւ մեկ սեռական բռնության մասին հեռախոսազանգեր:

Ինչպես «Առավոտին» հայտնեց Գավառի ԿԻԿ գրասենյակի համակարգող Կարինե Մոմչյանը՝ հունվար-մայիս ամիսներին ԿԻԿ-ը կատարել է 107 այցելություն: Այցելությունների ժամանակ եղել է հոգեբանական եւ իրավական խորհրդատվություն:  Այցելություններից 93-ը եղել է կրկնվող կանչերի դեպքում:

ԿԻԿ տվյալներից ակնհայտ է դառնում, որ հոգեբանական եւ ֆիզիկական բռնությունների մասին կանչերն ու զանգերը հիմնականում կրկնվող են, ինչից կարելի է ենթադրել, որ հիմնականում միեւնույն ընտանիքներում ծայր առած բռնություններն են շարունակվում:

«Կանանց իրավունքների կենտրոնի» Գավառի սենյակում իրենց իրավունքների պաշտպանությունը եւ հոգեբանական աջակցությունը գտնում են ոչ միայն Գավառի տարածաշրջանի բնակչուհիները, այլեւ՝ մարզի մյուս տարածաշրջաններից: Ստորեւ ներկայացնում ենք ԿԻԿ-ի կողմից ներկայացված «Իրական պատմություններ» շարքից մի քանի ընտանեկան պատմություն: Բոլոր պատմությունները գրառվել են այս տարի, եւ հերոսների մեծ մասի անունները փոխված են:

Ինքնասպանությունը՝ սոցիալական խնդիրների լուծում

 

Անուշը ամուսնացել էր 18 տարեկանում՝ առանց սիրելու: Քաղաքից տեղափոխվել էր գյուղ: Անուշի եւ ամուսնու հետ նույն տանիքը կիսում էին նաեւ ամուսնու ծնողները, տեգրը` իր ընտանիքով: Անուշն ամուսնության ընթացքում ունեցել է երկու երեխա` աղջիկ եւ տղա: Նրանք ապրում էին դժվար ու վատ պայմաններում, որն էլ առիթ էր դառնում պատեհ ու անպատեհ վեճերի, ծեծկռտուքի: Սկեսուրն ու սկեսրայրը ընտանեկան խնդիրներում  շարունակ մեղադրում էին որդուն եւ հարսին, որ նրանք աշխատանք չունեն եւ չեն կարողանում ապահովել իրենց անչափահաս երեխաների նվազագույն կենսական պայմանները: Այս մեղադրանքներից հոգնելով եւ չդիմանալով  կյանքի դժվարություններին` Անուշի ամուսինը ինքնասպան է լինում /դիմում է մեխանիկական շնչահեղձության, պարանոցը սեղմում է օղակով/:

Ամուսնու մահից հետո Անուշի եւ ընտանիքի մյուս անդամների համատեղ կյանքը դառնում է անհնարին. սկեսրայրն ու տեգրը Անուշին շարունակ ենթարկում են ֆիզիկական բռնության, որը արտահայտվում էր ծեծի, ապտակների, խեղդելու եւ այլ բռնի գործողությունների տեսքով: Որդու ինքնասպանության մեջ նրանք մեղադրում էին հարսին:

Հերթական վիճաբանության արդյունքում տեգրը դուրս է վռնդել Անուշին եւ նրա երկու անչափահաս երեխաներին: Սկեսրայրը եւ սկեսուրը լուռ համաձայնել են` չկանխելով որդու արարքը, որի արդյունքում Անուշը իր երկու երեխաների հետ հայտնվել է փողոցում:

Այժմ 34- ամյա Անուշն ապրում է բնակելի շենքի նկուղային հատվածում, անբարենպաստ եւ առողջության համար վնասակար պայմաններում:

 

«Եհովայի վկան»՝ օջախի փլուզման պատճառ

 

Աշոտը ամուսնացել էր 24 տարեկանում` սիրելով: Ամուսնության ընթացքում ունեցել են երկու աղջիկ, երկար տարիներ ապրել  հաշտ ու խաղաղ: Աշոտը շատ էր սիրում իր կնոջը` Նարինեին եւ առանց առիթների նվերներ մատուցում ու երջանկացնում կնոջը:

