Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հույսը կարճ հիշողությունն է

Մարտ 28,2013 14:06

Այսօր ինչ էլ գրես, կստացվի, որ գրում ես այս կամ այն քաղաքական թիմի օգտին կամ դեմ, չնայած ես անձամբ որեւէ դեպքում նման մտադրություն չունեմ: Եվ քանի որ խոսք կգնա Վարդան Օսկանյանի մասին, որը Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի առաջին հորիզոնականում է, նախօրոք ասեմ, որ ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե պարոն Օսկանյանը դառնա Երեւանի քաղաքապետ՝ գրագետ, կրթված մարդ է, կարողանում է իր մտքերը հասկանալի ձեւով շարադրել: (Չնայած ինձ ավելի հոգեհարազատ է ՀԱԿ-ի ցուցակը՝ Վահագն Խաչատրյանի գլխավորությամբ): Պարզապես քաղաքական գործիչները չպիտի հույս դնեն մադկանց կարճ հիշողության վրա, եւ երբ նրանք, մասնավորապես՝ պարոն Օսկանյանը,  այսօր պայքարում են մամուլի ազատության համար, նրանք չպիտի մոռանան, որ տարիներ շարունակ այդ ազատություն խեղդողների շարքերում էին:

Այն, ինչ կատարվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ, իհարկե, իր մեջ քաղաքական տարր է պարունակում: Թիրախը, սակայն, որքան հասկանում եմ, ոչ այնքան այդ հիմնադրամի շրջանակներում աշխատող լրատվամիջոցն է (որն, ի դեպ, շատ արագ կարողացավ վաստակած հեղինակություն ձեռք բերել), որքան անձամբ պարոն Օսկանյանը. ԱԱԾ-ի հետաքրքրությունը նրա նկատմամբ բորբոքվում է հատկապես տարբեր տեսակի ընտրություններից առաջ եւ մարում է այդ ընտրությունների որոշակի արդյունքից կախված: Իհարկե, դրա պատճառով տուժում են նաեւ մեր գործընկերները, սակայն լրատվամիջոցը, բարեբախտաբար,  շարունակում է գործել:

Երեկ Վարդան Օսկանյանը հավաքել էր օտարերկրյա դեսպաններին եւ ներկայացրել «Սիվիլիթասի» հետ կապված իրավիճակը: Դեսպաններն իրենց աջակցությունը հայտնեցին նախկին արտգործնախարարին: Ինքնին դա, անշուշտ, դրական երեւույթ է: Բայց արդյոք այդ հանդիպման ժամանակ պարոն Օսկանյանը չհիշե՞ց, թե 6 տարվա ընթացքում՝ 2002 թվականի ապրիլի 2-ից սկսած, երբ իր նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկել էր եթերից «Ա1+»-ը, նա՝ որպես ԱԳ նախարար, քանի՞ դեսպանի,  քանի՞ միջազգային կազմակերպության է բացատրել, որ Հայաստանում խոսքի ազատությունը չի ճնշվում, որ «Ա1+»-ը պարզապես պարտվել է մրցույթում: Քանի՞ անգամ է նա այդպիսով արդարացրել խոսքի ազատության շատ ավելի վայրագ հարձակումը, քան իրականացվում է այսօր:

Իհարկե, մենք՝ «Ա1+»-ի աշխատակիցներս, այդքան մտերիմ չենք դեսպանների հետ եւ հնարավորություն չունենք նրանց հավաքելու մեր խնդիրների համար՝ մեր շրջապատն ավելի համեստ է: Բայց, ենթադրենք, Քոչարյանի օրոք մեզ հաջողվեր նման հանդիպում կազմակերպել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի տոնայնությամբ դրան կանդրադառնային «ազատ, բայց պատասխանատու հեռուստաընկերությունները»՝ «հինգերորդ շարասյուն», «ազգադավ ՀՀՇ-ականների դավադրություն» եւ այլն: Հիմա նման հիմարություններ գրեթե չեն խոսում: Սա է տարբերությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (20)

