«Հուպ տուր Հայաստան» , «3 անգամ ասենք գոլ», «Մենք հավատում ենք մեր հաղթանակին»․համացանցում հայտնված այս ստատուսները, նկարները, ինչպես նաև պաստառները, եռագույներով ներկված ֆուտբոլասերները վկայում են այսօրվա բարձր տրամադրության մասին։
«Ցավոք, մարզադաշտում չեմ լինելու, բայց արդեն իսկ դողում եմ, նյարդայնանում: Չեմ փորձում կանխատեսումներ անել, պարզապես հավատում եմ իմ սիրելի հավաքականին,-ասում է Ազգային հավաքականի երկրպագուհի Հռիփսիմե Գալստյանն ու հույս հայտնում, որ մենք կհաղթենք,-այսօրվա եղանակն էլ է նույնն ուզում, դրա համար էլ ամպերը «գոռում են», ու քիչ առաջ նույնիսկ կարկուտ էր տեղում (Արարատում-Հ. Գ.) » ։
Չնայած շատ հայեր Իտալիայի ֆուտբոլի հավաքականի և հատկապես իտալական «Յուվենթուսի» կազմում հանդես եկող որոշ ֆուտբոլիստների, օրինակ՝ Բուֆֆոնի, Անդրեա Պիրլոյի, Անտոնիո Կասսանոյի, Մարիո Բալոտելլիի երկրպագուներն են, այսօր ոգեշնչելու և երկրպագելու են մեր թիմին։
Նշենք, որ Մարիո Բալոտելլին, ում մասնակցությունը կասկածի տակ էր, քանի որ վերջերս է ապաքինվել վնասվածքից, իսկ երեկ էլ տաքություն ուներ, կմասնակցի խաղին։ Ի դեպ, երեկ youtube-ում հայտնվեց Միհրան Ծառուկյանի նոր տեսահոլովակը՝«Գոլ» անվանումով։ Մեկ օրվա ընթացքում այն դիտել են մոտ 45 000 անգամ: Երգը կրկնապատկել է մեր ֆուտբոլասերների ոգևորությունը։ Դա են վկայում նաև մեկնաբանությունները․ «Շատ լավ կլինի Ստադիոնում այս երգը դրվի ժամը 7-ից մինչև 9-ը։Այնքան էներգիա կհավաքվի, որ ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ «Ջարդը կտանք» , «Գոլ հաղթելու ենք, հայեր հաղթելու ենք, ու մեր պատվին այսօր պիտի հնչի զուռնա դհոլ»։
Նազենի Բաղդասարյան
Հ․գ․ Մենք էլ Հայաստանի հավաքականին մաղթում ենք հաղթանակ և գեղեցիկ խաղ, իսկ երկրպագուներին՝ ավելի բարձր տրամադրություն։