Թվում էր, թե նրանք ունեն ամուր եւ նախանձելի ընտանիք: Սակայն պարզվեց, որ

Նարինեն բոլորից գաղտնի մասնակցում էր աղանդավորական դասերի: Աշոտը

իմանալով՝ փորձեց կնոջը հետ պահել այդ ուղուց եւ բացատրել, որ դա իրենց ընտանիքի համար սխալ որոշում  է: Նարինեն չընդունեց ամուսնու խորհուրդը, չգիտակցելով, որ իր թյուր քայլը կվնասի իր ընտանիքին, կխեղի իրենց երկու գեղեցկատես դստրերի կյանքն ու հոգեբանությունը:

Նարինեն անդրդվելի մնաց ամուսնու հորդորներին` գերադասելով «Եհովայի վկաներին» ընտանիքից:

Աշոտը չցանկացավ միանալ կնոջը, եւ Նարինեն հեռացավ ընտանիքից՝ առանց հետ

նայելու: Դեպքը ծանր հարված էր Աշոտի համար: Նրանք ամուսնալուծվեցին:

Երկար ժամանակ Աշոտը խուսափում էր շրջապատի հետ շփումից: Հոգեկան տառապանքները ծնեցին առողջական խնդիրներ, եւ այսօր 45- ամյա Աշոտն ունի սրտի իշեմիկ հիվանդություն…

 

Միայնակ ու անտուն` զավակների հետ

 

30-ամյա Լուսիկ Կարապետյանը Վարդենիս քաղաքի Սոթք գյուղի բնակչուհի է, ամուսնացել է նույն գյուղի բնակիչ Արմեն Առաքելյանի հետ: Ամուսնության ընթացքում ունեցել են երեք երեխա, սպասում են չորրորդին: Չունեն սեփական բնակարան, ապրում են ուրիշի տանը` միայն ընտանեկան նպաստի հաշվին: Ամուսնու հետ վիճաբանության արդյունքում բաժանվել է ամուսնուց եւ ապրում է ծնողների տանը` շատ ծանր պայմաններում: Լուսիկի հայրը հաշմանդամ է, ունի բազմանդամ ընտանիք եւ ի վիճակի չէ պահել Լուսիկին եւ նրա երեխաներին: Ամուսնու վատ վերաբերմունքի եւ շրջապատում իրեն չվերագտնելու պատճառով ընտանիքում անընդհատ վեճ ու կռիվ էր, որը վատ էր անդրադառնում Լուսիկի եւ նրա երեխաների հոգեկան վիճակի վրա: Տասը տարվա ամուսնական կյանքի ընթացքում Լուսիկի ընտանիքում միշտ եղել է բռնություն, ծեծկռտուք, հոգեբանական ճնշվածություն: Բազմիցս դիմել է ՆԳ բաժին, որպեսզի իր հարցին լուծում տան, սակայն նրա դիմում-բողոքները անպատասխան են մնացել: Եվ կինը մնացել է միայնակ՝ իր անչափահաս երեխաների հետ…:

 

Մուրացկանություն՝ հոր ու հոր կնոջ համար

 

Անին ամուսնացել էր 17 տարեկանում, ստիպողաբար, խորթ հոր միջամտությամբ: Ամուսնության առաջին օրվանից Անիի կյանքը դժոխքի վերածվեց: Համատեղ կյանքի ընթացքում ունեցել է 3 որդի: Ամուսինը միշտ ֆիզիկական բռնության էր ենթարկում Անիին եւ արհամարհում ու անտարբերության մատնում նրան ու իր անչափահաս երեխաներին, ինչպես նաեւ հոգեբանական ճնշման էր ենթարկում իր սեփական երեխաներին: Մի օր էլ Անիի ամուսինը անծանոթ կնոջ հետ մտնում է տուն ու ցանկանում իր հետ տանել մեծ որդուն` Արամին, կնոջը ասելով, որ կատարում է իր ծնողական պարտականությունները: Անին համաձայնում է՝ չցանկանալով, որ տղան մեծանա առանց հոր հետ շփման: Սակայն որոշ ժամանակ անց Անին ցանկանում է հետ կանչել որդուն, բայց հայրը թույլ չի տալիս Արամին վերադառնալ մոր մոտ: Անին որոշում է գնալ երեխայի հետեւից: Պարզվում է, որ երեխային հայրն ու հոր կինը ստիպում են զբաղվել մուրացկանությամբ` վերցնելով աշխատած ամբողջ գումարը: Անին ծեծկռտուքի մեջ է մտնում նրանց հետ եւ վերցնելով տղային՝ փախչում է նրանցից: Սակայն հայրը կատաղում է եւ ցանկանում է վերջ տալ կնոջ եւ երեխայի կյանքին, որը, իհարկե, չի հաջողվում նրան: Այդ դեպքից հետո Անին շատ խորը վիշտ է ապրում, որը իր հետեւանքներն է թողնում իր առողջության վրա: Անին ցանկանում էր վերջ տալ իր կյանքին եւ հոգեկան անհավասարակշռության վիճակում էր: Հանդիպելով Գավառի ԿԻԿ-ի հոգեբանին եւ իրավաբանին, այժմ նրա վիճակը շոշափելիորեն լավ է:

 

Բախտի քմահաճույքին մատնված

Լուսինեին ամուսնացրել էին 21 տարեկանում` առանց իր կարծիքը հաշվի առնելու: Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են մեկ աղջիկ եւ մեկ տղա: Որդին մահացել է ծննդաբերելուց հետո: Քանի որ հղիության ընթացքում ամուսինը հաճախակի ծեծի էր ենթարկում Լուսինեին, հարվածում մարմնի տարբեր մասերին` հատկապես գլխին: Փոքրիկ Անահիտի ծնվելուց  հետո, երբ նա արդեն մեկ տարեկան էր, ամուսինը եւ տեգրը ստիպում էին փոքրիկ աղջնակին ծխախոտ ծխել, որը անհետեւանք չմնաց` ծնելով առողջական խնդիրներ: Լուսինեն չդիմանալով դժոխային կյանքին` վերցրեց երեխային եւ հեռացավ  ամուսնուց: Այս դեպքը որեւէ անդրադարձ չունեցավ ամուսնու ճակատագրի վրա, նա նորից ամուսնացավ եւ ստեղծեց նոր ընտանիք: Լուսինեի հեռանալուց հետո ամուսինը երբեւէ չի փորձել վերադարձնել Լուսինեին, եւ չի հետաքրքրվել աղջնակի ճակատագրով: Եվ միայնակ Լուսինեն ու իր հիվանդ աղջնակը մնացել են բախտի քմահաճույքին:

 

Հաշմանդամ ազատամարտիկը՝ բռնարար

Գավառի ԿԻԿ-ի օգնությանն էր դիմել չորս անչափահաս երեխաների հետ 38- ամյա Հասմիկը: Ամուսինը Արցախյան պատերազմի հաշմանդամ է, ռազմի դաշտում կորցրել էր թեւը եւ աչքը: Նա կնոջը եւ իր անչափահաս դստրերին անհիմն առիթներով ենթարկել է ֆիզիկական բռնության ու ծեծի:

Ինչպես ԿԻԿ-ին պատմել է Հասմիկը, ամուսինն ունեցել է սիրուհի, նրան տուն է բերել եւ ստիպել կնոջը ապրել սիրուհու հետ միեւնույն հարկի տակ: Սպառնացնել ու ստիպել է կնոջը սիրուհու գոյությունը գաղտնի պահել, այլապես կսպանի նրան: Հասմիկը լռել է՝ մտածելով իր անչափահաս երեխաների անվտանգության մասին: Սակայն  Հասմիկի ու զավակների կյանքը օրեցօր դարձել է անտանելի՝ ամուսնու եւ նրա սիրուհու կողքին:  Ամեն օր ծեծկռտուք ու հայհոյանք…: Հասմիկը ամաչում էր դուրս գալ հասարակության մեջ, սակայն զգալով իրեն ավելորդ այդ տանը, վերցրել է իր անչափահաս երեխաներին ու հեռացել ամուսնուց` հայտնվելով բաց երկնքի տակ:

Հասմիկն աջակցություն է ստացել ԿԻԿ-ի կողմից: Կենտրոնում նախ եւ առաջ ստացել հոգեբանական, ապա` իրավաբանական օգնություն:

Ապաստանելով ԿԻԿ-ի ժամանակավոր կացարանում` Հասմիկի վիճակը որոշակիորեն վերականգնվել է: Աժմն նա ապրում է կիսակառույց բնակարանում` դստրերի հետ: Սակայն նրանց անհրաժեշտ է երկարատեւ օգնություն` ճգնաժամից դուրս գալու համար:

 

Մի մուշտի է, էլի

Անահիտն էլ շատերի պես ամուսնացել էր առանց սիրո: Գյուղական ավանդույթի համաձայն՝ աղջկա կարծիքը չէին հարցրել:

