
Հունիսի 5-ի ն, ժամը 16-ից սկսվել եւ ժամը 22-ի դրությամբ շարունակվում էր խոշոր տրամաչափի գնդացիրներից սահմանամերձ Այգեպարի գնդակոծությունը: «Ինտերնետում գյուղերի գնդակոծության մասին լուրեր գրելուց հետո այդ գյուղերի ուղղությամբ ադբեջանական գնդակոծությունն ավելանում է: Վերջերս լրագրողները նյութ էին գրել այն մասին, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական գնդակոծությունը խոցել է կախված կոստյումի գրպանում դրված, կոստյումի տիրոջ անձնագիրը: Ինտերնետում այդ նյութի տարածվելուց հետո հաջորդ օրը Ներքին Կարմիրաղբյուրն ուժգին գնդակոծվեց: Իսկ ադրբեջանցիները իրենց գյուղերի վրա արձակված կրակոցների մասին ինտերնետում ոչ մի տող չեն գրում: Երբ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները լսում են Բերդի տարածաշրջանի գյուղերի գնդակոծության մասին՝ այլեւս վախենում են այստեղ այցելել, օգնության ծրագրեր իրականացնել»,- ասաց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































