Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր ճանապարհները Հռոմ՝ Վճռաբեկ դատարան են տանում»

Հունվար 24,2013 13:43

Ասում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը

– Պարոն Անդրեասյան, ինչպիսի՞ն էր դատական համակարգը, երբ Դուք դարձաք Մարդու իրավունքների պաշտպան, եւ ինչպիսի՞ն է այսօր: Ձեր մուտքը, որքան հիշում եմ, սկսվեց դատական համակարգի հետ բախումով եւ կոշտ հակադարձումով:

– 2 տարի է անցել իմ առաջին սուր քննադատություններից: Ցավոք, դատարանների դեմ բողոքների եւ դիմումների, դժգոհությունների քանակը չի նվազել:

Այսօր ամբողջ մեր իրավակարգի, ամբողջ մեր արդարադատության ցավը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում: Այս երկու տարիների ընթացքում Վճռաբեկ դատարանում, դատարաններում որեւէ փոփոխություն ոչ գործելակերպում, ոչ անհատների, ոչ էլ այլ երեւույթի՝ տեղի չի ունեցել:

– Եթե դիմենք վիճակագրությա՞նը. դատական համակարգի դեմ բողոքների առումո՞վ եք ասում:

– Մենք, երբ վիճակագրություն ենք ներկայացնում, ասում ենք, որ ամենաշատ խախտումները թույլ են տվել ոստիկանությունը, պաշտպանության նախարարությունը, դատախազությունը, որովհետեւ այդ մարմինների գործունեությանը մենք իրավունք ունենք գնահատական տալու:

Բայց մենք երբեք չենք անդրադառնում դատարաններին, որովհետեւ դատարանները մեր վերահսկողության տակ չեն եւ հետեւաբար, վիճակագրությունը փոքր-ինչ աղավաղված է:

Մենք ունենք հարյուրավոր բողոքներ, երբ դատարանները մերժում են մարդկանց գործերը, չեն քննում: Իմ կարծիքով, ամենաիրավախախտ կառույցը դատական համակարգն է:

– Պարոն Անդրեասյան, դատարաններից, հատկապես ինչի՞ց են դժգոհում գրասենյակ դիմած քաղաքացիները:

– Ամենացավոտ խնդիրն առնչվում է քաղաքացիական դատավարությանը:

Հանրությունը տեղյակ է առանձին քաղաքական հնչեղություն ունեցող գործերին, բայց երբ մեկի տունը ձեռքից խլում են, մեկի երեխային առեւանգում, հանրությունը տեղյակ չի լինում:

Հարյուրավոր մարդկանց հետ եմ շփվում, եւ նրանք ցավով ասում են, որ պիտի արտագաղթեն երկրից:

Երբ խոսում ենք դատարանների մասին, եկեք մի կենտրոնացեք միայն քրեական գործերի վրա: Ցավալի է, որ մենք գնահատական ենք տալիս այն ժամանակ, երբ ամեն ինչ ավարտված է, իսկ դա ոչ մեկին այլեւս օգտակար չէ:

Մարդու իրավունքների պաշտպանության 80 տոկոսի խնդիրներն այսօր թաղված են դատարաններում, հատկապես՝ Վճռաբեկում:

– Ինչո՞ւ Վճռաբեկում:

– Որովհետեւ առաջին ատյանը, վերաքննիչ դատարանները կարող են սխալներ թույլ տալ, բայց Վճռաբեկ դատարանը, որը կոչված էր իրականացնել արդարադատություն, ապօրինությունն է հաստատում: Ի վերջո, բոլոր ճանապարհները միայն Հռոմ չեն տանում, այլ …Վճռաբեկ դատարան:

– Պարոն Անդրեասյան, օրենսդրական առումով ի՞նչ կարող եք առաջարկել Ձեր իսկ նշած թերությունները վերացնելու համար:

– Հաճախ են ասում, որ խնդիրը անձերի մեջ է: Սակայն անձերի մեջ չէ խնդիրը, այլ՝ համակարգի: Որովհետեւ դու կարող ես հազար անգամ օրենքը փոխել, բայց համակարգը տեղում դոփի:

Աշխարհի շատ դատարաններում դատավորի խղճին է թողնված շատ հանգամանքներ, որոնք օրենքով չես լուծի: Մեզ խղճով դատավորներ են պետք: Եթե գտնվեն 30-40-ը, կկարողանանք փոխել երկրի վիճակը:

Մենք խնդիր ունենք ոչ թե օրենսդրական փոփոխությունների, այլ հասարակության վերաբերմունքի:

Մտմտում ենք ծրագրեր, թե ինչպես ենք թիրախավորելու դատական համակարգի որոշակի ատյաններ՝ լրագրողների, հանրության հետ աշխատելով: Որպեսզի այդ կոռումպացված, անօրեն դատավորները, որոնք աղավաղում են, աղճատում են մարդկանց ճակատագրերը, մշտապես գտնվեն խոշորացույցի տակ:

Եվրոպական պրակտիկան ցույց է տալիս. դատավորներին դատում է հասարակությունը:

Իսկ դատավորների դեմ պայքարը հնարավոր կլինի կոնսոլիդացված աշխատանքով:

– Ձեր նախորդները՝ Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը միշտ էլ դժգոհել են Ձեր լիազորությունների սահմանափակ լինելուց: Արդյոք, կա՞ն լիազորություններ, որոնք կցանկանայիք ստանձնել:

– Հասկանում եմ, թե ինչո՞ւ են իմ նախորդները դժգոհել: Հենց դատական համակարգի ժամանակ է քո ձեռքերը կապված: Մարդը դիմում է քեզ, հուզվում է, համաձայն ես ներկայացված բողոքի հետ, բաց դու ոչինչ չես կարող անել:

Հակված եմ ոչ թե գերլիազորություններ ունենալու, այլ ունեցած լիազորությունների շրջանակում կոչ անելու կոնսոլիդացիայի:

Բացառիկ երկրներ կան, որտեղ Պաշտպանը կարող է կտրուկ միջամտել դատական գործընթացին:

Նախընտրում եմ մնալ եվրոպական մեծամասնության հետ. Եվրոպայի պաշտպանները փորձում են ոչ թե դատել, փոխել դատավճիռները, այլ՝ մշակել մեխանիզմներ, որպեսզի իրենց մասնակցությամբ տեղի ունենա վերահսկողություն՝ դատական ամենաթողության հետ կապված:

Իմաստուն է մեր Սահմանադրությունը, երբ ասում է. դատարանների վրա թող որեւէ մեկը չփորձի ոտնձգել: Չի կարելի միջամտել առանձին գործերով դատարանների վրա, բայց դա չի նշանակում, թե դատարանները պետք է լինեն օրենքից ու տրամաբանությունից անկախ:

Ուզում եմ՝ մարդիկ հասկանան, որ 20 դատավորի բարոյական-օրինական վարքագծի դեպքում, մեր պետությունը կծաղկի հարստության եւ արդարադատության առումով:

Կարող եմ ուզած բանավեճի ժամանակ ապացուցել, որ Վճռաբեկ դատարանում ունենալով արդարություն, մեր գործարարը մաքսային մարմիններում չի տանջվի անարդար մրցակցությունից, որ չենք ունենա քաղաքական սարքովի գործեր կամ էլ կասկածներ, թե գործեր են սարքվում:

20 մաքուր դատավորի մեջ են թաքնված մեր հույսերը:

Երբ Արդարադատության խորհուրդ դիմելով հրապարակային դարձրի դատավորների անունները, ցավոք, իմ ետեւից չեկավ կրիտիկական զանգվածը, պահանջատերը, որը կենտրոնացված չէ խնդրի վրա: Ես չեմ լսել որեւէ ընդդիմադիր քաղաքական գործչից մի մեխանիզմ, որը կառաջարկվի եւ որով կլուծվի դատական ապօրինությունների հարցը: Արդարադատության նախարարության ներկայացրած Ազգային ռազմավարությունը հույսեր է ներշնչում: Բայց ոնց անենք, որ այն չմնա թղթի վրա:

Ընտրություններ են գալիս: Ես խնդրում եմ մարդկանց հարցեր ուղղեն թեկնածուներին, քաղաքական գործիչներին, թե ինչ քայլերով, ինչ ժամանակացույցով պիտի լուծվի խնդիրը դատական համակարգում:

Ինչպես անենք, որ այս բարի եւ լավ ռազմավարությունը իրականանա:

– Պատրա՞ստ եք հակադարձման:

– Անօրեն դատավորները հեղեղել են մեր դատական համակարգը: Եթե դատավորը իմանա, որ վերին ատյանում նստած դատավորները կդառնան օրինական, խղճով, նա անօրեն վճիռ չի կայացնի:

Դատավորն օրենքով եւ խղճով պետք է առաջնորդվի: Մինչեւ իմ վերջին օրը, պարտավորվում եմ նշել այն ցավը, որը տալիս է Վճռաբեկ դտարանն իր դատավորներով:

Զրուցեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031