
Սամվելը, ապրելով Ֆրանսիայի Միդի-Պիրենե մարզում, որտեղ չկան հայեր, ցանկանում է ստեղծել մի էջ, որում կլինեն բուռն քննարկումներ, որտեղ կկարողանա ձեռք բերել հայ ընկերներ՝ պահպանելով մայրենի լեզուն: Էջի ընտրությունն էլ կայանում է նրանում, որ մինչ այդ երաժշտության հետ կապած այդպիսի ֆեյսբուքյան էջ չկար, իսկ նա դեռ վաղ տարիքից անտարբեր չի եղել երաժշտության նկատմամբ:
Էջի նպատակն է տարածել որակյալ երաժշտություն և օգտատերերին քիչ թե շատ զերծ պահել անորակ և կոմերցիոն երաժշտությունից:
«Մարդու մոտ ճաշակ զարգանում է իր ծնողներից, օրինակ՝ ես լսում եմ այն, ինչ լսել են իմ ծնողները: Մեկ այլ խոշոր ֆակտոր է հանդիսանում հեռուստատեսությունը: Հեռուստացույցով հիմա շատ հաճախ կհանդիպես ռաբիս և անորակ երաժշտության: Ես դեմ չեմ ռաբիսին, բայց այն պետք է մնա ռեստորանում, այլ ոչ տեղափոխվի «Հեռուստառեստորան» » ,-ասում է Սամվելը: Հիշում է, թե ինչպես են դիմավորել եւ թե ինչ նվեր են մատուցել իրենց 500-րդ օգտատերին. «Օգտատերերից մեկը հարցրեց, թե ինչ նվեր է սպասվում 500-րդ այցելուին, իսկ ես պատասխանեցի, որ շատ օրգինալ մի նվեր: Դրեցինք այդ ժամանակ « Յար գնում ես ու գալիս » ռաբիս կատարումը եւ մեկնաբանություններում մի լավ հրճվեցինք»:
Սամվելը կոչ է անում զերծ մնալ անորակ երաժշտությունից: Լսել Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ռուբեն Հախվերդյանի, Արթուր Մեսչյանի, Առնո Բաբաջանյանի երգերը . «Ինչու՞ չէ, նաեւ ծանոթացեք Eric Clapton-ի, The Beatles-ի, Led Zeppelin-ի, The Rolling Stones-ի, Pink Floyd-ի, Queen-ի, Sting-ի, Scorpions-ի, Stevie Wonder-ի, Bob Marley-ի, Louis Armstrong-ի, Elvis Presley-ի, The Doors-ի, U2-ի, Phil Collins-ի, Muse-ի, SOAD-ի երգացանկի հետ և կհամոզվեք, որ ձեր նախկինում լսածը երաժշտություն չի եղել»:
Քրիստինա Միրզոյան
Դեռ չե՞ ք հավանել «Առավոտ երիտասարդականի» ֆեյսբուքյան էջը: Շտապեք հավանել եւ կարդալ երիտասարդական թեմաներով լավագույն հրապարակումները
:


















