Ինչպես պատմում է Անահիտը, իրենք մեղրամիս չեն ունեցել, եւ ամուսնական առաջին ամսում արդեն զգացել է, որ ամուսինը անտարբեր է իր նկատմամբ: Նրանք անհամապատասխան են եղել: Ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա` տղա եւ աղջիկ: Անահիտը հույսով էր, որ երեխաների ծնվելուց հետո ամուսինը կփոխվի, կծնվի ջերմություն ու կապվածություն:

Սակայն ամեն ինչ մնաց նույնը, ամուսնուն չէր հետաքրքրում ոչ մի ընտանեկան խնդիր ու  հոգս: Ամուսնուց բացի՝ սկեսուրը նույնպես հոգեբանական բռնության էր ենթարկում հարսին: Ամուսինը լսում էր մորը, եւ դա էլ նպաստում էր ընտանիքի հետզհետե քայքայմանը: Անահիտի համար ապրելը դարձավ անտանելի: Հաճախակի սկեսրոջ դրդմամբ ֆիզիկական բռնության էր ենթարկվում ամուսնու կողմից: Երեխաների ներկայությամբ անվայել խոսքեր էր ասում եւ ծեծում: «Ասում էր, որ տան կինը պետք է դիմանա ամուսնու բռունցքներին»,- պատմում է Անահիտը:Հաճախակի հարվածելով Անահիտի գլխին՝ կինը ձեռք է բերել անբուժելի հիվանդություն` էպիլեպսիա: Ճարահատյալ վերցնելով իր անչափահաս երեխաներին` հեռացել է ամուսնուց եւ հիմա էլ ապրում է վարձու բնակարանում՝ ոչ բավարար պայմաններում:

 

Սկեսուրի չընտրած հարսը

 

Արմինեն ծնվել էր գյուղում, սակայն միշտ ձգտել էր դուրս գալ գյուղից: Կյանքում մեկ անգամ գոնե կատարվեց իր ցանկությունը, եկավ Գավառ ուսումը շարունակելու համար: Բարձր առաջադիմությամբ ավարտելով համալսարանը՝ ընդունվեց աշխատանքի Գավառի երկրագիտական թանգարանում` որպես գիտաշխատող: Շատ էր սիրում իր աշխատանքը եւ ամուսնանալու ցանկություն չուներ, սպասում էր այն տղամարդուն, որին կսիրահարվեր հենց առաջին հայացքից: Եվ ահա մի օր էլ հանդիպեց իր երազների ասպետին. նրանք ամուսնացան: Ամուսնության առաջին փուլը հարթ էր ընթանում, զույգերը շատ էին սիրում մեկմեկու, եւ չէին կարող ապրել առանց միմյանց: Նրանք ծնեցին դուստր: Սերը ընտանիքում երկար չտեւեց. չար քամի անցավ իրենց միջով, որն էլ բաժանեց սիրող զույգին: Սկեսուրը ամեն քայլի դիմում էր, որպեսզի հարսը հեռանար իրենց տնից, քանի որ նա իր որդու համար ուրիշ հարսնացու էր ընտրել, սակայն տղան սիրահարվել էր Արմինեին եւ դեմ գնացել մորը: Ամեն անգամ սկեսուրը խանդի պատճառով վիրավորում էր Արմինեին եւ ստիպում անել այն, ինչը ինքը կցանկանար: Ընտանիքում անհայտացավ սերը, Արմինեն այլեւս անզոր էր պայքարել հանուն սիրո, այլեւս ուժ չուներ եւ որոշեց բաժանվել ամուսնուց՝ փրկելով իր եւ երեխայի կյանքը ամուսնուց եւ սկեսրոջից: Արմինեն ամուսնալուծվել է ԿԻԿ-ի օգնությամբ եւ տեղափոխվել նույն հասարակական կառույցի ապաստարան, քանի որ ամուսինը փնտրում էր նրան՝ անզորությունից:

 

Սեր՝ հեռուստացույցով

 

