
Առաջին պաշտոնական հանդիպմանը սովորաբար աղջիկները դատարկաձեռն չեն գնում: Շատերը վերցնում են քաղցրավենիք և խմիչք, ծաղկեփունջ կամ որևէ նվեր՝ հիմնականում հուշանվերներ կամ ծաղկաման: 20-ամյա Լիանան էլ հիշում է՝ Ամանորին էր, երբ առաջին անգամ այցելեց իր ապագա ամուսնու տուն:
«Ընկերուհիներս խորհուրդ էին տվել չգնել թանկարժեք բաներ, միայն քաղցրավենիք էի գնել,-ասում է նա ու հավելում,- ճիշտն ասած ինձ այնքան էլ շատ դուր չեկավ մթնոլորտը, նրա մայրը զբաղված էր հյուրերով, ինձ այնքան էլ ուշադրություն չէր դարձրել»: Լիանան նաև հավելում է՝ հետագա մի քանի այցելություններից հետո հասկացավ, որ առաջին կարծիքը շատ սխալ է և որ իր ապագա սկեսուրը հոյակապ և ուշադիր կին է:
Առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ սովորաբար երկու կողմն էլ ավելի ուշադիր և բծախնդիր են դառնում, առանձնակի ուշադրություն են դարձնում պահվածքին և ժեստերին: «Անձամբ ես ուշադրություն էի դարձնում, թե նա ինչ տոնով է խոսում ինձ հետ, ինչ հարցեր է տալիս, ինչպես է արձագանքում իմ խոսքերին»,-ասում է 21-ամյա Նարինեն: Աղջկա պատշաճ պահվածքը, անշուշտ, շատ կարևոր է: Շատերի կարծիքով՝ աղջիկը իրեն պետք է դրսևորի այնպես, ինչպես որ կա: Շատ աղջիկներ նաև հավաստիանում են, որ եթե տղայի մայրը առաջին հայացքից իրենց դուր է գալիս, ապա «խոչընդոտներն հաղթահարված են»:
44-ամյա ապագա սկեսուր տիկին Արփինեն հավաստիացնում է՝ սիրով և ջերմությամբ է ընդունել իր ապագա հարսին. «Ես ամեն ինչ անում էի, որ նա չլարվի, կատակներ էի անում և ապահովում էի ուրախ ու առօրյա մթնոլորտը»,-ասում է նա:
Նազենի Բաղդասարյան


















































