
Google որոնողական համակարգից մենք բոլորս ենք օգտվում, բայց քչերը գիտեն, թե որտեղից և ինչպես է առաջացել այն: Այս բացը որոշել է լրացնել Remas Blog-ը` գրելով Google-ի ծագման մասին. «Googol-ը տերմին է, որը խոսակցական լեզվով նշանակում է «100 զրոներով թիվ»: Եվ հիմնադիրները պայմանավորվել են, որ դոմեյնը կկոչվի Googol (googol.com): Նրանք սկսեցին դոմեյնների բազայում որոնել Googol բառը, ու պարզեցին, որ այն դեռևս ազատ է օգտագործման համար: Բայց նրանցից մեկն այնքան էլ լավ չէր տիրապետում ստեղնաշարին և գրել է Google: Այդ ժամանակվանից Google.com գրանցված դոմեյնը դարձել է Լարի Պեյջի ու Սերգեյ Բրինի սեփականությունը:
Դոմեյնների արխիվում նշվում է, որ Google.com-ը գրանցվել է 1997թ. սեպտեմբերի 15-ին»:
Ադրբեջանցի հակերներն այդպես էլ չեն դադարում կոտրել կայքերը: Այս անգամ էլ կոտրել են wikipedia.am կայքը:
Մինչ հայերը շտապում են ձեռք բերել iPad, կատալոնական դպրոցներում այն արդեն այնքան է տարածվել, որ դպրոցական դասագրքերին փոխարինելու են հենց iPad-ները. «Շուրջ 480 դպրոցականներ սեպտեմբերին իրենց դասագրքերը կփոխարինեն «Apple» ընկերության պլանշետներով, քանի որ դպրոցների ղեկավարությունը անհրաժեշտ է համարում նոր տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում: Ընդ որում` շատ ուսուցիչներ դասերի ժամանակ նման սարքերի օգտագործումը շատ օգտակար և հարմարավետ են համարում», – գրել է Vahagn Aghayan’s blog-ը:
Ֆեյսբուքն այնքան է կախվածություն առաջացրել մեր մեջ, որ նրա մասին արդեն տաղեր են հյուսվում 🙂 Ֆեյսբուքյան օգտատեր Ominia Vanitas-ը գրել է՝ «Տաղ հակաֆեյսբուքյան, ամառային»: Ներկայացնում եմ դրանից մի հատված՝ «Մատս շուշին քսելով՝ Ֆեյսբուք մոբայլը բացեմ, Հրավերքներ ջնջելով՝ Մենակ լայքերը հաշվեմ: Սև եզրերով նկարներ, Տակը՝ սպիտակ տառերով. Ապամոտիվատորներ՝ Մեջն անիմաստ թագերով…»
Տիգրանուհի Թասլակյան


















































