
Լեւոն Բաղդասարյանը հիշեցրեց, որ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը նախաքննության ընթացքում առերեսման ժամանակ Հայրիկյանից հայցում էր ներողամտություն, խնդրելով, որպեսզի վերջինս ներողամիտ լինի՝ հաշվի առնելով, որ ընտանիք եւ փոքր երեխա ունի, որ ոչ մի անձնական խնդիր չունի Հայրիկյանի հետ եւ որ մյուս ամբաստանյալի ցուցումով է կատարել հանցագործությունը՝ գումարի համար, իսկ դատարանում փոխեց իր ցուցմունքը: Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչը իր ճառում անդրադարձավ նաեւ մահափորձի կազմակերպչին՝ Սեդրակյանին, ասելով. «Մեր կարծիքով, այս քրեական գործով ներգրավված ամբաստանյալները այս մահափորձի հետ կապված են այնքանով, որքանով այն առնչվում է նյութական կողմին: Դա է պատճառը, որ յուրաքանչյուրին իր նյութականն ավելացնելու ձգտումը բերեց քաղաքական գործչի մահափորձն իրականացնելուն, մոռանալով, որ Հայրիկյանը եւս ընտանիք եւ երեխա ունի եւ իրենց տարիքի չափ քաղաքական կենսագրություն»:
Անդրադառնալով այս գործով քաղաքացիական հայցին՝ Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ գործում առկա է առողջապահության նախարարության մայիսի 24-ի գրությունը, որով տեղեկացվել էր, որ նախագահի թեկնածու Հայրիկյանի բուժման իրականացումն առնչվում է հրազենային կրակոցներից ստացված մարմնական վնասվածքների հետ: Գործում, ի դեպ, առկա է Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքի «ձեռքի եւ վերին անդամի վիրաբուժության բաժանմունքի» բժիշկ Ան Լեժանի մասնագիտական գրությունը, համաձայն որի՝ հետվիրահատական բուժումները տեւելու են երկար, եւ 2 տարի անց անհրաժեշտ է լինելու նոր վիրահատություն: Ի դեպ, անդրադառնալով կառավարության կողմից Հայրիկյանի առաջին վիրահատության ծախսերը լուծելու խնդրին, ներկայացուցիչը տվեց այն հարցը, որը շահարկվում է, այն է՝ որքան՞ով է իրավաչափ հայց ներկայացնել դատարան: «Օրենսդիրը իրավունք է վերապահել տուժողին փոխհատուցում պահանջել այն անձանցից, ում կողմից կատարված հանցագործության պատճառով վերջինս վնաս է կրել: Օրենսդիրը չի արգելում պահանջել վնասի փոխհատուցում: Ըստ պաշտպանի, «20 արծաթ ստանալու» համար, այն է՝ նյութական շահի ակնկալիքով է եղել այս հանցագործությունը: Նա դատարանին խնդրեց, որ եթե ապացուցված չէ վերջիններիս մեղքը, թող դատարանն այն գնահատի ի նպաստ ամբաստանյալների:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































