Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստաընկերությունները ակտիվիստների բոյկոտը անհիմն են համարում

Օգոստոս 08,2013 14:18

Հուլիսի 31-ին Մաշտոցի պուրակի Հանրային ժողովին, որին ժամանել էին մասնակցելու նաև Հանրային խորհրդի որոշ ներկայացուցիչներ, ակտիվիստները թույլ չտվեցին Հ1, «Արմնյուզ» և «Շանթ» հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին նկարահանել ժողովը։ Քաղաքացիական շարժման ներկայացուցիչների հիմնական պնդումն այն էր, որ վերոնշյալ հեռուստաընկերությունների գործունեությունն ուղղորդված է, ինչը ոտնահարում է ազատ խոսքի իրավունքը: Ըստ ակտիվիստների՝ հեռուստաընկերությունները հաճախ խեղաթյուրում են փաստերն ու վարկաբեկում քաղաքացիական շարժումները:

«Առավոտը» հեռուստաընկերություններից հետաքրքրվեց՝ արդարացի՞ են այս հիմնավորումները, և ինչպե՞ս են գնահատում այն փաստը, որ այդպես էլ լրագրողներին թույլ չտրվեց լուսաբանել Հանրային ժողովը:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Գևորգ Ալթունյանը մեր հարցմանը գրավոր պատասխանեց. «Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծառայությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ սկսված քաղաքացիական ակցիաների ամբողջ ընթացքում կատարել է իր գործառույթները և լուսաբանել գործընթացը հնարավոր բոլոր ձևաչափերով` լրատվական թողարկումներում, «Տեսանկյուն» և «Հարցազրույց» հաղորդաշարերով: Խոսել լուսաբանման «ուղղորդված» լինելու մասին՝ ուղղակի անհեթեթ է: Հետևաբար` Մաշտոցի պուրակում նախաձեռնած քննարկման կազմակերպիչների` տեսանկարահանումն արգելելու հիմնավորումը հորինված է: Բայց նույնիսկ եթե Ձեր կողմից նշված` ակտիվիստների պնդումները հիմնավոր լինեին, դա որևէ պարագայում որևէ մեկին իրավունք չէր կարող վերապահել արգելել զանգվածային լրատվամիջոցի աշխատանքը հանրային տարածքում: Հիշեցնեմ, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելը օրենքի խախտում է»:

«Շանթ» հեռուստաընկերության լուրերի բաժնի վարիչ Աղասի Հունանյանն էլ «Առավոտի» հարցմանը գրավոր պատասխանեց. «Լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը թե օրենքի և թե մի շարք այլ նորմերով արգելվող լկտի, գռեհիկ երևույթ է՝ անկախ այն բանից, թե ում կողմից և ինչ պատրվակով է արվում: Անդրադառնալով պատրվակին. հիշյալ ակցիան մեկնարկի օրից մինչև ավարտը մեր լրատվության թիվ մեկ իրադարձությունն է եղել: Այժմ էլ շատ հանգիստ կարելի է մտնել «Շանթի» պաշտոնական կայքէջ և «Հորիզոնի» թե հիմնական և թե «Կիրակնօրյա» վերլուծական թողարկումները դիտելով` համոզվել լուսաբանման անաչառության աստիճանի հարցում: Այդպիսի խնդիր չէր կարող լինել. ուղղակի մի խումբ նյարդային երիտասարդների հավանաբար չէր բավարարել իրենց` կադրում հայտնվելու աստիճանը, և նրանք որոշեցին խոչընդոտել: Ի դեպ, բավականին տեղին է հիշել հատկապես այն հանգամանքը, որ հուլիսի 31-ին Մաշտոցի պուրակում լրագրողների աշխատանքը խոչընդոտելը սուր քննադատության ենթարկվեց «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի բուն կազմակերպիչների և իրականացնողների կողմից»:

«Արմնյուզ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ակտիվիստների այդ արարքը արդարացում չի կարող ունենալ, ու մանրամասնեց. «Անկախ նրանից՝ ակտիվիստ ես, պետական պաշտոնյա, ոստիկան, թե զինվորական, դու իրավունք չունես արգելել, որ լրատվամիջոցը լուսաբանի քո արածը: Դա Սահմանադրության խախտում է, քանի որ լրագրողների ազատությունները, նույն խոսքի ազատությունը ամրագրված է Սահմանադրությամբ»:

Ակտիվիստների այն պնդումներին, թե նշված հեռուստաընկերություններն ուղղորդված են աշխատում և այլն, Գ. Նալբանդյանն այսպես արձագանքեց. «Դա իրենց անձնական կարծիքն է, իսկ յուրաքանչյուր ոք իրավունք ունի հայտնել իր անձնական կարծիքը: Քանի որ իրենք չգիտեն՝ ինչ բան է լրատվամիջոցը, կարող են ասել, որ ուղղորդված է աշխատում: Պարզապես յուրաքանչյուր ԶԼՄ ունի իր խմբագրական քաղաքականությունը. «Առավոտը» ունի իր քաղաքականությունը, «Արմնյուզը»՝ իր, Հ1-ը՝ իր, և յուրաքանչյուր լրատվամիջոց իրադարձությունը լուսաբանում է իր քաղաքականությանը համաձայն, և ոչ թե այնպես, ինչպես իրենք են ցանկանում»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ani says:

    Իսկ ինչ արդարացում կարող է ունենալ արդեն տաս տարի շարունակ հեռուստաընկերությունների լրատվական ծառայությունների կողմից լկտիաբար խեղաթյուրված տեղեկատվություն տարածելը, մշտապես նախագահի աշխատակազմից ղեկավարվելը, ամեն մի ժողովրդավարական գործընթաց իրենց աղբանոց հիշեցնող եթերով ծաղրուծանակի ենթարկելը, մարդկանց ուղեղների լվացման գերխնդիր որդեգրելը: Իմ նախկին աշխատանքի 9 տարիները անցել են մի հաստատությունում, որն անմիջականորեն կապված էր էլեկտրոնային լրատվամիջոցների հետ: Եվ ով ով, բայց ես հո լավ գիտեմ, որ նույնիսկ լուրերի հերթականությունը, լուսաբանումների ծավալն ու մնացած ամեն դետալ հրահանգվում է նախագահի աշխատակազմից: Ձեր նման ծախու լրատվամիջոցներին վաղուց էր պետք բոյկոտել: Ձեզ լրատվամիջոցներ անվանելն էլ է շատ, դուք սերիալ արտադրող ստուդիաներ եք

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031