
2013 թվականի Ամանորն հայերի համար ունի նաև իր տարբերանշանը, որը մշակել է BB Media ընկերությունը՝ Երևանի Քաղաքապետարանի հետ համատեղ: «Որպես տարբերանշան ընտրվել է հրեշտակը, որի ձեռքին փողն է, որով նա ազդարարում է Նոր տարվա գալուստը: Տարբերանշանի ընտրությունը պատահական չի եղել: Այն ընտրվել է՝ հաշվի առնելով պատմական ազգային ակունքներն ու հայկական մանրանկարչությունը: Հրեշտակի դեպի վեր ուղղված թևը խորհրդանշում են առաքինություն, մաքրություն, խաղաղություն և սեր: Փողով հրեշտակը ազդարարում է ավետիսը: Այն ունի նաև պատմական ակնարկ, քանի որ նախկինում թագավորի պատգամաբերները հենց փողերով ու շեփորներով էին ազդարարում Նոր տարվա գալուստը: Պատկերված հրեշտակի ոճային լուծումները պայմանավորված են այն հանգամանքով, որ տարբերանշանը բացի Ամանորյա խորհրդանիշ լինելուց, նախատեսված է օգտագործել որպես դեկորատիվ տարր տոնական ձևավորման մեջ», – գրել է bbmedia.am-ը:
Սակայն այնուամենայնիվ շատ էին մարդիկ, որոնց տարբերանշանի ընտրությունը դուր չէր եկել, նրանցից մեկն էլ բլոգեր Սամվել Մարտիրոսյանն է, ով գրել էր. «Երեւանի նոր տարվա լոգոտիպը Սիրուն ա երեւի, բայց անելուց գոնե պետք ա մտածել, որ քրիստոնեական սիմվոլիկայում փողով հրեշտակը Ահեղ Դատաստանի հետ ա կապնվում։ Ոնց որ մարտի ութի լոգոտիպը լինի Չակ Նորիսը գերանդիով», այս գրառմանը հետևել է ևս մեկ կարծիք-գրառում՝ Անահիտ Մեսրոպյանի կողմից. «Անտրամաբանական լոգո է Նոր տարվա, առավել եւս Երեւանի հետ կապված»:
Տիգրանուհի Թասլակյան


















































