
«Ցավոք, մարզադաշտում չեմ լինելու, բայց արդեն իսկ դողում եմ, նյարդայնանում: Չեմ փորձում կանխատեսումներ անել, պարզապես հավատում եմ իմ սիրելի հավաքականին,-ասում է Ազգային հավաքականի երկրպագուհի Հռիփսիմե Գալստյանն ու հույս հայտնում, որ մենք կհաղթենք,-այսօրվա եղանակն էլ է նույնն ուզում, դրա համար էլ ամպերը «գոռում են», ու քիչ առաջ նույնիսկ կարկուտ էր տեղում (Արարատում-Հ. Գ.) » ։
Չնայած շատ հայեր Իտալիայի ֆուտբոլի հավաքականի և հատկապես իտալական «Յուվենթուսի» կազմում հանդես եկող որոշ ֆուտբոլիստների, օրինակ՝ Բուֆֆոնի, Անդրեա Պիրլոյի, Անտոնիո Կասսանոյի, Մարիո Բալոտելլիի երկրպագուներն են, այսօր ոգեշնչելու և երկրպագելու են մեր թիմին։
Նշենք, որ Մարիո Բալոտելլին, ում մասնակցությունը կասկածի տակ էր, քանի որ վերջերս է ապաքինվել վնասվածքից, իսկ երեկ էլ տաքություն ուներ, կմասնակցի խաղին։ Ի դեպ, երեկ youtube-ում հայտնվեց Միհրան Ծառուկյանի նոր տեսահոլովակը՝«Գոլ» անվանումով։ Մեկ օրվա ընթացքում այն դիտել են մոտ 45 000 անգամ: Երգը կրկնապատկել է մեր ֆուտբոլասերների ոգևորությունը։ Դա են վկայում նաև մեկնաբանությունները․ «Շատ լավ կլինի Ստադիոնում այս երգը դրվի ժամը 7-ից մինչև 9-ը։Այնքան էներգիա կհավաքվի, որ ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ «Ջարդը կտանք» , «Գոլ հաղթելու ենք, հայեր հաղթելու ենք, ու մեր պատվին այսօր պիտի հնչի զուռնա դհոլ»։
Նազենի Բաղդասարյան
Հ․գ․ Մենք էլ Հայաստանի հավաքականին մաղթում ենք հաղթանակ և գեղեցիկ խաղ, իսկ երկրպագուներին՝ ավելի բարձր տրամադրություն։


















































