
Ներկայացնելով իր գործունեությունը եւ դպրոցում ունեցած ներդրումը՝ Լոռու մարզի Վանաձորի թիվ քսանհինգ միջնակարգ դպրոցի տնօրեն Սիլվա Ճաղարյանը նշեց, որ վերանորոգվել եւ կահավորվել են դպրոցի բոլոր դասասենյակները. «Բացվել է համակարգչային երկու սենյակ: Թաղամասում ընտանիքների միայն 20 տոկոսն է ապահովված համակարգիչներով, բայց դասասենյակների շնորհիվ երեխաները կարողանում են ստանալ ինֆորմատիկա առարկայի անհրաժեշտ գիտելիքները»:
Տնօրենի խոսքով՝ նախկինում ցանկապատ չունեցած դպրոցի բակում ծեծկռտուքի ու գարեջրի շշերի հետքեր էին գտնվում, սակայն ցանկապատումից հետո խնդիրը լուծվեց. «Դպրոցի բակում աշակերտների ջանքերով նաեւ ծառատունկ է իրականացվել: Թաղամասի ընտանիքների մեծ մասի հայրերը մեկնել են արտագնա աշխատանքի եւ ընտանիքների ղեկավարներն այժմ կանայք են: Նրանց հոգսը թեթեւացնելու նպատակով դպրոցի ճաշարանում շուրջ 320 աշակերտ տաք սնունդ է ստանում»:
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սեդրակ Գալստյանն ասաց, որ ղեկավարման ընթացքում շեշտը դնում է աշակերտների հատկապես ռազմահայրենասիրական դաստիարակության վրա. «Դպրոցը տվել է երեսուն ազատամարտիկ, որոնցից տասն իրենց կյանքը զոհել են Արցախյան պատերազմի ընթացքում: Ունենք Դուշմանի անվան ռազմական կաբինետ»:
Կարդացեք նաև
Գալստյանը հավելեց, որ դպրոցն ապահովված է համապատասխան գույքով կահավորված մարզադահլիճով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