Պատասխանել

  1. Ani says:

    Փոս փորողն ինքն է փոսն ընկնում: Չնայած, որ այս հետապնդումը քաղաքական բնույթ է կրում, բայց ես մի վայրկյան չեմ էլ կասկածում, որ Օսկանյանը մեղավոր է այն ամենում, ինչում իրեն մեղադրում են: Եվ նա պիտի պատասխան տա իր արածների համար: Ես չէի ուզի, որ Օսկանյանը դառնար Երևանի քաղաքապետ, նրա գրագետ լինելը ոչ մի դրական բան չփոխեց այն գերատեսչությունում, որի ղեկավարն էր նա երկար տարիներ, հետևաբար Երևանի համար նրա ՕԳԳ-ն ևս զրո կլինի, եթե ոչ բացասական: Վերջապես պետք է հասկանալ, որ մեր ամենամեծ թշնամին կոռուպցիան է և պետք է բացառել, ուղղակի քաղաքական դաշտից <> այն մարդկանց, որոնք կոռումպացված են: Այդ մարդկանցից է Օսկանյանը

  2. Գրիգոր says:

    Մի պահ ենթադրենք, որ Օսկանյանը իդեալական ազնիվ և խելացի մարդ է: Բայց միևնույն է, համոզված եմ, որ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար նա բոլորովին չի համապատասխանում

  3. Մեկնաբան says:

    Անդրադառնալով Հայաստանում խոսքի (մամուլի) ազատության թեմային, ողջունելով վերջին տարիներին երկրում տիրող խոսքի ու մամուլի ազատության աստիճանը, կցանկանայի, որ մեկ մակարդակ ևս բարձրանար այս ամենը՝ դրանով ամեն ինչ իրենց ճիշտ տեղերում դասավարելով:

    Խոսքս վերաբերվում է ընդիմադրության բոլոր առաջնորդներին կանոնավոր ձևով հեռուստաժամ տրամադրելուն: Թող նրանք Օպերայի Հրապարակի փոխարեն, կամ ուշադրության արժանանալու համար հացադուլ անելու փոխարեն հնարավորությունն ունենան ժողովրդին պարբերաբար ներկայանալ իրենց ծրագրերով:

    Կարծում եմ, որ սա կլինի երկուստեք օգտակար զարգացում: Ընդիմությունը հնարավորություն կստանա իր ձայնը տեղ հասցնելու: Իշխող կողմն էլ հնարավորություն կստանա ժողովրդին ցուցադրելու՛ որ բացի ծանր վիճակից (արդարացիորեն) բողոքելուց, ընդիմությունը որևէ իրական ու կենսունակ առաջարկ չունի:

    Մի կողմից սա իշխանություններին կպարտադրի լինել ավելի զգուն ու հավաքված, ու կպարտադրի իրեն երկրի սահմանադրության ու ժողովրդի սպասելիքների հետ համապատասխանեցնել իր քայլերը կամ, առնվազն, դրան ձգտել, իսկ ընդիմության կպարտադրի զանգվածային հիստերիայի բացակայության պայմաններում ավելի լրջորեն մոտենալ իր ասելիքին ու ամագոռգոռ հայտարարություններից անդին քայլ անել՝ հակառակ դեքում հայտնվել ժողովրդի առջև որպես բարկացած դատարկախոսների «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» կարգախոսով գործող հավաքածու:

    Հավատում եմ, որ ընդիմությանը պարբերաբար հեռուստաժամ տալը կնպաստի իշխանության ու ընդիմության արդյունավետ փոխհարաբերություններին:

  4. Լավատես says:

    Տեղական քաղաքական ուժերը պետք է առաջին հերթին մտնեն իրար հետ մրցակցության մեջ եւ միայն այդ պայքարում հաղթողը պետք է տեղական գահին նստի: Մենք, իհարկե, պետք ե շնորհակալ լինենք արեւմուտքից եւ արեւելքից եկած հայությանը, որոնք իրենց ուսերի վրա վերցրեցին կառավարման ծանր լուծը վերջին տասնամյակներում եւ հիմա ժամանակն է նրանց ազատել այդ լծից:

