
Ինչեւէ, Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանի ասելով` երեկվա դրությամբ իրավիճակն անհամեմատ հանդարտ է: «Չինարի բնակիչները սովորել են այդ կրակոցներին: 1990թ.-ից մինչ օրս ամեն օր կրակոցներ եղել են ու լինում են: Թշնամին մեր գյուղի իշխող բարձունքներում է: Առաջին տունը սահմանից հեռու է մոտ 600-700 մետր: Այս պահին մեր ժողովուրդը շատ հանգիստ է եւ խուճապի չի մատնվել: Դպրոցն ու մանկապարտեզը գործում են, անասնապահն էլ իր գործն է անում: Մեր ժողովուրդը էլի իր կյանքով է ապրում, պարզապես դժբախտություն էր, որ մեր զինվորները զոհվեցին»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Ս. Սաղոյանը: Վերջինիս խոսքով` վերջին շրջանում ամենաերկարատեւ կրակոցները եղել են մայիսի 8-ին, որոնք տեւել են մոտ 4-5 ժամ: «Անասնապահների վրա են կրակում, հողագործի վրա են կրակում, սահմանին մոտեցող մարդկանց են կրակում: Դե, ժողովուրդն արդեն սովորել է, եւ զերծ է մնում նման գոտիներից, երբ իրավիճակը լարված է»,- նշեց գյուղապետը, ում փոխանցմամբ` օրեր առաջ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով թեթեւ աստիճանի վնասվածքներ են ստացել նաեւ տները, մանկապարտեզի շենքը, որը գտնվում է սահմանից մոտ 1 կմ հեռավորության վրա, եւ ըստ գյուղապետի` հաճախ է ենթարկվում հրետակոծության: Ներկայում Չինարիում ապրում է 1280 բնակիչ, դպրոցում սովորում է 140 աշակերտ, իսկ մանկապարտեզ հաճախում է 30 երեխա: «Փառք Աստծո, 2011թ. խաղաղ բնակչության շրջանում զոհեր չենք ունեցել, իսկ 2008, 2009, 2010թթ. եղել են նման զոհեր: Չինարիում պատերազմը չի ավարտվել: Երբ մեր զինվորներին բանակ ենք ճանապարհում, ասում եմ` էրեխե՛ք ջան, դուք ռազմաճակատից գնում եք թիկունք ծառայելու»,- նկատեց Ս. Սաղոյանը:
Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
168 ժամ

















































