Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշտոցի գործի առեղծուածը

Հունիս 01,2013 12:35

Նուիրում եմ մայրենիի՝ լեզուի ու խօսքի Մաքրութեան հաղորդաշարերի հեղինակներ Արտեմ Սարգսեանին եւ Հենրիկ Յովհաննիսեանին:

Սկիզբը

Կարեւոր է շեշտել, որ մինչեւ մաշտոցեան գրերի ստեղծումը, հայոց  հին գրերի հետ կապուած՝ վերը նշուած նախապատմութիւնը երբէք չէր կարող դոյզն իսկ նուազեցնել Մաշտոցի գործի արժէքը: Որովհետեւ. նրան փառք բերած գործունէութիւնը հետեւեալում էր.

—Մաշտոցը գիտութեան մարդ լինելով, հետաքրքրուած էր  ոչ թէ ամէն գնով հեղինակային  փառքի տիրանալու պատուախնդրական սին մղումներով, այլ (Խորենացու ձեւակերպումով) հայոց հին գիրը փնտրել-գտնելու իր իսկ փափագով: Նա լաւ գիտակցում էր, որ գտնուած գիրը իր ժողովուրդի մշակոյթի կարեւորագոյն կռուանն է: Այլապէս անհետ կը կորչէին հին հայերենի հետքերը, կը խզուէր սերունդների կապը: Չենք կասկածում, որ եթէ չլինէր հայոց հին գրերի գոյութիւնը վկայող դանիելեան գրերի հարցը, Մաշտոցը կը ստեղծէր ի՛ր գրերը, ինչպէս դա արեց դրացի Վրաց երկրի ու Աղուանքի ժողովուրդների համար:  Կարծում ենք, որ Մաշտոցը, ըստ երեւոյթին, աւելի կարեւորել է՝

Ա)  իր ժողովուրդի նախասկզբնական մշակոյթի հիմքը համարուող  գրաստեղծութեան գոյութեան բուն փաստի հիմնաւորումը,

Բ) Հայոց հին գործածական այդ գրի յարատեւութեան, վերագործածման եւ պահպանման գործօնը,

Գ) Մեր հնադարեան այդ գրահամակարգին տէր կանգնելու եւ ժառանգելու իրաւունքի  իրականացումը,

Դ) Այդ ժառանգած ազգային գրի  շարունակականութեան ապահովումը,

Ե) Այս բոլորը՝ յանուն հայոց ունեցած գրային համակարգ(եր)ի միասնականութիւնը վերականգնելու իր տեսլականի իրագործումը:

Հետեւաբար, ժողովրդի համար չէր կարող լինել աւելի մեծ գործ, քան  այս նկատառումների ապացուցումը կամ դրանց  իրականացումը,  ինչին ի վերջոյ հասաւ մեծ գիտնականը: Միայն այս նպատակի համար նրա տքնանքը բաւական էր, որ նրան ազգ կերտող հանճարի փառքով պսակէին:

Մինչդեռ, նա արեց է՛լ աւելին՝

—Մաշտոցը իր փնտրտուքների արդիւնքում գտած հին հեթանոսական հայոց գրերի մնացորդ համարուող դանիելեան գրերի պակասը լրացրեց, դրանց անհետացած հնչոյթները որոշեց, տառերին անուններ ու թւային արժէքներ շնորհեց եւ որոշակի կարգով դասաւորեց,  դրանք կապեց ու վանկեր (սիղոբաներ) կազմեց, սահմանելով դրանց հնչիւնակապակցութիւնների եւ ուղղագրական մի քանի ելակէտային կանոնները: Ահա, այս ամէնի արդիւնքում նա արդէն  կարողացաւ ստեղծել  հայոց լիակատար նոր այբուբենը: Այդ այբուբենը, շնորհիւ իր կատարելութեան ու կատարեալ ինքնատիպութեան, հին մատենագրութեան մէջ համարուել է աշխարհի առաջին ա՛յն վեց նախաստեղծ այբուբեններից մէկը, որոնք եղել են  լրիւ ինքնուրոյն եւ վերցուած չեն ուրիշներից: Այդպիսին  են համարուել՝ Աքքադի (բաբելա-ասորականը, փիւնիկեանը), եգիպտականը, եբրայականը, յունականը, լատինականը եւ մաշտոցեան հայկական այբուբենը (միւսները, օրինակ՝ ռոմանական լեզուներից ֆրասիականի,  իսպանականի, իտալականի այբուբենները կազմուած են միեւնոյն հիմքի՝ լատիներէնից վերցրածով, սլաւոնական ժողովուրդների ընդհանրական գիրը կազմուած է գլխաւորապէս յունական հիմքով, իսկ  արաբական  աւելի քան մէկ եւ կէս տասնեակ երկրներինը՝ միեւնոյն սեմական հիմքից են): Հետաքրքրական է, որ  հնադարեան մատենագիրների համոզմամբ  աշխարհի այբուբեններից աստուածային ծագում ունեն միայն երկուսը՝ հրեականը (Մովսէսի բերած աստուածային պատուիրանների տախտակը) եւ Մաշտոցի ստեղծածը՝ «Աստծոյ թաթի» տեսիլքային  միջնորդութեամբ: Տարբերութիւնն այն էր, որ հրէաները թշնամաբար դիմաւորեցին եւ կոտրեցին Մովսէսի տախտակը, իսկ հայերը՝ թագաւորից ու կաթողիկոսից մինչեւ ռամիկ ժողովուրդ, ցնծութեամբ դիմաւորեցին Մաշտոցին:

—Մաշտոցի ստեղծած  գրաբանական համակարգը՝ (այբուբենը, ուղղագրական կարեւոր կանոնների սահմանումը   եւ լեզուա- քերականական դրուածքը), այնքան կատարեալ էր, որ դարերի ընթացքում փոփոխման ենթարկելու կարիք չզգացուեց եւ անթերի ծառայեց տարբեր դարաշրջաններում մեր լեզուական բանաւոր խօսքի բոլոր գրական ճիւղերին: Այդ գրահամակարգը կարողացաւ գրաւոր արտայայտել նոյնիսկ մեր բազմաբարբառ խօսուածքները:

—Մաշտոցեան  գրահամակարգը նաեւ այնքան կենսունակ էր, որ ո՛չ միայն ապահովեց յետագայ դարերում հայ գրականութեան ու գիտութեան զարգացումը, այլեւ այդ գրահամակարգով հնարաւոր էր լիարժէք հաղորդակցուել արտաքին աշխարհի հետ, ապահովելով նաեւ գիտական տարբեր ճիւղերի ամենաբարձր մակարդակին  համարժէք  հայերէնով  տեղեկատւութիւնը:

—Մաշտոցը այն լուսաւոր հանճարն էր, ով հանդիսացաւ քրիստոնէական դարաշրջանի հայոց ազգի նոր գրի ու դպրութեան ստեղծողը, առաջին այբբենարանի հեղինակը, առաջին ուսուցիչը եւ առաջին թարգմանիչը:

—Մաշտոցը, մինչեւ գրաստեղծմանն անցնելը, նաեւ առաջինն էր, ով միայնակ կարողացաւ ամբողջապէս  ուսումնասիրել լեզուների մէջ  իր բարդ իւրայատկութեամբ յայտնի հայերէնի հնչիւնաբանութիւնը  (լեզուագիտական առանձին ճիւղ) եւ հիմնովին համակարգել մեր լեզուի բաղաձայն եւ ձայնաւոր հնչական կազմը, մի գործ, ինչն այսօր մի ամբողջ գիտական կոլեկտիւի աշխատանք է համարւում: Փրոֆ. Էդ. Աղայեանի  իրաւացի բնորոշմամբ Մաշտոցը՝ իր ժամանակի ականաւոր գիտնականը, ոչ միայն լեզուագէտ էր, այլեւ հնչիւնաբան, ով տիրապետում էր հայերէնում տարբեր խօսուածքների եւ ընդհանուր հնչական համակարգին, մեր լեզուի քերականական կառոյցին, դրանց հիման վրայ սահմանելով իր   եզակի ուղղագրութիւնը:

—Մաշտոցը իր գրաբանական գործունէութեանը զուգահեռ, երկրի տարբեր գաւառներում շրջելու եւ ուսուցչական գործունէութիւն ծաւալելու ընթացքում նաեւ քարոզում էր քրիստոնէութիւնը եւ յընթացս պատրաստում հոգեւորականներ, ինչը, մեր կարծիքով, ուղղուած էր ոչ միայն կամ՝ ոչ այնքան եկեղեցական սպասաւորներ պատրաստելուն, որքան ապագայ դպրոցների համար ուսուցիչներ ապահովելուն:

—Մաշտոցի  գործունէութեան  գնահատման մէջ պիտի ուզէինք շեշտել եւս մի հանգամանք: Յայտնի է, որ Քրիստոնէութիւն ընդունելը երկրում ուղեկցուեց նաեւ հեթանոսական որոշ արժէքների ոչնչացումով (թերեւս  եկեղեցին չհամաձայնի մեզ հետ), ինչպէս օրինակ, պաշտամունքային կոթողները ոչնչացնելով եւ այդ տեղերում եկեղեցիներ կառուցելը, քրմերին հալածելը, նրանց մօտ եղած հնագիր մատեանները անհետացնելը եւայլն: Մինչդեռ Մաշտոցը իր փնտրած դանիելեան գրերը գտնելուց յետոյ, Գողթն գաւառում յատուկ հանդիպելով քրմերին, փորձել եւ յաջողել է գտած դանիելեան գրերը համեմատել քրմերի ունեցած մատեանների մէջ եղած հայոց հին գրերի հետ: Եւ ահա, Մաշտոցը մեր հնագոյն ու նոր (իր ժամանակի) մշակութային ժառանգութեան շարունակականութիւնը կեանքի կոչելու փաստով, որոշ չափով չեզոքացրեց նախաքրիստոնէական արժէքների կորուստի մասին եկեղեցուն ուղղուած ամբաստանութիւնները:

—Մաշտոցի շրջագայութիւնների առաջին հանգրուանը գուսանական արուեստով փայլող Գողթն գաւառում, թերեւս նպաստեցին Մաշտոցին՝ խորամուխ լինելու հայ տոհմիկ երգարուեստի նրբին ծալքերին, ինչը զգացուեց նրա ստեղծած հոգեւոր շարականներում:  Նա սկզբնաւորեց 5-րդ դարի մեր միջնադարեան հոգեւոր երաժշտութիւնը:  Եկեղեցու պատարագներում հնչուած մաշտոցաստեղծ  շարականներից, սաղմոսներից շատերը գնահատւում են որպէս ժողովրդական երգի ակունքներից սերուած երգարուեստ: Եւ այսօր տեղի է ունենում նաեւ հակառակ գործընթացը՝  հոգեւո՛ր երգի ազդեցութիւնը մերօրեայ երաժշտական գործերի եւ երգարուեստի վրայ:

Սակայն Մաշտոցը նախ եւ առաջ քաղաքագէտ գործիչ էր:  Երկրի պատմութեան խառնակ ժամանակներում, երբ Հայաստանի հպատակաբաժանման ու պետականութեան կորստի, նաեւ սեփական բանակի բացակայութեան պայմաններում Բիւզանդիոնի ու Պարսկաստանի տիրապետութեան տակ ծագել էր ազգաձուլման իրական վտանգը, երբ նոր քրիստոնէացած  երկրի համար եկեղեցու ասորերէն եւ յունարէն պատարագների իմաստը անհասանելի էր ժողովրդին (ինչը, անշուշտ, խոչընդոտում էր քրիստոնէական հաւատքի տարածմանը), երբ արքունիքի գրագրութեան գիրը յունատառ էր,–մէջտեղ էր դրուած երկրի ու եկեղեցու ինքնութեան պահպանման գերխնդիրը: Մաշտոցի լուսաւոր միտքը գտաւ այդ պայմաններում դրութիւնից դուրս գալու, ազգակործանումը կասեցնելու միակ իրական ու ամենաարդիւնաւէտ տարբերակը, այն է՝ պահպանել լեզուն՝ նրան  ազգային գիր շնորհելու միջոցով: Նրա  հեռատեսութիւնը յուշում էր, որ թագաւորազուրկ եւ անզէն հայրենիքի փրկութեան միակ յոյսը ազգային արժէքների յարատեւման մէջ է: Յիրաւի, ծրագրուած նոր ստեղծուելիք լեզուապահպան գիր ու գրականութեան միջոցով միա՛յն կարելի է ապահովել  ունեցած սեփական մշակոյթի եւ աւանդութիւնների յետագայ պահպանումը, զարգացումը եւ  փոխանցումը յաջորդ սերունդներին, իբրեւ գոյապահպանման հնարաւոր եւ մատչելի լուծում  (ինչպէս միշտ, լեզուապահպանումը այսօր էլ համարւում է ազգային անվտանգութեան հիմնարար գործօն): Մաշտոցը գիտակցում էր, որ գիր չունեցող բանաւոր լեզուները աւելի շուտ են ենթակայ ձուլման կամ վերացման  եւ իզուր չէ պատմաբան Մանանդեանի պնդումը, թէ՝ լեզուի, կրօնի ու մշակոյթի պահպանման համար հայ ժողովուրդը պարտական է ոչ միայն ապստամբած ժողովրդի (Վարդանանց) արիութեանը, այլեւ աւելի շատ՝ հայ գրի ու լուսաւորութեան այդ մեծ տարածողին: Ճիշդ են ասում, թէ Մաշտոցի 36 զինուորները հային հասցրեցին մինչեւ այսօրը:

—Իրաւացի է այն կարծիքը, թէ՝ քաղաքագէտ-գիտնական Մաշտոցը պարսիկների դէմ պայքարում իր երկրի հիւսիսային կողմի ապահովութիւնը աւելի իրական եւ ամուր դարձնելու համար ստեղծեց նաեւ Աղուանքի ու վրացիների գիրը,  նրանց մէջ եւս քրիստոնէութիւնը մայրենիով արագ տարածելու, կղզիացած չմնալու, մեր դրացիական կապերը ամրապնդելու եւ դրանով  նրանց մեզ հետ համադաշնակից դարձնելու համար: Կորիւնը վկայում է, թէ՝  Մաշտոցը վրացիների գիրը ստեղծելով, «առանձին եւ անջատ-անջատ լեզուներով խօսող այդ վրացիներին համախմբեց, վերածեց մէկ ազգի»: Այդպիսով Մաշտոցը անդրկովկասեան երեք ժողովուրդների դպրութեան ու մշակոյթի զարգացմանը նպաստելու իր նախաձեռնութեամբ ստեղծեց լայն ճակատ՝ ընդհանուր թշնամու դէմ: Յետագայում արաբների, պարսիկների եւ քոչուոր այլ ցեղերի դէմ այդ տարածքի երեք երկրների միասնական համատեղ պայքարի բազում օրինակներ ունեցանք:

—Մաշտոցը իր այբուբենի ուսուցումը սկսեց՝ նախ «մարաց կողմերն» անցնելով: Դա Նախիջեւանի, Գողթնի, Արցախի կողմերն էր: Նպատակը սոսկ այն չէր, որ այդ կողմերում հեթանոսութիւնը  եւ քրմերի  ունեցած ազդեցութիւնը աւելի ուժեղ էր եւ պէտք էր քրիստոնէութիւնը տարածել: Նպատակը քաղաքական էր,  այն է՝ սահմանային մերձակա հայկական գոտին  ուժեղացնել՝ պարսկական  ազդեցութեան եւ ոտնձգութիւնների դէմն առնելու համար: Յաջորդ քայլով Մաշտոցը անցաւ արդէն գրեթէ  հռոմեական մարզի միաւոր դարձած Բիւզանդական Հայաստանի ապահովագրմանը՝ ընդդէմ յունարէն դպրոցի կողմից առաւել արագ ձուլող քաղաքականութեան: Մաշտոցը  գիտէր, որ Բիւզանդիան դէմ էր իր գոտիի մէջ հայկական լեզուի ու դպրութեան ուժեղացմանը, սակայն չէր կասկածում, որ կայսրը կը թոյլատրի իրեն հայկական դպրոցներ բանալու, պարզապէս վախենալով պարսից կողմի հետ հայերի հնարաւոր մերձեցումներից:

Այսպիսով, Մաշտոցի խորաթափանց քաղաքականութեան շնորհիւ պարսիկներին ու յոյներին չյաջողուեց  պետականութիւնից զուրկ հայերին ձուլել: Եւ ինչպէս ամէն անգամ, այսօր նոյնպէս, երբ մեր ազգային ինքնութեան կորուստի վտանգի առաջ ենք յայտնւում, մենք ազգովին պէտք է դիմենք փորձութեան պահին մեր պատմութեամբ արդարացուած, ազգափրկիչ Մաշտոցեան դասին:

Ահա սրանցում է կայանում գիտնական եւ քաղաքագէտ  Մաշտոցի սրբացման փառքի յարատեւման գաղտնիքը:  «Խաւարն անիծելու փոխարէն մի մօմ վառիր» (սպարապետ Վազգէն Սարգսեանի ասոյթը): Մաշտոցը ջահ վառեց՝ իր ժողովրդին խաւարից դէպի լոյս առաջնորդելու համար: Սա էր Մաշտոցի գործը. իսկ դա պահպանելն ու սերունդներին ժառանգելը, մանաւանդ համաշխարհնացման այս օրերում՝ մե՛ր գործն է: Ահա թէ ինչու, պարտաւոր ենք միշտ յիշել Մաշտոցի յիշատակի յանդէպ Պ. Սեւակի (եւ մեր) յանձնառութիւնը՝

Ու մենք փոքրերս ու Մեծդ մի օր

Հաւասարւում ենք, դառնում աջակից,

Դու գործն ես արել, մենք յանձն ենք

առել:

Տէր լինենք այդ յանձնառութեանը:

ՆՇԱՆ ՈՐԲԵՐԵԱՆ

(«Մեսրոպեան Ուխտ» լեզուապահպանական միութիւն)

ՌՈՏ-ԱՅԼԸՆՏ, (ԱՄՆ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930