  5. Արմ says:

    Միշտ էլ ատելի է այն քաղաքական գործիչը, որը սկսում է քննադատել իշխանություններին՝ խոսելով մարդու իրավունքների եւ մարդկային բարձր արժեքների մասին այն ժամանակ, երբ դորս է մղվում մինչ այդ իրեն շատ հարազատ իշխանություններից, և որը շատ կարևոր է, բացարձակ ոչ իր արդարամիտ հայացքների համար: Փորձելով շրջանցել իր մեղսակցության հանգամանքը հենց իր կողմից նշված մեղմ ասած բացասական երևույթներում եւ հույս դնել ժողովրդի կարճ հիշողության վրա( որիշ կերպ ուղղակի դժվար կլինի մեկնաբանել այս փաստը ) պետք է բնութագրել միայն որպես կատարյալ ցինիզմ: Ցավով պետք է նշել, որ նման երևույթները ինչպես հարկն է չեն քննադատվում քաղաքական ուժերի և քաղաքագետների կողմից, որոնք կարող են ցույց տալ տվյալ քաղաքական գործչին միակ ճանապարհը՝ խոստովանել իր մեղսակցությունը, դրանով իսկ հիմնավորելով իր կողմից ներկայացված քննադատությունները և հեռանալ քաղաքական դաշտից:

  6. Aram says:

    Հարգելի Խմբագիր, ես միշտ դեմ եմ եղել Ձեր հաշտվողականությանը, բայց կարծես ընտրության հարցում միակարծիք ենք: Երևի <> Ա1+-ի փակումը, համենայնդեպս դա շատ որոշակի Հայաստանը տարավ 20-30 տարի հետ, դեպի <>: Շուշան Պետրոսյանն ու Մարգարիտա Եսայանն էլ բավական գրագետ ու հասկանալի մտքեր են շարադրում , օրինակ գյումրեցիք անբարոյական են, կառավարությունը մեծ բարեշրջում է արել քաղծառայողների սոցիալական փաթեթ ներդնելով, այլ հարց է, դա լսել ու ընդունել, թե քմծիծաղով հայհոյել: Մարտի 1-ի համար պատասխանատուն միայն Ռ. Քոչարյանը չի / Հիտլեր/, այլև գրագետ և միտք պարունակող նախադասություններ արտաբերող Վ. Օսկանյանը /ֆօն Ռիբենտրոպ/:

  7. Varduhi says:

    Արամ ջան, շատ լավ ես գրել, բայց դու էլ Օսկանյանի նման կողմնակալ ես: Այդ նույն Վահագն Խաչատրյանի թիմի օրոք առաջին անգամ փակվեց Ա1-ը,Ազատության ռադիոկայանը և էլի ուրիշ լրատվամիջոցներ: Իսկ դուք այսօր նույնպես օգտագործում եք մարդկանց չիմացությունը և մոռացկոտությունը`Ձեր սիմպատիան ներկայացնելիս:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Շատ ճիշտ է, սիրելի Վարդուհի, ուղղակի Վահագնը մամուլի ճնշման այնքան ակտիվ մասնակից չէր, եւ հիմա որպես մամուլի ազատության ջահակիր հանդես չի գալիս:

  8. Anahit says:

    Լինել շատ գրագետ, դեռ չի նշանակում լինել անպայման շատ ազնիվ:Երկու կարծիք չի կարող լինել,անհնար է ծառայել միաժամանակ եւ սատանային,եւ Աստծուն;Որպես անձի հետապնդում,շատ ակներեւ է ու պրիմիտիվ:Բայց դե մարդիկ լավ հիշողություն ունեն,անվիճելի փաստ է;
    Պարզապես անխափան աշխատեց բումերանգի օրենքը:

  9. Հայկ says:

