Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա հուշեր

Հունվար 11,2013 11:17

«Ամենից շատ այդ օրն եմ զգում Վազգենի պակասը»

Արամ Սարգսյան («Հանրապետություն» կուսակցության ղեկավար)

– Ձեր Ամանորի հեքիաթը ինչո՞վ է սկսվում։

– Եղբորս՝ Վազգենի ներկայությամբ։ Ամենածանր իրավիճակներին անգամ այդ օրը նա տուն է եկել։ Ինքը մի միջոց էր գտել, որով հավաքում էր ամբողջ բակը։ Մեծ եղևնի էր բերում ու բակում դնում, զարդարում էինք։ Բակի բնակիչներն իրենց սեղանները դուրս էին հանում, մի շարքի վրա դնում ու մինչև լույս (նույնիսկ այն ծերերը, ովքեր հիվանդ էին) Վազգենի ներկայությամբ նստում էին։ Հրաշալի սովորություն էր։

– Եղբայրների հետ անցկացրած Ամանորից ի՞նչ կվերհիշեք։

– Մեզ համար Ամանորը, ինչպես շատ հայ ընտանիքների համար, եղել է տարվա լավագույն տոներից մեկը։ Ինչպես բոլոր երեխաները, մենք էլ անհամբեր սպասել ենք, նույնիսկ բավական մեծ տարիքում, թե ինչ է լինելու եղևնու տակ։ Եվ այդ զգացողությունը՝ այնտեղ գտնելու ինչ-որ բան, անկախ

նրանից, թե դա մեր ուզածն է եղել, թե ոչ, անփոխարինելի է։ Մենք Ձմեռ պապին միշտ նամակներ ենք գրել։ Այդ բերկրանքն աննկարագրելի է։ Ես հիմա նույն բանն անում եմ ու չեմ սիրում այն մարդկանց, ովքեր չեն հավատում Ձմեռ պապին։

– Ինչի՞ համար է առաջին գավաթը բարձրացվում ու բարձրացվել Ձեր ընտանիքում։

– Իհարկե, առաջին բանը, որ ասել է պապս ու հիմա էլ հայրս, խաղաղությունն է, իրար ամբողջական տեսնելն ու տարին հաջող լինելը, բերք ու բարիք ունենալը։

– Վազգենի հետ ու առանց նրա… Ամանորի խորհուրդը փոխվե՞լ է:

– Ամենից շատն այդ օրն եմ զգում Վազգենի պակասը։ Տարբերությունը դա է։

– Ձեր մաղթանքները։

– Մեր ժողովուրդը, որ արժանի է շատ-շատ լավ բաների, ուզում եմ իր սրտով, իրեն վայել երկրում ապրի։

 

«Ամենամեծ հեքիաթը  տղա ունենալն է»

Արամ Կարապետյան (ՆԺԿ ղեկավար)

– Ո՞րն է Արամ Կարապետյանի Ամանորի հեքիաթը։

– Իմ հեքիաթներն արդեն իրագործվել են։ Միշտ ցանկացել եմ լավ երեխաներ ունենալ, ունեցել եմ։ Ամենամեծ հեքիաթը տղա ունենալն է, որն իրագործվեց, բայց մի քիչ մնացել է։ Դեմ չէի լինի երկուսն ունենալուն, բայց տարիքս, ինչպես ասում են, հեքիաթային է թվում։ Ամեն դեպքում հեչ դեմ չէի լինի այդ հեքիաթը նորից իրագործելուն։

– Մաղթում եմ՝ այս տարի Ձեր հեքիաթը շարունակվի։

– Այո, այո (ծիծաղում է– Ռ. Խ.):

– Ի՞նչ կենաց եք միշտ խմում Ամանորի գիշերը։

– Քանի որ մեր նոր տարիները, հատկապես Մոսկվայում, մեծ կազմով են լինում, առաջինը խմում ենք առողջության, մեր ընտանիքների համար։ Բացի դրանից, կատակով ասում եմ իշխանությունից հեռու, որ ծախվածության շղարշը մեզ վրա չգա։ Իսկ ամենից շատ ավանդական կենացներ են խմվում։ Ցավում եմ, որ շատ երկար տարիներ է արդեն մեր ամենալավ թամադային՝ հորս, կորցրել ենք։ Նա այնպիսի կենացներ էր խմում, որ կարծես ամեն տարի առաջին անգամ էինք լսում։ Բացառիկ կենացներ էին։

– Ձեր հոր հետ անցկացրած ամենալավ Նոր տարին ո՞րն է եղել։

– Մեր տանը միշտ եղել է թարմ եղևնի։ Հայրս մեզ հետ միշտ զարդարել է, սա ավանդույթ էր, ու հիմա ես եմ այդ կերպ վարվում։ Մեզ համար Նոր տարին, Զատիկի հետ, ամենալավ տոնն է։ Մի դեպք հիշեմ, մայրս ու հայրս հյուր էին գնացել, տանը ես ու եղբայրս էինք, դեռ աշակերտ էինք։ Դուռը ծեծեցին։ Մի գինովցած տղամարդ էր, շնորհավորեց, կերանք, խմեցինք։ Երեք ժամ անց պարզվեց՝ համ շենքն էր խառնել, համ մուտքը, համ բնակարանը։

– Ձմեռ պապը հայ ազգին այս տարի ի՞նչ եք ուզում, որ բերի։

– Երկու շատ կարևոր բան՝ նորմալ տնտեսություն, որ արտագաղթ չլինի, և իրար նկատմամբ թշնամանքի վերացում։ Եթե հիշում եք, «Cвадьба в Малиновке» ֆիլմում շատ լավ դրվագ կա, երբ ասում է՝ պատերազմը վերջանում է, «мужики вернутся, бабы»։ Աստված տա, գնացած տղամարդիկ հետ գան, էս խեղճ ու կրակ կանայք մեղք են։

Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031