Արեւիկը ԿԻԿ-ի շահառուներից է: Նա ունի ձայնային բարձր տվյալներ: Տարիներ առաջ երգում էր, նրա առաջին բեմական քայլերը եղել են «ԱԼՄ» հեռուստաընկերությունում: Նրա երազանքն էր երգել մեծ բեմերում եւ լինել ճանաչված երգչուհի: Սակայն սոցիալական ծանր վիճակը թույլ չեր տվել ուսումը շարունակել երաժշտական ուղղությամբ: Երիտասարդ երգչուհին չգիտեր, որ հանդիպելու է իր երազների տղամարդուն, ով իր երազանքներին վերջ կտա: Ապագա ամուսինը Երեւանից էր, հեռուստատեսությամբ տեսնելով Արեւին, ցանկություն է ունենում ամուսնանալ` այն էլ առանց  սիրելու: Արեւիկի ծնողները համաձայնում են՝ չհարցնելով աղջկա կարծիքը, պնդելով, որ Արան հարմար թեկնածու է աղջկա համար: Արան արվեստագետ էր եւ սոցիալապես ապահովված էր, որն էլ ստիպեց ծնողներին  Արեւին կնության տալ նրան: Սակայն այդ ընտանիքում սերն ու փոխընբռնումը բացակայում էին: Արեւը չկարողացավ հարմարվել նոր ընտանիքում. նրանք մայրաքաղաքից էին եւ միշտ վերեւից էին նայում Արեւին՝ որպես գյուղացու:  Ամուսինը ստիպում էր երգել կնոջը եւ վերցնում էր վաստակած գումարը: Չնչին առիթներով վիճում էին, եւ Արեւը միշտ արհամարհված էր, նրա կարծիքը հաշվի չէին առնում, ու ինքը իր տեղը չուներ իր ընտանիքում: Գավառցի աղջնակը պայքարում էր, որ չքայքայվեր իր նորաստեղծ ընտանիքը, որի մասին ինքը երկար երազել էր եւ գողտրիկ պատկերացումներ ուներ: Նրանք միասին ապրեցին վեց ամիս, երբ պարզվեց, որ Արեւիկը հղի է, սակայն երեխայի հայրը դեռ պատրաստ չէր դրան եւ պնդում էր ազատվել երեխայից: Արեւի համար շատ ծանր էր այդ ամենը, որ իր փոքրիկի գալուստը նման ձեւով ընդունեց իր ամուսինը՝ առանց խղճի խայթի: Խորտակված եւ լքված կինը փորձեց փրկել դեռ չծնված փոքրիկի կյանքը՝ հեռանալով ամուսնուց հիասթափված ու հուսահատ: Այսօր Արեւիկը միայնակ մայր է, շարունակում է երգել՝ հոգալով իր երեխայի ապրուստը, միաժամանակ տառապում է ողնաշարի չարորակ ուռուցքով: Եվ ինչպես բժիշկներն են վստահեցնում, այն սթրեսների հետեւանք է:

Այս փոքրիկ պատառիկները ընտանիքների պատկերների ամենափոքրիկ արտացոլանքն են: Շատերն ապրում են նույն «կկվի բնում», սակայն անկարող են կամ համարձակություն չունեն իրենց վիճակը փոխելու՝ հարմարվելով ցկյանս բռնության ենթարկվելուն կամ հույսով են, որ իրենց կողակիցները մի օր կփոխվեն…

Այս պատմություններում միանշանակորեն ակնհայտ է, որ չի կարելի մեղադրել ամուսիններին. պատկերը ցույց է տալիս, որ կանայք էլ իրենց մեղքի մեծ բաժինն ունեն:

Ընտանիքում խնդիրների համար մեկ պատճառը սոցիալականն է, որից էլ ծնում են գժտություններ ու բռնություններ: Խնդրահարույց պատճառների շարքում են անհանդուրժողականությունը՝ կնոջ եւ ամուսնու, կնոջ եւ ամուսնու ծնողների միջեւ: Ընտանիքի անդամներից մեկի դերի սխալ գիտակցումը, երբ ամուսինը չի կարողանում ճիշտ դերաբաշխել մորն ու կնոջը, երբ նրանց իրավունքների, պարտականությունների սահմանները բախվում են յուրաքանչյուրի եսի ու անձի սահմաններին:

Վերոնշյալ իրական պատմությունների հերոսների մեծ մասը  չունեն բարձրագույն կամ մասնագիտական կրթություն, ամուսնացել են առանց սիրո եւ ի զորու չեն պահել ու ղեկավարել իրենց ընտանիքները: Դժվար է մատը դնել վերքի ճիշտ տեղին ու անհրաժեշտ դարման նշանակել, բայց ցավալիորեն կարելի է արձանագրել, որ ամուսնալուծությունների թիվը գնալով աճում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031