    Սիրելի հայրենակիցներ, ներենք մարդկային սխալները մեր Հայորդիների: Հիշում եք՝ Քրիստոնյաներին հալածող Սավուղը դարձավ Պողոս՝ ամենաառաջապահ Քրիստոնյաներից մեկը: Գուցե մեր հայորդիներն էլ են դարձի գալիս: Եկեք արդար գործի համար լինենք անհիշաչար: Միայն իրար մեղքեր ներելով մենք կկառուցենք ամուր Հայաստան: Ջնջենք մեր հիշողությունից այն՝ թե մեր իրականության մեջ ով ում բարեկամն է եղել և ով՝ ում թշնամին… Այսօրվա իշխանավորներից շատերին նույնպես մենք հետո կներենք և նրանք իշխանությունը կորցնելուց հետո միայն կհասկանան, թե ինչ է նշանակում լինել ընտրակեղծարար, լինել ժողովրդի առաջընթացի ու կյանքի արգելակ…

    • Արմ says:

      Հայկ ջան, իսկապես շատ աստվածահաճո խոսքեր ես ասում, բայց նույնիսկ աստված ներելու համար պահանջում է մեղա գալ ու ընդունել գործած մեղքերը: Հակառակ դեպքում ժողովրդի ներողամտությունը դառնում է ընդամենը նախադեպ եւ ծնում է էլ ավելի մեծ չարիքներ: Եւ հետո ներելը բոլորովին չի պարտադրում կրկին վստահել:

    • Համլետ says:

      Հարգելի Հայկ,նման դատողություններին կհակադրեմ հայտնի “Если тебя ударили по правой щеке, подставь левую… Затем уйди под локоть, и снизу в челюсть,что бы не смоглии ударить второй,третий и много раз!”՝ հայերեն չթարգմանած ասացվածքով…

  10. Մարգար Մախսուդյան says:

    Թիրախն ընտրված է, գրոհը՝ կազմակերպված, ասես մեկ կենտրոնից:
    Ստեղ են ասել՝ մենք քիչ ենք, բայց մեզ էս էլ ա շատ…

    • Արմ says:

      Հարգելի Մարգար
      Թերևս դուք ճիշտ եք: Եւս մեգ անգամ աչքի անցկացնելով բոլոր մեկնաբանությունները,ես նույնպես նկատեցի, որ բոլորի կողմից անտեսվել է պարոն Օսկանյանի մեծ ու հայրենանվեր գործերը: Դուք իրավամբ արժանացաք այդ բացթողումը լրացնելու պատվին: Կարծում եմ դուք այնքան լավ կներկայացնեք դրանք, որ բոլոր մեկնաբանություններն ու բացասական կարծիքները միանգամից կմղվեն երկրորդ պլան:

      • Համլետ says:

        Հարգելի Արմ, Դուք ,,հայրենանվեր,, բառի իմաստը՝ Օսկանյանի պարագայում հասկացելել ու մեկնաբանել եք որպես օտարներին ու շնագայլերին ,,Հայրենիք նվիրո՞ղ,,…

        • Արմ says:

          Հարգելի Համլետ
          Ես իմ մոտեցումները բավականին հստակ արդեն ներկայացրել եմ իմ նախորդ մեկնաբանության մեջ, որից հետևություն անելը կարծում եմ դժվար չէ: Խոսելով / մեծ ու հայրենանվեր / գործերի մասին, արտահայտել եմ պատրաստակամություն լսելու բոլոր արգումնտեները, / որոնք կարող է ներկայացնել հարգելի Մարգարը / և ընդունել իմ մեղքի բաժինը միակողմանի քննադատության մեջ:

      • Մարգար Մախսուդյան says:

        Արմ ջան, չեմ կարծում, թե այս միջավայրում նպատակահարմար կլինի ներկայացնել Վարդան Օսկանյանի պես քաղաքական գործչին, դուք միայն տեսեք թե ովքեր են ՛՛դատավորները՛՛: ՄԻնչև արմունկները արյան մեջ թաթախված մարդիկ և նրանց ժամցուցային կկուները իրարից առաջ ընկնելով մատնակոխ են անում 2008-ի մարտի մեկի նրա ելույթը, փորձելով իրականացնել մի յուրատեսակ շեղման մանեվր, այն դեպքում, երբ այդ օրը ժողովրդին ուղերձով պարտավոր էին դիմել բոլորովին այլ դեմքեր, զորօրինակ՝ վարչապետը, արդարադատության նախարարը, ոստիկանապետը և այլք: Ի դեպ՝ ուղերձի մասին. ՀՀ Սահմանդրությունը սահմանում է ՀՀ Նախագահի պարտականություններից մեկը.
        Հոդված 55. Հանրապետության Նախագահը՝
        1) ուղերձով դիմում է ժողովրդին և Ազգային ժողովին.
        Երբևէ լսել ե՞ք գործող նախագահի ուղերձը, /մի կողմ թողնենք տոկոս խփելու, թարս խիյարի, նրա դանդաղ շտապելու իմաստուն մարտավորությունը/, ես անձամբ՝ չեմ լսել:
        Իսկ ինչ բերաբերում է սույն հոդվածի այժմեականությայնն ու հրատապությանը, ապա դժվար չէ պարզել, բավական է այցելել այստեղ.
        Խոստում և իրականություն 1.
        https://www.youtube.com/watch?v=MSdmWm60Lq0&list=PLD7E850A9E7627B7E&index=2
        Խոստում և իրականություն 2.
        https://www.youtube.com/watch?v=zBNqe2-FV3g&list=PLD7E850A9E7627B7E&index=1
        ինչպես նաև https://www.youtube.com/watch?v=L8J5P4olGzE ՛՛Քո գրպանից՝ զուգարանի թղթին՛՛ և այս շարքից շատ ու շատ այլ հաղորդագրություններ:

        • Արմ says:

          Մարգար ջան
          Լիովին կիսում եմ ձեր արտահայտած կարծիքը այն երևույթների մասին, որը դուք ներկայացրեցիք:
          Սակայն, հուսով եմ , որ մեր այս պատահական բանավեճի մասնակիցների մեջ չեք փնտրում դատավորներ և մինչև արմունկները արյան մեջ թաթախված այն մարդկանց, որոնց մասին խոսեցիք: Հետևաբար ազատ եղեք ձեր կարծիքը հայտնելու մեջ և ներկայացրեք պարոն Օսկանյանի կողմից կատարված այն դրական քայլերը, որոնք կարող են իրական հակակշիռ լինել բոլոր բացասական կարծիքներին և ինչու չե, նաև փոխել այդ բացասական կարծիքները:

  11. Համլետ says:

    Այս հոդվածում Աբրահամյան Արամը շատ տրամաբանական մտքեր է ասում:Խաչատրյան Վահագնի քաղաքապետության տարիներին ես աշխատել եմ այդ համակարգում:Լավ քաղաքապետ էր՝ բոլոր առումներով…Օսկանյանը հավասարապես կիսում է քոչարյանական ժամանակաշրջանի՝ Հայաստանին ու Արցախին հասցրած ահռելի վնասների ողջ պատասխանատվությունը:Ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի:

  12. Մուշեղ says:

    Շատ իրավացի եք պարոն Աբրահամյան, կողմ եմ ամեն մի տողին ձեր գրածի մեջ: Շատ լավ հիշում եմ մարտի մեկի երեկոյան, երբ գտնվում էի արտերկրում ու հյուրանոցի հեռուստացուցի էկրանից տարբեր ալիքներով սփռվում էր այն ինչ տեղի էր ունենում մայրաքաղաքում… BBC և մյուս հեռուստաընկերություններին Սալբի Ղազարյանի մեկնաբանություններն եմ հիշում որ ասում էր մի խումբ մարդիկ ցույց են անում ու ոչ մի ոստիկանական օպերացիա չի իրականացվում, ոչ մի ջարդ չի իրականացվում ամեն ինչ նորմալ է… գետինը մտնելու չափ ամոթ է ամոթ, որ այս մարդիկ դեռ երես ունեն հիմա զոհի դերում հանդես գալ: Պետք է հստակ գիտակցեն որ իրոք իրենց ստեղծած հրեշն է այսօր իրենց իսկ կուլ տալիս…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031