
Այս կապակցությամբ նոյեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը տեսակոնֆերանս էր կազմակերպել, որին մասնակցում էին Սանկտ Պետերբուրգի, Մինսկի, Օդեսայի հայ համայնքների ներկայացուցիչները: Տեսակոնֆերանսին ներկա էր Մանկական Եվրատեսիլին Հայաստանը ներկայացնող «Կոմպաս Բենդի» պրոդյուսեր Զառա Պետրոսյանը, ով նշված քաղաքների հայ երիտասարդներին ներկայացրեց խմբի տեսահոլովակը, կոչ արեց մասնակցել և ակտիվորեն քվեարկել Հայաստանի օգտին:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց տեսակոնֆերանսի մասնակիցներին՝ կարևորելով աշխարհասփյուռ հայության դերը համաեվրոպական մրցույթում հաղթանակի հասնելու հարցում. «Դեկտեմբերի 1-ը մերը պետք է լինի: Եթե երեխաներն իմանան, որ հայ համայնքներն իրենց աջակցում են, առավել մեծ ոգևորություն կցուցաբերեն, և մենք կհաղթենք: Պետք է համախմբվենք այնպես, ինչպես միահամուռ էինք Շախմատի օլիմպիադայի ժամանակ, և այսպիսով մենք ևս մեկ անգամ կապացուցենք, որ շախմատային գերտերություն լինելուց բացի նաև մշակութային գերտերություն ենք»:

Կարդացեք նաև
Սանկտ Պետերբուրգի, Օդեսայի և Մինսկի երիտասարդներն իրենց ոգևորությունն ու աջակցությունը փոխանցեցին հայ պատանիներին՝ վստահեցնելով, որ իրենց բնակության երկրներում արդեն շատերն են ճանաչում ու սիրում հայկական կատարումը և պատրաստ են իրենց ձայնը տալ Մանկական Եվրատեսիլի հայաստանյան մասնակցին՝ «Կոմպաս Բենդին»:
Սփյուռքի նախարարության մամուլի հաղորդագրություն


















































