Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին «պաշտոնական հանդիպումը» ապագա սկեսրոջ հետ

Հունվար 08,2013 19:16

Հարս-սկեսուր բարվոք հարաբերություններ երաշխավորում են ընտանիքի համերաշխությունը: Դա կարգավորելու համար հարկավոր է միմյանց ճիշտ հասկանալ, իսկ ամենից առաջ անհրաժեշտ է ծանոթանալ ապագա սկեսրոջ հետ: Առաջին ծանոթությունը կարող է ճակատագրական լինել. հուզմունքը շատ է, իսկ երկու կողմերի արտահայտությունները, խոսքի վրիպումները, նույնիսկ հայացքները կարող են կոնֆլիկտների պատճառ դառնալ: Այս առիթով  «Առավոտ երիտասարդականը»  փորձեց հետաքրքրվել աղջիկներից, թե ինչպես է տպավորվել առաջին պաշտոնական հանդիպումը իրենց ապագա սկեսուրների հետ: 19-ամյա Սոնան պատմում է՝ այդ օրը հատուկ հագել էր կիսաշրջազգեստ, քիչ էր շպարվել, ինչպես ինքն է ասում, ավելորդ խոսակցություններից խուսափելու համար. «Ես ուզում էի լավ տպավորություն թողնել, դուր գալ սկեսուրիս, նույնիսկ ամբողջ ճանապարհին դողում էի»,-ասում է նա:

Առաջին պաշտոնական հանդիպմանը սովորաբար աղջիկները դատարկաձեռն չեն գնում: Շատերը վերցնում են քաղցրավենիք և խմիչք, ծաղկեփունջ կամ որևէ նվեր՝ հիմնականում հուշանվերներ կամ ծաղկաման: 20-ամյա Լիանան էլ հիշում է՝ Ամանորին էր, երբ առաջին անգամ այցելեց իր ապագա ամուսնու տուն:
«Ընկերուհիներս խորհուրդ էին տվել չգնել թանկարժեք բաներ, միայն քաղցրավենիք էի գնել,-ասում է նա ու հավելում,- ճիշտն ասած ինձ այնքան էլ շատ դուր չեկավ մթնոլորտը, նրա մայրը զբաղված էր հյուրերով, ինձ այնքան էլ ուշադրություն չէր դարձրել»: Լիանան նաև հավելում է՝ հետագա մի քանի այցելություններից հետո հասկացավ, որ առաջին կարծիքը շատ սխալ է և որ իր ապագա սկեսուրը հոյակապ և ուշադիր կին է:

Առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ սովորաբար երկու կողմն էլ ավելի ուշադիր և բծախնդիր են դառնում, առանձնակի ուշադրություն են դարձնում պահվածքին և ժեստերին: «Անձամբ ես ուշադրություն էի դարձնում, թե նա ինչ տոնով է խոսում ինձ հետ, ինչ հարցեր է տալիս, ինչպես է արձագանքում իմ խոսքերին»,-ասում է 21-ամյա Նարինեն: Աղջկա պատշաճ պահվածքը, անշուշտ, շատ կարևոր է: Շատերի կարծիքով՝ աղջիկը իրեն պետք է դրսևորի այնպես, ինչպես որ կա: Շատ աղջիկներ նաև հավաստիանում են, որ եթե տղայի մայրը առաջին հայացքից իրենց դուր է գալիս, ապա «խոչընդոտներն հաղթահարված են»:
44-ամյա ապագա սկեսուր տիկին Արփինեն հավաստիացնում է՝ սիրով և ջերմությամբ է ընդունել իր ապագա հարսին. «Ես ամեն ինչ անում էի, որ նա չլարվի, կատակներ էի անում և ապահովում էի ուրախ ու առօրյա մթնոլորտը»,-ասում է նա:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031